HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ միայն տեսնել, այլև ընկալել. նավարկություն դեպի արվեստ

-Բոլոր լավ բաները կապույտ են, օրինակ՝ մեր մոլորակը։

-էդ ո՞նց։

-Տեսե՛ք, երկրագնդի մակերեսը 510 մլն քառ. կմ է, որից մեծ մասը՝ 361 մլն քառ. կմ-ը օվկիանոսներ ու ծովեր են. քարտեզի վրա կապույտ գույնով են, այսինքն` երկրագունդը ավելի շատ կապույտ է:

Կապույտ դիմակի հեղինակը 14 տարեկան Գոռն է՝ «Նավարկություն» ցուցահանդեսի 13 մասնակիցներից մեկը. իրենց դեմքից վերցված գիպսե դիմակներով պետք էր արտահայտել ներքին ցանկությունները, ներքին ցանկությամբ Գոռը որոշել է աշխարհագետ դառնալ։

Նոյեմբերի 11-13-ը Գեղագիտության ազգային կենտրոնում ցուցադրվում էին Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտների աշխատանքները, որտեղ կապույտի կողքը Սենիկի տերևապատ դիմակն է։

- Սիրում եմ տերևների ձայնը։

- Որ աշնանը խշխշու՞մ են ոտքերի տակ։

- Չէ, որ ծառերի վրա են դեռ, քամուց են սվսվում: 

Սենիկն ու Գոռը նույն դասարանից են, միասին յութուբյան ալիք ունեն, որտեղ վերջին հաղորդումը իրենց «Նավարկություն» ցուցահանդեսի մասին է։

«Կան մարդիկ, որ տեսնում են արվեստի գործերը, բայց չեն ընկալում, չեն տեսնում արվեստը։ Ինձ հետաքրքրեց՝ ոնց են արվեստն ընկալում մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն տեսնում,- պատմում է «Նավարկություն» արվեստի նախագծի կազմակերպիչ Սյուզի Հակոբյանը:- Սկսեցի ուսումնասիրել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց. ոնց են գրում, ոնց են կարդում, ոնց են ապրում ընդհանրապես, ու ես էլ որոշ չափով սովորեցի բռայլյան այբուբենը, հետո ընթացքում ծնվեց էս գաղափարը»։ 

Նա 2019թ.-ից Տիգրանյանի անվան դպրոցում կամավոր սկզբունքով կազմակերպել է արվեստի դասաժամեր, որոնց ընթացքում հատուկ կրթության կարիք ունեցող աշակերտները սովորել են աշխատել տարբեր նյութերի հետ, մասնակցել են տարբեր արվեստագետների դասերի:

Այս ցուցահանդեսը վերջինն էր. միջոցների սղության պատճառով՝ դասեր այլևս չեն լինի։

Դրանք եղել են նաև արվեստից դուրս, օրինակ՝ աշակերտները ցանկացել են իմանալ տիեզերքի կառուցվածքը, արդյունքում՝ ընկեր Մարիամի օգնությամբ պատրաստել են Արեգակնային համակարգի մանրատիպը, որը նույնպես ցուցահանդեսում է։

«Մենք սովորեցինք՝ ոնց կարելի է փչած փուչիկները գիպսապատելով՝ ստանալ տարբեր չափսի մոլորակներ. դրանցից մեկը ես եմ սարքել»,- պատմում է Սենիկը։

Աշակերտներից Արթուրը կոմիքսների սիրահար է, հյուրերին իր կոմիքսները ներկայացնելուց բացի, նա բացատրում է՝  ինչպես են ստեղծվում դրանք, ոնց է ընտրում սյուժեն, ոնց է պատկերների միջոցով կառուցվում պատմությունը։

Սյուզի Հակոբյանը պատմում է՝ դասերի ընթացքում հասկացան, որ երեխաներն ունեն դժվարություններ կենցաղում հանդիպող տարբեր գործողություններ անելիս, օրինակ կային երեխաներ, որոնք կոշիկների կապերը կոճկել չէին կարողանում, այդպես ստեծվեց «Կապեր» ինտերակտիվ կտավը, որի վրա սովորում, խաղում էին։

«Նավարկության» ընթացքում աշակերտներն ուսումնասիրել են նաև «Սոլռեսոլ» այլընտրանքային լեզուն, ըստ որի՝ յուրաքանչյուր նոտա ունի իր գույնը, յուրաքանչյուր գույն ունի իր նշանն ու նշանակությունը, երեխաներն էլ յուրաքանչյուր գույնին ավելացրել էին նաև ֆակտուրա։ 

Ցուցահանդեսը նաև ամփոփում է ներառական արվեստի «Նավարկություն» նախագիծը։ Կամավորության սկզբունքով աշխատող նախագծի անդամները լիահույս են, որ կպահեն կապը հատուկ դպրոցի աշակերտների հետ։

Արվեստի դասընթացի մասնակից աշակերտները, որպես ամփոփում, տվել են իրենց ձևակերպումը՝ ինչ է արվեստը։

Այն է, ինչ անում ենք սիրով։

Այն է, ինչ երջանկացնում է մեզ։

Այն, ինչը փոխում է մարդկանց։

Այն, ինչը գեղեցկացնում է աշխարհը։

Արվեստը մարդու կյանքում հետաքրքրություն է առաջացնում։

․․․

«Նավարկություն» արվեստի նախագծի մասնակիցներ՝

Արեգ Գալստյան

Դավիթ Կարապետյան

Գարիկ Հակոբյան

Անի Գասպարյա

Գևորգ Հովհաննիսյան 

Դավիթ Հովհաննիսյան

Մարիամ Կարապետյան

Գագիկ Հակոբյան

Արթուր Հակոբյան

Սենիկ Մուրադյան

Մարգարիտա Հակոբյան

Գոռ Հովհաննիսյան

Մուրադ Խաչատրյան

Դասախոսներ՝

Մարիամ Պապոյան

Գագիկ Չարչյան

Հովհաննես Մարգարյան

Ժոզեֆ Զաքարյան

Գրիգոր Մուրադյան

Վահան Նահապետյան

Ծրագրին աջակցել են՝

Վահրամ Մարտիրոսյանը

Անուշ Ղուկասյանը

Մարինե Կարոյան

Սոնա Մնացականյանը

Ցուցահանդեսի տարածքը տրամադրել է Վահան Բադալյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter