
Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել․ ԱՀ դատախազություն
Արցախի դատախազությունը հայտնում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով:
«Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն:
Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դրանք մշտապես մնում են անարձագանք:
Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց: Այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում, այլև իր բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսում է հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները»,- նշված է ԱՀ դատախազության հաղորդագրությունում։
Մեկնաբանել