HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հակաբիոտիկների որոշ տեսակների կիրառման արդյունավետությունը նվազել է COVID19-ից հետո

20-րդ դարի սկզբին հակաբիոտիկների ստեղծումը նպաստեց բակտերիալ վարակների բուժման արդյունավետության բարձրացմանը, ինչը բերեց կյանքի միջին տևողության բարձրացման։

Սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, հակաբիոտիկների հանդեպ կայունությունն այսօր այնքան է մեծացել, որ այն արդեն իսկ սպառնալիք է դարձել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ 

ԱՀԿ տվյալներով՝ 2050թ.ին կանխատեսվում է տարեկան 10 միլիոն մահ բակտերիալ վարակներից, ինչը գերազանցելու է քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից մահերը։

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, մեկնարկում է հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը։ 

 

Հակաբիոտիկները կանխարգելիչ, կամ վիրուսների դեմ պայքարող դեղեր չեն և պետք է կիրառվեն միայն բակտերիալ ծագման վարակի ժամանակ։ Դրանց անկանոն կիրառումն ու նշանակումը կարող է բերել է հակամանրէային դեղերի հանդեպ կայունության ձևավորման, ինչն այսօր ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առողջպահության համար լրջագույն խնդիր է։ Այս մասին այսօր հայտնեց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը.

«Բոլորիս համար շատ կարևոր է լինել պատասխանատու սեփական կյանքի, առողջության համար, լսել բժշկի կողմից արված նշանակումները, չընդհատել բուժումը, չկառավարել ինքնուրույն։ Բոլոր վիրուսային ինֆեկցիաների դեպքում, երբ ունենում ենք ջերմության բարձրացում, պետք է հիշենք, որ հակաբիոտիկը չի հանդիասնում ջերմիջեցնող»,-ասում է Լ. Ավետիսյանը՝ նշելով, որ սա կարևոր է հիշել հատկապես հիմա, երբ տարածված են սուր շնչառական հիվանդությունները. հակաբիոտիկը չի կանխարգելում զարգացող բակտերիալ ինֆեկցիան, ավելին, կարող է կայունություն առաջացնել, այսինքն՝ այն հետագայում «անզոր» կդառանա բակտերիաների դեմ։

Կայունությունը (ռեզիստենտությունը) տարբեր գործոնների ազդեցությանը դիմակայելու ունակությունն է։

Եթե հակաբիոտիկը մանրէի նկատմամբ ռեզիստենտ է, կայուն է, «չի դիմակայում», հետևաբար՝ չի ազդում, չի ոչնչացնում մանրէն։

Կայունության ձեռքբերման դեպքում ժամանակի ընթացքում դժվար բուժելի կդառնան շատ տարածված հիվանդություններ, օրինակ, շնչուղիների և միզուղիների վարակները, կամ, ասենք, հասարակ քերծվածքներից արյան մեջ անցած բակտերիաները, որոնք կարող էին շատ հեշտությամբ կառավարելի լինել և բուժվել հակաբիոտիկներով, չեն բուժվի։

Կայունության մեծացումը կբարձրանի նաև մահացության ցուցանիշը։

Ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն, վարակաբան Նաիրա Ստեփանյանն ասում է, որ հակաբիոտիկների կայունության դեմ պայքարելու համար կարևոր է բարձրացնել դրանց կիրառման կրթական ցենզը ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բուժաշխատողների շրջանում և դեղատնային օղակում։

Նրա խոսքով՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ մարդիկ ազատ կարողանում էին հակաբիոտիկ ձեռք բերել, կամ, երբեմն, դեղատան աշխատակիցներն էին այս կամ այն հակաբիոտիկն օգտագործելու խորհուրդ տալիս, շատերը հիվանդանոց էին դիմում արդեն պահուստային հակաբիոտիկներ ստացած, և բժիշկն այլևս այդ պացիենտների հետ աշխատելու գործիք չուներ։ 

Օրինակ, մակրոլիդային խմբի հակաբիոտիկների անկանոն կիրառումը (օրինակ, «Ազիթրոմիցին»-ը շատ էր նշանակվում) բոլոր օղակներում թե’ բժիշկների, թե’ քաղաքացիների կողմից, բերել է դրանց նկատմամբ 80% կայունության ձևավորման։

«Սա մակրոլիդային շարքի հակաբիոտիկի բավականին մեծ կորուստ է Հայաստանի Հանրապետության համար,-ասում է Նաիրա Ստեփանյանը։- Նոր հակաբիոտիկներ այլևս չեն սինթեզվում, և ամբողջ աշխարհը, նաև՝ Հայաստանը, վտանգ ունի կորցնելու այն պահուստային հակաբիոտիկները, որոնք նշանակվում են ծանր բակտերիալ վարակների ժամանակ»։ 

 «Այսօր հելիկոբակտերը վերացնելու խնդիր ունենք. ռեզիստենտության խնդիր ունենք։ Կորոնավիրուսի՝ երկու տարիներից հետո հելիկոբակտերի բուժման մեր պահեստային սխեմաներն էլ չկան (խոսքը տարածված՝ «Լևոֆլոքսացինի», «Ազիտրոմիցին» հակաբիոտիկների մասին է, հեղ.)։ Բա ի՞նչ ենք անելու։ Դրա համար հելիկոբակտեր ունեցողներին բոլորին հարցնում եմ՝ կովիդով բուժվե՞լ եք»։

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյան։ 

Նոր հակաբիոտիկի ստեղծումը երկարատև և բավականին թանկարժեք գործընթաց է

«MedProgress» առողջապահական հիմնադրամի տնօրեն, դեղագետ Տաթևիկ Խաչատրյանը նույնպես հաստատում է այն միտքը, որ դեղատներում և բուժհաստատություններում չարաշահվում է հակաբիոտիկների կիրառումը։

Ինչ վերաբերում է նոր հակաբիոտիկների ստեղծմանը, նա նշեց, որ բիզնեսի տեսանկյունից, ոչ մի արտադրողի այս պահին «հետաքրքիր չէ» նոր հակաբիոտիկների սինթեզը, քանի որ մեկ մոլեկուլ սինթեզելու համար մոտավորապես 10 տարի  և միլիարդավոր դոլարներ են պետք, չհաշված՝ փորձարկումների այն շղթան, որով դեղը պետք է անցնի մինչև դեղատներ հասնելը։

Ինչո՞վ է վնաս, և ինչու՞ չի կարելի ընդհատել հակաբիոտիկների կուրսը՝ 3, 5, 10 օրվա, եթե մարդն արդեն լավ է զգում։ 

Ամեն հիվանդության ծանրության աստիճան և ամեն մի հակաբիոտիկ ունի իր հստակ տևողությունն ու դեղաչափը։ Եթե մենք չենք ապահովում հաստատված տևողությունն ու դեղաչափը, հնարավոր է, հակաբիոտիկը բավարար չազդի հարուցիչի վրա, դրանք կշարունակեն զարգանալ։ Կզարգանան նաև հակաբիոտիկների հանդեպ կայուն հարուցիչները, և դա կարող է բերել բավական լուրջ հետևանքների։

Օրինակ, եթե մենք մինչև վերջ չենք բուժում վարակային հիվանդությունը, միայն հանում ենք սուր վիճակից, հիվանդն ավելի լավ է զգում և այլն, բայց մանրէն շարունակում է զարգանալ՝ բերելով բավականին վտանգավոր հետևանքների։ Կան հիվանդություններ, որոնք եթե մենք լիարժեք չբուժենք, դառնում է քրոնիկական։

Եթե մենք հիվանդությունը չբուժենք լիարժեք, մենք հետագայում ախտահարումներ կունենանք։ Կայությունն էլ, այո’, մյուս խնդիրն է»։

ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆ․ բ․գ․դ․ Նարինե Միրզոյան 


Ինչու հակաբիոտիկները դեղատոմսով չեն

2018թ մարտի 1-ից հակաբիոտիկների վաճառքը պետք է լիներ միայն դեղատոմսերով, բժշկի նշանակմամբ, սակայն ներկայումս դրանք ազատ վաճառվում են։ 

Տաթևիկ Խաչատրյանն ասում է՝ այս համակարգի կիրառումը բավականին ռեսուրս է պահանջում ոչ միայն պետական, այլև՝ մասնավոր սեկտորում. նոր դեղատոմսերի կիրառում, հակաբակտերիալ դեղերի հաշվառում և այլն։

Լիլիթ Ավետիսյանն էլ հավելում է, որ վաճառքն արգելելը լավագույն մեթոդը չէ, և այս առումով պետք է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը, քանի որ ինքնաբուժությունը մեզ մոտ դեռևս շատ տարածված է։ 

«Հակաբիոտիկների հակասնկային դեղերի հետ համատեղ կիրառման անհրաժեշտությունը հիմնավորված է վտանգի խմբում ներգրավված հիվանդներին։ Մի քանի ցուցում կա՝ երբ պետք է նշանակել հակասնկային։ Բոլոր հակաբիոտիկներին հենց այնպես պետք չի համակցել հակասնկային դեղեր. բացի նրանից, որ մենք մարդուն ենթարկում ենք ավելորդ դեղերի անբարենպաստ ազդեցությանը, դրա հետ մեկտեղ, մենք նպաստում ենք դեղի կայունությանը սնկերի նկատմամբ։

ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆ․ բ․գ․դ․ Նարինե Միրզոյան 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter