HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդային տարիներից չհիմնանորոգված Եղվարդ-Երևան ճանապարհը գլխացավանք է դարձել վարորդների համար

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից Երևան տանող ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է խորհրդային տարիներին։ Այժմ այն գլխացավանք է դարձել վարորդների համար։ Տասնամյակներ առաջ հիմնանորոգված ճանապարհը չի դիմացել երթևեկության օր-օրի ավելացող ինտենսիվությանն ու ծանրությանը։

Ճանապարհահատվածի երկարությունը մոտ 16 կիլոմետր է և այն Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի մասն է։ Ճանապարհից հիմնականում օգտվում են Նաիրի խոշորացված համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Զորավան, Արագյուղ, Բուժական և Սարալանջ գյուղերի բնակիչները։

Տարիներ առաջ ճանապարհի նշված հատվածով երթևեկելն այդքան խնդրահարույց չէր, որքան հիմա, քանի որ ներկայում մեքենաների հոսքն անհամեմատ աճել է, իսկ Եղվարդի արտադրական ձեռնարկությունների, լոգիստիկ ընկերությունների ծանրաքարշ բեռնատարների երթևեկության ակտիվությունը է'լ ավելի է վատթարացրել ճանապարհի վիճակը։

Եղվարդ-Երևան ճանապարհի ամենավատ հատվածը Եղվարդի Նատի թաղամասում է, որտեղ էլ կենտրոնացած է քաղաքի արտադրական ձեռնարկությունների մեծ մասը։ Թեպետ ճանապարհի վրա փոսերը քիչ են, սակայն ասֆալտային շերտը որոշ հատվածներում այնքան է նստել, որ առաջացել են խորը գոգավորություններ, որոնց պատճառով էլ ճանապարհով ընթացող մեքենաները հաճախ վնասվում են։

Նարեկ Խաչատրյանն ապրում է Նաիրի խոշորացված համայնքի Զորավան բնակավայրում և ամեն օր այդ ճանապարհով Երևան աշխատանքի է գնում և գալիս։ Նա ասում է, որ որքան էլ վարպետորեն վարես մեքենան, այնուամենայնիվ, այդ հատվածով անցնելիս վնասում ես։

«Անհարթություններն էնքան շատ են, որ ոնց էլ ուզում ես քշի, ինչքան էլ տիրապետես, մեքենան խփում ես։ Ու էդ ամեն ինչին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում, դու քո մեքենան խփում ես, դու էլ պետք ա սարքես»,- նշում է Նարեկ Խաչատրյանը։

Մեր նկարահանման պահին այդ հատվածով երևթեկող Արմեն Դավթյանն էլ ասում է, որ քիչ առաջ ճանապարհի պատճառով հազիվ է խուսափել վթարից։

«Հենց նոր մի հատ փոս ընկա, չգիտեմ էլ՝ ակի վրա պռակոլ կա՞, թե՝ չէ։ Տեղ չունեի փախցնելու․ կամ պետք ա ավտոյի խփեի, կամ փոսն ընկնեի»,- ասում է Արմեն Դավթյանը։

2019 թվականի սեպտեմբերից ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ընկերությունը։ Մինչ այդ՝ երկար տարիներ, ճանապարհը սպասարկում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին պատկանող «Նաիրի ՃՇՇ» ընկերությունը։

Ինչպես նախկինում, ներկայում ևս ճանապարհի սպասարկումը թերի է կատարվում, փոսալցման աշխատանքներ հազվադեպ են արվում, լինելու դեպքում էլ այդ հատվածները շատ արագ կրկին շարքից դուրս են գալիս։ Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Տիգրանյանը նշում է, որ թեպետ այդ ճանապարհին փոսալցման աշխատանքներ երբեմն արվում են, բայց հողային շերտն այնքան է նստել, որ այս վիճակով ճանապարհը պահպանելն անհնար է դարձել։ Սևակ Տիգրանյանի փոխանցմամբ՝ համայնքը հարցում է կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, որտեղից էլ հայտնել են, թե նոյեմբերի 18-ին ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթի վերջանաժամկետ է սահմանվել։ 

«Ես չեմ հիշում, թե երբ է վերջին անգամ նորոգվել այդ ճանապարհը։ Միայն մեր մեծերից լսել եմ, որ խորհրդային տարիներին այդտեղ խճապատ ճանապարհ է եղել, որի հիմքի վրա էլ կառուցվել է ճանապարհը, դրանից հետո երբեք չի հիմնանորոգվել»,- ասում է Սևակ Տիգրանյանը։

Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ճանապարհի վիճակը կտրուկ վատացել է, քանի որ այն նախատեսված չի եղել այս ծավալի և հոսքի երթևեկության համար։

«Մեծ վնաս են հասցրել նաև բեռնատարները, քանի որ Եղվարդում վերջին տարիներին ձեռնարկություններ են հիմնվել, ֆուռեր են երթևեկում հիմնականում։ Ճանապարհի վատթարացումը, կարծում եմ, կապված է նաև Հյուսիս-Հարավի շինարարության հետ, քանի որ շատերը հենց այստեղով են շրջանցում դա»,- նշում է Տիգրանյանը։

Սևակ Տիգրանյանը Եղվարդ-Երևան ճանապարհը համարում է Նաիրի համայնքի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը, քանի որ ճանապարհն արդեն իսկ գերբեռնված է, իսկ ներկայում Զովունիում կառուցվող բնակելի շենքերի շինարարության ավարտից հետո, երբ բնակիչները տեղափոխվեն իրենց բնակարաններ, ճանապարհն է'լ ավելի կբեռնվի, և ըստ Տիգրանյանի՝ նույնիսկ խցանումներ կարող են առաջանալ։

Քանի որ Եղվարդ-Երևան ճանապարհը հանրապետական նշանակության է, հետևաբար գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների տիրույթում և ոչ թե համայնքի։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ը հայտնել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար մրցույթ է հայտարարվել և արդյունքները ամփոփելուց հետո հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի, սակայն հիմնանորոգման աշխատանքները կկատարվեն 2023 թվականին։

Միևնույն ժամանակ նախարարությունը հայտնել է, որ մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը միջոցներ կձեռնարկվեն ճանապարհի խնդիրներին ժամանակավոր լուծում տալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter