HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ամիս առանց Վարդանի ձայնի և ժպիտի

Վարդան Աբրահամյանը բանակ էր զորակոչվել 2022 թվականի հունվարի 12-ին, ծառայում էր Կապանի զորամասում։ Ուսումնական գումարտակում ծառայությունն առաջին անգամ մարտական հերթափոխի էր մասնակցել և մոտ մեկ ամիս դիրքերում անցկացնելուց հետո՝ օգոստոսի 27-ին արձակուրդ էր եկել։ Սեպտեմբերի 7-ին Վարդանը վերադառնում է ծառայության վայր և սեպտեմբերի 9-ին՝ իր ծննդյան 19-րդ տարեդարձի օրը, կրկին գնում է դիրքեր՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Սեպտեմբերի 13-ին Վարդան Աբրահամյանը զոհվում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով։

Վարդան Աբրահամյանը ծնվել է 2003 թվականի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Ընտանիքի միջնեկ զավակն էր, իրենից մեծ քույր և փոքր եղբայր ուներ։ Դպրոցն ավարտելուց մի քանի ամիս անց զորակոչվել է բանակ։ Վարդանի մայրը՝ Գոհար Աբրահամյանը, պատմում է, որ որդին երբեք ծառայությունից չի դժգոհել, երբեք նրա ձայնում անհանգստություն չի նկատել։ Վարդանը ծառայել է հրաձգային վաշտում, և ուսումնական փուլն ավարտելուց հետո սկսել է մարտական հերթափոխ իրականացնել։

«Առաջին անգամ բարձրացավ դիրքեր, երբ լրացավ ծառայության 6 ամիսը։ Երկրորդ անգամ բարձրացավ սեպտեմբերի 9-ին՝ իր ծննդյան օրը։ Զանգեցի, որ շնորհավորեմ, չվերցրեց հեռախոսը, մտածեցի, որ զբաղված կլինի։ Երկրորդ անգամ որ զանգեցի, վերցրեց, ասեցի՝ Վա՛րդ, խի՞ չես պատասխանում, ասեց՝ մա՛մ, զենք ենք ստանում, որ գնանք դիրքեր։ Ծնունդը շնորհավորեցի, ասեցի՝ հետդ քաղցր կտանե՛ք, ընդեղ էրեխեքով կուտեք, ասեց՝ հա՛, մամ ջան, կտանենք, բայց ծնունդս չեմ ուզում նշեմ, կգամ տուն կնշեմ»,- պատմում է Վարդանի մայրը։

Սեպտեմբերի 12-ին լրացել է Վարդան Աբրահամյանի ծառայության 8-րդ ամիսը։ Մայրը պատմում է, որ դիրքերում գտնվելու օրերին Վարդանը միշտ նույն ժամին է զանգահարել՝ հերթափոխի գնալուց առաջ, սակայն ամսի 12-ին նա սովորականից շուտ է զանգել, և ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այդ օրը նաև հոր հետ է զրուցել, քանի որ մինչ այդ երբեք հոր հետ հեռախոսով չէր խոսում։

«Այդ օրը զանգեց ժամը 7-ին։ Ախպերը վերցրեց, ասեց՝ մա՛մ, Վարդանն ա։ Հետը խոսեցի, բայց ոչ մի բան չասեց։ Հարցրի՝ Վա՛րդ, ինչի՞ ես էսօր շուտ զանգել, ասեց՝ էդպես ստացվեց մա՛մ։ Ինքը ինձ միշտ ժամը 9-ին էր զանգում, բայց էդ օրը շուտ զանգեց, երևի էրեխեքը գիտեին՝ ինչ ա լինելու։ Հոր հետ երբեք չէր խոսում, ինձնից էր հարցնում՝ պապան ոնց ա։ Բայց էդ օրը հոր հետ էլ խոսեց, զարմացա նույնիսկ։ Ախպոր հետ խոսեց։ Էրիկին (կրտեսեր եղբայրը, խմբ․) ասում էր՝ գա՛նձս, խելոք կմնաս, մամային կլսե՛ս։ Քույրն էլ էդ օրը աշխատանքի էր, չկարողացավ խոսել։ Ասում էր՝ մա՛մ, լավ եմ, կզանգեմ, բայց առ այսօր սպասում եմ իրա զանգին․․․ չկա։ Երկու ամիս ա՝ էրեխուս ձայնը չեմ լսել»,- պատմում է Գոհար Աբրահամյանը։

Սեպտեմբերի 13-ից Վարդանի հետ կապվել այլևս չի ստացվել։ Մայրը ասում է՝ հույս են ունեցել, որ գուցե անտառներում թաքնված են, և հենց առաջին իսկ հարմար առիթի դեպքում կզանգի, սակայն այդ սպասված զանգը չի եղել։ Հաջորդ օրը, երբ կրկին ոչ մի լուր չի եղել Վարդանից, նրա մորեղբայրները գնացել են Կապան՝ նրա մասին որևէ լուր իմանալու։

«Հաջորդ օրը, որ էլի լուր չկար, ախպերներս գնացին Կապան։ Սպասում էի, որ պետք ա զանգեն, ասեն՝ քու՛ր, գտել ենք էրեխուն։ Գտան, բայց լրիվ ուրիշ վիճակում․․․ախպերս զանգեց, բայց չասեց, թե ոնց ա գտել էրեխեուն։ Եկավ տուն, ասեց՝ քու՛ր, էրեխեն չկա, չկա Վարդանը։ Ես չեմ գնացել, ամուսինս չի գնացել, եղբայրներս են գնացել, գտել։ Առ այսօր էլ չգիտեմ, թե իրան ինչ վիճակում են գտել»,- ասում է Գոհար Աբրահամյանը։

Գոհար Աբրահամյանի եղբայրը՝ Գուրգեն Մկրտչյանը պատմում է, որ սեպտեմբերի 14-ին գնացել են Կապանի զորամաս և հարցուփորձ արել։ Այնտեղ ասել են, որ Վարդանից տեղյակ չեն, սակայն նրանց դիրքի վրա հարձակում եղել է։

«Զորամասում զինվորներ կային, արդեն տեղյակ էին, ուղղակի չէին կարողանում բան ասել, մտածում էին՝ քեռին ա, ոնց ասենք։ Ես իրանց ասեցի՝ էրեխե՛ք, եթե եկել, հասել եմ էստեղ, ուրեմն ամեն ինչի պատրաստ եմ, ճիշտը ասե՛ք։ Ասեցին՝ չկա Վարդանը, խփել են։ Սկզբից աճուկի հատվածում հրաձգային վիրավորում ա ստացել։ Վիրավորվելուց հետո դիրքից դուրս չի եկել, ու մի հոգու հետ մնացել են դիրքում»,- պատմում է Գուրգեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 15-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Վարդանի և իր ընկերոջ մարմինները, իջացրել են դիրքից։ Վարդանը զոհվել է ստացած հրաձգային վնասվածքներից։ 

«Ամիս 16-ին հետ եկա, լուրը բերեցի։ Կապանում ինձ ասել էին, որ եթե հաստատ համոզված չեք, ԴՆԹ-թեստ հանձնեք։ Քրոջս ու փեսուս տարա Հերացի, ԴՆԹ անալիզ հանձնելու։ Ամսի 26-ին պատասխանը եկավ, դրական։ Ամսի 27-ին բերեցինք տուն, 28-ին էլ հուղարկավորեցինք»,- պատմեց Գուրգեն Մկրտչյանը։

Վարդանի քույրը՝ Ռոզան, որը նրանից մեծ է մեկ տարով, պատմում է, որ դպրոցական տարիքում Վարդանը շատ աշխույժ է եղել, ուսուցիչները միշտ բողոքում էին նրանից, և դրա պատճառով միշտ վիճում էին իրար հետ։

«Գալիս էի տուն, հետը կռվում էի, ասում էի՝ ինչի՞ ես էնպես անում, որ քո պատճառով գլուխս կախեմ։ Բայց հիմա ինքը էն քայլն արեց, որ մեզնից ոչ մեկ չի կարող գլուխը կախել, ու իր մասին խոսելիս արդեն հպարտությամբ ես լցվում ու միշտ ժպտում ես, որովհետև ինքը շատ սիրուն էր ժպտում ու իր ժպիտը փոխանցում էր բոլորին: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից փոխվեց, էն ուրախ Վարդանից համարյա ոչինչ չէր մնացել ու ավելի լուրջ էր»,- պատմում է Վարդանի քույրը՝ Ռոզան։

Ռոզան հիշում է՝ Վարդանի բանակ զորակոչվելու օրը ինքն իրեն խոստացել էր, որ եղբորը առանց արցունք է ճանապարհելու, որպեսզի նույն կերպ նաև դիմավորի, ու սոցցանցի իր էջում գրառում էր կատարել՝ «Ինքը արդեն ծառայում ա, ու իմ տեսած ամենասիրուն զինվորն ա»։ 

«Ասել էի, որ վերադառնա, նույն նկարը հրապարակելու եմ ու գրեմ՝ արդեն եկել ա։ Հրապարակումն արեցի, բայց ուղղակի ուրիշ տեքստով։ Ինքն էլ եկավ, բայց ժամանակից շուտ ու ոչ էն կարգավիճակով, որով իրեն սպասում էինք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter