
Հունվար-սեպտեմբերին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները 2.6 անգամ աճել են
2022 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբերին) արտասահմանից Հայաստան է ուղարկվել 81 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ օգնության ծավալն աճել է 2.6 անգամ:
Դա տեղի է ունեցել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի հաշվին: Իսկ ավելի պարզ ասած՝ խոսքը մեծապես դեղորայքի մասին է: Նշված տողով այս տարվա ինն ամսում Հայաստանը 68 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 3.6 անգամ աճել է:
Հայաստանը նաև մեքենաներ, սարքավորումներ, մանածագործական իրեր է ստանում, ինչպես նաև արդյունաբերական տարատեսակ ապրանքներ: Սակայն, առյուծի բաժինը դեղագործական ապրանքներն են զբաղեցնում:
Թեև մանածագործական իրերի ծավալը համեմատաբար մեծ է, սակայն նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ այն նվազել է 27.5%-ով: Մեքենաների և սարքավորումների ծավալն աճել է 61.7%-ով:
ԱՄՆ, Իսպանիա, Հնդկաստան. Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկած երկրների առաջին եռյակը
2022 թվականի հունվար-սեպտեմբերին ամենամեծ ծավալի մարդասիրական օգնությունը Հայաստանը ստացել է ԱՄՆ-ից՝ մոտ 25 մլն դոլար, որը կազմում է ստացված ամբողջ օգնության 30.6%-ը: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ԱՄՆ-ից ուղարկվող օգնության ծավալն աճել է 3.1 անգամ:
Հաջորդում են Իսպանիան (17.7%) և Հնդկաստանը (9%): Իսպանիայից օգնությունն ավելացել է 3.7 անգամ, իսկ Հնդկաստանից՝ 31.7 անգամ:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնության 46.1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին, 0.4%-ը՝ ԱՊՀ-ին, իսկ 53.5%-ը՝ մնացած բոլոր երկրներին միասին:
Մեկնաբանել