HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ BBC-ի փոխանցմամբ՝ Թրամփի օգնականներն ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել, այն ժամանակ, երբ նախկին նախագահը դիմում էր իր համախոհներին, որոնք հավաքվել էին Ֆլորիդայում՝ իր կեցավայրի մոտ։

«Ամերիկայի վերադարձը սկսվում է հենց հիմա»,- հայտարարել է Թրամփը։ Նա հպարտությամբ նկարագրել է իր քառամյա պաշտոնավարումը, որը անց է կացրել Սպիտակ տանը։ «Այդ կարճ չորս տարվա ընթացքում բոլորի մոտ ամեն ինչ լավ էր։ Բոլորը ծաղկել են, ինչպես երբևէ»,- ասել է նա։

Թրամփը պատմել է, որ նախագահի պաշտոնից իր հեռանալու պահին տնտեսությունը կտրուկ վերականգնվում էր անկումից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով։ «Հիմա մենք երկիր ենք, որը գտնվում է անկման մեջ»,- շարունակել է նա՝ հիշեցնելով երկրում կտրուկ գնաճի մասին, ինչը վերջին 40 տարվա ընթացքում աննախադեպ է։

Թրամփը քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ գործող նախագահին, որը, ըստ նախկին նախագահի, «երկիրը կանգնեցրել է միջուկային պատերազմի շեմին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման անկարողության պատճառով»։ «Նույնիսկ այսօր Լեհաստանի վրա հրթիռ է ընկել, որը, հավանաբար, արձակվել է Ռուսաստանից։ Մարդիկ խիստ կատաղած են և գտնվում են ցասման մեջ։ Նրանք շատ բարկացած են»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «որպեսզի Ամերիկան նորից դառնա մեծ և փառահեղ, ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրում եմ իմ թեկնածությունը»։

Թրամփի խոսքով՝ իր համար շատ հեշտ է խոսել ժողովրդի առաջ, «երբ այդքան շատ սեր կա»։ ԱՄՆ նախկին առաջնորդը խոստացել է, որ այդ պահից մինչև 2024 թվականի ընտրությունների օրը, ինքը կպայքարի այնպես, ինչպես ոչ ոք պատմության ողջ ընթացքում։ «Մենք պարտության կմատնենք Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախերին, որոնք փորձում են ներսից կործանել մեր պետությունը»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփի օրոք փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը հարցազրույց էր տվել ABC հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկացիները կկարողանան ավելի լավ նախագահի թեկնածու ընտրել, քան Դոնալդ Թրամփն է։ «Կարծում եմ, որ դա կախված է ամերիկյան ժողովրդից։ Բայց ես համարում եմ, որ ապագայում մենք ավելի լավ ընտրություն կունենանք։ Մարդիկ ցանկանում են տեսնել ազգային այնպիսի առաջնորդների, որոնք ցուցաբերում են կարեկցանք և ոգու առատաձեռնություն։ Եվ ես կարծում եմ, որ այդ օրերն առջևում են»,- հայտարարել էր Մայք Փենսը։ Նա ևս հայտնել էր, որ մտածում է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։

Լուսանկարը՝ JONATHAN ERNST/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter