HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» ընկերությունը ներկայանում է պետության անունից և գումարի դիմաց ծառայություններ մատուցում

«ՀՀ արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» անվանմամբ մի կազմակերպության աշխատակիցներ այցելում են տարբեր ընկերություններ, ներկայանում որպես աշխատակիցների իրավունքների ու պարտականությունների իրազեկում իրականացնող կառույցի ներկայացուցիչներ և գումար վերցնում նրանցից։

Մեզ դիմած կազմակերպություններից մեկի աշխատակիցը պատմել է, որ իրենց այցելած մարդիկ ասել են, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո 3-ից ավելի գրանցված աշխատակից ունեցող ընկերությունները պարտադիր պետք է ունենան գրանցամատյան: Գրանցամատյանում ներկայացված կլինեն աշխատակիցների իրավունքները, և այդպիսով աշխատակիցներն իրազեկված կլինեն, իսկ դժբախտ պատահարի կամ որևէ անախորժության դեպքում տնօրինությունը պատասխանատվություն չի կրի։

«Հետքի» խմբագրություն դիմած անձին ասել են, թե հարյուրավոր կազմակերպություններ արդեն օգտվել են իրենց ծառայություններից, եւ իբրեւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է իրենց լիազորել այդ գործունեությամբ զբաղվել։

«Ասում էին՝ Կառավարության որոշման հիման վրա ենք այստեղ, որ եթե ինչ-որ դեպք լինի, մենք ապահովագրված կլինենք, եկել են մեզ իրազեկեն: Ու դրա համար մենք պետք է վճարեինք 72 000 դրամ, 36 000՝ գրանցամատյանի համար, ևս 36 000՝ վկայականի համար, որը տրամադրվելու էր ընկերության լիազորված անձին»,- պատմում է մեզ դիմած ընկերության աշխատակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։

Պահանջել են ընկերության լիազորված անձի անձնագրի լուսանկարն ուղարկել «Վայբեր» հավելվածով, իսկ վճարելու համար տրամադրել են «Արդշինբանկի» հաշվեհամար։

Ընկերությունում քննարկումներից հետո որոշել են մերժել «ՀՀ արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն»-ի առաջարկը:

«Մենք որոշեցինք չհամաձայնել, մեզ զանգում էին, սպառնալից տոնով ասում, որ պետք է ինչ-որ պալատի տեղյակ պահենք, որ հրաժավում եք ծառայությունից։ Հետո, երբ ասացինք, որ հաստատ որոշել ենք հրաժարվել, ասացին, թե բոլոր իրենց տված թղթերը իրենց ներկայությամբ պետք է պատռենք ու նետենք աղբամանը։ Մենք մտածում էինք, որ եթե վախենալու բան չունեն, ինչու՞ են զգուշանում»,- պատմում է մեզ դիմած աշխատակիցը։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է Իսահակյան 28 հասցեում։ Մենք այցելեցինք Իսահակյան 28 շենք, պահակից հարցրինք՝ արդյոք նման անվանումով կազմակերպություն կա շենքում: Պահակն ասաց, որ առաջին անգամ է լսում։

Նույն պահին մեզ մոտեցավ մի երիտասարդ ու ասաց, որ մենք, հավանաբար, իրենց ենք փնտրում։ Նա ուղեկցեց առաջին հարկում գտնվող մի սենյակ՝ նշելով, որ երկրորդ հարկում գտնվող իրենց գրասենյակը վերանորոգվում է, ուստի ժամանակավոր տեղափոխվել են այդ սենյակ։ Սենյակի դռան վրա գրված էր՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնող հանրային օբյեկտների և խնդիրների վերհանման հասարակական կազմակերպություն»։ Մեզ դիմավորած երիտասարդը ներկայացավ Սուրեն Խաչատրյան ու ասաց, որ «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության հիմնադիրն է ու տնօրեն Գրիգորի Գևորգյանի լիազորած անձը եւ կարող է պատասխանել մեր հարցերին։

Ներսում ևս 3 տղամարդ կար, որոնք Սուրենի խնդրանքով դուրս եկան։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է այս տարվա սեպտեմբերին, տնօրենը Գրիգորի Գևորգյանն է, հիմնադիրը՝ Աննա Բարեղամյանը։

Սուրեն Խաչատրյանը մեզ ցույց տվեց որոշ փաստաթղթեր ու ասաց, որ իրենք համագործակցում են տեսչական մարմինների հետ, որ «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն»-ի նպատակը աշխատողին իր իրավունքների մասին իրազեկելն ու շահերը պաշտպանելն է։ Սուրեն Խաչատրյանի խոսքով, ոչ մեկն իրենց այդ գործունեությամբ զբաղվել չի լիազորել, իրենք պարզապես փորձում են լրացնել պետական մարմինների բացը ու քաղաքացիներին իրազեկել։

Վերջինս ցույց տվեց նամակներ, որով դիմել են Առողջապահության և աշխատանքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններ՝ «Օրենքի գերակայության և հանրային շահերի պաշտպանության պալատի» անունից։

Սուրեն Խաչատրյանի բացատրությամբ, «Օրենքի գերակայության և հանրային շահերի պաշտպանության պալատն» իր ընկերոջ՝ Անդրանիկ Մինասյանի ՀԿ-ն է, և պետական կառույցների հետ համագործակցում են «Օրենքի գերակայության և հանրային շահերի պաշտպանության պալատ»-ի անունից։Վստահեցրեց, որ իրենք ոչ մի ապօրինի գործունեություն չեն իրականացնում, «փորձում են գործատուի և աշխատակիցների իրազեկում անել»։ Ցույց տվեց սեղանին դրված վկայականներ, որոնք տրամադրում են «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի իրազեկումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնը» զբաղվում է կրթության բնագավառում օժանդակ գործունեությամբ։

Սուրեն Խաչատրյանի տվյալներով Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում մի քանի ընկերություն է գրանցված: Դրանցից մեկը «Շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնող հանրային օբյեկտների ծխնելույզների թերությունների բացահայտման և խնդիրների վերհանման» հասարակական կազմակերպությունն է։ Այս անվանումը գրված էր մեր այցելած գրասենյակի դռան վրա, իսկ Սուրեն Խաչատրյանն ասում էր, թե դա իր ընկերոջ գրասենյակն է ու իրենք ժամանակավոր են այդտեղ։ Ընկերությունը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի  6-ին, ըստ ռեգիստրի՝ գտնվում է Արամի փողոց՝ Կառավարության 3 հասցեում, բայց Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ նման հասցե գոյություն չունի։ Կառավարության 3-րդ մասնաշենքի հասցեն իրականում Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 է, այն չի գտնվում Արամի փողոցի վրա։

Մյուս ընկերությունը, որը գրանցել է Սուրեն Խաչատրյանը, «Հակակոռուպցիոն և հանցավոր արարքների դեմ պայքարի հատուկ կազմ» ՀԿ-ն է, հիմնադրվել է 2022 թվականի հունիսի 29-ին։ Հասցեն՝ Կառավարական տուն 1։

Երրորդ ընկերությունը «ԳԱԶԱՐԴ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և գտնվում է Պռոշյան 2/1 հասցեում, ըստ ՊԵԿ-ի գործունեության տեսակի դասակարգչի՝ զբաղվում է սպասարկման այլ ծառայություններով։

«Օրենքի և հանրային շահերի պաշտպանության պալատի» նախագահը Անդրանիկ Լևոնի Մինասյանն է։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ պալատը գրանցվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին, Կառավարական տուն 3 հասցեում։

Անդրանիկ Մինասյանի անձնագրային տվյալներով ևս մեկ ընկերություն կա՝ «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոնը», որը գրանցվել է 2022 թվականի  մայիսի 11-ին և, ըստ ռեգիստրի տվյալների, գտնվում է նույն Իսահակյան 28 հասցեում։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ երբևէ չեն համագործակցել ՀՀ արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնի հետ, իսկ «Օրենքի գերակայության և հանրային շահերի պաշտպանության պալատից» ստացել են դիմում-բողոք ստուգումներ իրականացնելու մասին։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից նույնպես մեզ հայտնեցին, որ երբևէ չեն համագործակցել այդ ընկերությունների հետ։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Կառավարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյոք Կառավարության շենքում մասնավոր ընկերություն կամ ՀԿ կարող է գրանցվել։ ՏԿԵՆ-ին հարցրել ենք՝ արդյոք նախարարությունը լիազորել է մասնավոր ընկերությանը իրազեկման աշխատանքներ կատարել ընկերություններում։ Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրել է Արդարադատության նախարարությանը։ Պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք։

 

Լուսանկարի աղբյուրը՝ Pixabay

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter