HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Երկիրը» հիմնավորեց «կազինոների մշտական հաճախորդ» արտահայտությունը

Իսկ ԱԺ 1630 նիստից չի մասնակցել 1371-ին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում ավարտվեց «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի» գործի ապացույցների հետազոտումը:  

Հայցվոր կողմը պնդեց իր հայցապահանջը, որով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և պատճառված բարոյական վնասի ու դատական ծախսերի համար վճարել 3 մլն 568 հազար դրամ:

Հիշեցնենք, որ պատգամավորին վիրավորել են  «Երկիր» օրաթերթի այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո տպագրված հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ նրա, «ստահոդ» են և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես, պատգամավորը վիրավորական է համարում «ստիլյագ», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով», «աղջիկներ է տանում-բերում», «հայտնի է նաև որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» և այլ արտահայտություններ:

Նիստի ընթացքում Արզաքանցյանի շահերի պաշտպան Վահե Հովսեփյանը, փորձելով հիմնավորել իր պնդումները, հղում կատարեց ՀՀ օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին և ևս մեկ անգամ հաստատեց, որ թերթում տեղ գտած վիրավորական արտահայտությունները հիմնված են «մտացածին» փաստերի վրա և պետք է հերքվեն: 

«Երկիրի» ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը ապացույցները ներկայացնելիս նույնպես հղում կատարեց ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին` նշելով, որ լրագիրը իրավունք ունի սուբյեկտիվ եզրահանգումներ կատարելու, որոնք հիմնված են փաստերի վրա:

«Երկիրի» ներկայացրած փաստերի թվում էին այլ թերթերում տեղ գտած հրապարակումներ, որոնց հիման վրա թերթը եզրահանգումներ է արել:  Նշվեց այլ դատական գործով պարզված հանգամանքը, համաձայն որի պատգամավորը հաճախել է միևնույն խաղատուն 33 անգամ,  ինչպես նաև ԱԺ աշխատակազմից ստացված պատասխանը, համաձայն որի Արզաքանցյանը 2007 թ. սեպտեմբերից սկսած ԱԺ1630 նիստից բացակայել է 1371 անգամ:

Դատավոր Ռ. Ափինյանը հարցրեց փաստաբան Հովսեփյանին, թե արդյոք վերջին փաստը իրավունք չի տալիս թերթին եզրահանգելու, որ պատգամավորը նիստերին «հազարից մեկ» է հաճախում: Սակայն, ըստ փաստաբանի, նույնիսկ այդ փաստը թերթին իրավունք չի տալիս այդ մասին գրել:

Պատասխանելով այս պնդմանը և պատգամավորի ուղարկած հերքման նամակում տեղ գտած «թերթը բարոյական իրավունք չունի» արտահայտությանը` «Երկիրի» խմբագիր Բ. Եսայանը հակադարձեց, որ իրենք, այնուամենայնիվ, «ունեն բարոյական իրավունք» և պատրաստվում են ուշի-ուշով հետևել պատգամավորի քայլերին ու դրանց մասին տեղեկացնել հասարակությանը:

«Ստիլյագ» եզրի վիրավորական լինելը քննարկելիս դատավորը մեջբերեց ռուս դասական Ալ. Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունից մի հատված` «Острижен по последней моде; Как dandy лондонский одет; И наконец увидел свет...» և նշեց, որ նույն տրամաբանությամբ կարելի է «դենդի» բառը համարել վիրավորական: Դատավորը փորձում էր պարզել` գուցե ըստ փաստաբանի և նրա վստահորդի «ստիլյագ» բառը օգտագործվել է ծաղրելու նպատակով, և դա է համարվել վիրավորական: Փաստաբանը պատասխանեց` նաև դա:

Դատարանը մանրամասն քննեց պատասխանող կողմի ներկայացրած բոլոր ապացույցները, այդ թվում նաև` թերթերի հրապարակումները և դատաքննությունը հայտարարեց ավարտված:

Լրագրողների հարցին, թե ինչու է պատգամավորը թերթից պահանջում փոխհատուցման առավելագույն չափ, Տիգրան Արզաքանցյանի փաստաբանը պատասխանեց, որ եթե սահմանը լիներ 10 մլն դրամ, ապա կպահանջվեր այդքանը:

Վ. Հովսեփյանը ակնկալում է հայցի բավարարում, իսկ ըստ Լ. Գրիգորյանի` դատական վեճի ելքն անկանխատեսելի է: Սակայն վերջինս հույս ունի, որ, այնուամենայնիվ,  խոսքի ազատության իրավունքը կպաշտպանվի:

Դատավճիռը կհրապարակվի հունիսի 8-ին, ժամը 13:00-ին:

Մեկնաբանություններ (4)

SYREN-ATENK
Aysor hay lragroxnern, irok, herosakan ashxatank en katarum` vtangelov irenc, inchpes naev @ntaniki andamnerin.Ayd lragroxneric mekn el Nikol Pashinyann e, vorn aysor, @ndamenn mi kani jam araj durs ekav Artiki berdic. BARI GALUST kez, NIKOL, menk anhamberutyamb enk spasel ko azatutyann, vorovhetev kez het mec huyser enk kapel, hamozvac enk, vor mez husaxab ches ani.
Անահիտ
Շնորհակալություն լրագրողներին, որ իրենց վտանգելով որոշ պատառիկներ են ներկայացնում օլիգարխների, մեծահարուստների ու պաշտոնյաների մասին: Սրանք էլ որ չլիներին, երեևի շատեր սիրտը կանգներ այս իրավիճակից: Կեցցեք, արդարությունը հիվանդացել է բայց չի մահացել, դուք շատ -շատերի հույսի ու հավատի փարոսն եք սիրելի լրագրողներ
Ashot
Պետք է ընդունել` ում էլ որ լակոտ ասեին, կամ ուրիշի անունից ,,մուտիլովկա'' անեին - այդպես կվարվեին: Գրելուց առաջ պետք է մտածեին որ նրա մեջքի հետևում 2000 հոգանոց կոլեկտիվ կա, վերջապես որ գրեցիք Բագրատյանի անունից թե կոնյակը լավը չի ու դրա հետևանքով 50000 շիշ պակաս առան ու բյուջետայինները քիչ աշխատավարձ ստացան դրանից ով կշահի?: Համենայն դեպս ես որ գրեի մարդուն կծելու լիքը ուրիշ ձև կա:
Varditer Minasyan
իմ կարծիքով լրագրողները պետք է հետևեն բոլոր պետական պաշտոնյաներին ու նրանց կյանքն ու կենցաղը լուսաբանեն ինչպես եվրոպայում են անում դա: եթե նրանք չեն ուզում իրենց անձնական կյանքը լուսաբանվի թերթերում, ոչ ոք նրանց չի խնդրել գրավելու պետական պաշտոն, թող հրաժարվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter