HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա հուլիսին։ Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, դրա միակ մասնակիցը մեկ այլ՝ «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022թ․ մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։

Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է։ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով 2003-ի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։ 2008-ի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել նախագահի միջնորդությամբ։ 

Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեությունը ծավալել, գտվում է սահմանագոտում, Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք, որը, ըստ նախագծի, նախկինում խախտված է եղել։

Կադաստրի կոմիտեից արտահանած փաստաթղթի համաձայն՝ սեփականության իրավունքում տարածքը պատկանում է «Բերրիություն» ԱՄ Երասխի միջշրջանային միավորում» ԲԲԸ-ին, որից «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն վարձակալել է։

Գործարանի համար հումք է հադիսանալու սև մետաղի ջարդոնը, որը գնվում է հիմնականում ջարդոնների ընդունման կետերից։ Արտադրամասի տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 12 000 տ սև մետաղի ջարդոնի վերամշակում։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացված նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ-ում շահագործվող երկաթի հանքեր չկան, սակայն պողպատից ստացվող արտադրանքի պահանջարկը Հանրապետությունում գնալով աճում է։ Դա կապված է նաև Հանրապետությունում շինարարության ծավալի աննախադեպ աճի հետ, որի համար անհրաժեշտ հիմնական նյութերից մեկը որակյալ և մատչելի գներով ամրանի (արմատուրայի) ձեռքբերումն է։

«Ամրանը Հայաստանը հիմնականում ձեռք է բերում Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից, որոշ քանակն էլ արտադրվում է Հայաստանում։ Բացի այդ հանքահարստացման, ցեմենտի, գաջի գործարաններում տեղադրված գնդավոր աղացների համար անհրաժեշտ են պողպատե գնդեր՝ հումքի աղացման համար։ Հիմնականում այդ գնդերը ներմուծվում են տարբեր երկրներից և մի փոքր մաս էլ արտադրվում է Չարենցավանում, Ալավերդում։ Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000-45 000 դր․ վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել Հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազեցնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- հիմնավորել են նախագծողները։

Այս գործարանի նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 200-250 աշխատատեղ։

Նախագծողները, հղում կատարելով Զբաղվածության պետական գործակալությանը, ամրագրել են, որ 2022թ․ հունվարի 1-ի վիճակագրական տվյալների համաձայն, Արարատի մարզում գործազուրկների քանակը 9900 է։ Երասխ գյուղում գործազուրկների թվաքանակը 182-ն է։ Նախագծի իրականացման դեպքում աշխատանքի ընդունվելու առաջնահերթությունը կտրվի նախևառաջ Երասխ գյուղի բնակիչներին, այնուհետև նախագծի մատչելի գոտում (մոտակա բնակավայրեր) գտնվող բնակավայրերի բնակիչներին, որի համար կա նախնական պայմանավորվածություն ընկերության ու համայնքի միջև։ Բանվորների աշխատավարձը կկազմի 250 000-270 000 դրամ։

Ընկերությունը խոստանում է, որ գործարանում աշխատողները կունենան նաև բժշկական ապահովագրություն։

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հավաստիացնում է, որ արդեն իսկ, մինչ նախագծի իրականացումը, սկսել է գյուղում խաղահրապարակի և ֆուտբոլի դաշտի շինարարությամբ։ Նախատեսվում է Երասխում կազմակերպել պրոֆտեխնիկական ուսումնարան, որտեղ կպատրաստվեն տարբեր մասնագետներ, նախագծվող և մարզի այլ ձեռնարկություններում աշխատելու համար։

Սակայն գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ խաղահրապարակի և ֆուտբոլի դաշտի շինարարությունը դեռևս չի սկսվել, փոխարենը հնդիկները գործարանի կառուցման նախնական աշխատանքներ են սկսել՝ չնայած դեռևս ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը չեն ստացել։ Գյուղացիներից մի քանիսին արդեն աշխատանքի են ընդունել։  Հնդիկներ ասելով, ըստ ամենայնի, գյուղապետարանի աշխատակցուհին նկատի ուներ ընկերության մյուս բաժնետիրոջը՝ ազգությամբ հնդիկ գործարար Բոբբի Սինգհ Կանգին։

Մետաղի ձուլումը, ըստ նախագծի, իրականացվելու է ինդուկցիոն (էլեկտրական) վառարաններում, որի համար բնական գազ չի ծախսվելու։ Հետևաբար, գազի այրումից արտանետումներ մթնոլորտ տեղի չի ունենալու։

Այս նախագծի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Արարատ համայնքի մշակույթի տան նիստերի դահլիճում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter