HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Անառակ սկեսրայրի սանձահարումը

Ոչինչ չէր փոխվել: Նույն գյուղն էր, նույն տուն ու տեղը, նույն կենցաղը, միայն մարդիկ էին  մի հանգի գալիս ու գնում: Ժամանակն այստեղ կարծես կանգ էր առել: Ժամանակ, որ  հիշատակվել էր  2400 տարի առաջ Քսենեֆոնի «Անաբասիսում» («Նահանջ բյուրոց»), երբ հայը ապրում էր իր անասունի հետ միասին, միևնույն գետնափոր հյուղակում և նրա «գինու» վրա գարեջրի հատիկներ էին լողում: Ոչ, մեր գյուղում գարեջուր չէին խմում, թթից քաշած թունդ արաղ էին խմում, էն էլ եթե լինում էր: Բայց մինչև անցյալ դարի երեսնական թվականները ապրում էին քսենեֆոնյան  գետնատներում, որը մեր բարբառով գլխատուն էր կոչվում:

Ժամանակն այնքան էլ արագագնա չէ, այնպես որ  վաղնջական ժամանակներին անգամ  ես հասու եղա՝ 1972 թվականի ամռանը, Ախալքալակի շրջանի Օլավերդ գյուղում: Օլավերդը գյուղ էր թառած Աբուլ սարի հյուսիս-արևմտյան լանջին. ձեռքները մեկնեին՝ Աբուլի գագաթին կհասներ, բայց ընդամենը թշվառություն ու նահապետական նինջ էր նրանց բաժին հասել: Ապշել էի, առաջին քարե տունը այդ գյուղում նոր էր կառուցվում,  այն էլ ընկերոջս՝ Տաշչյան Համլետի ընտանիքի կողմից. ես գնացել էի շինարարությանը օգնելու՝ այսինքն առաջին քարը գետնից կտրելու համար: Կյանքը ջրի պես առաջ էր հոսել, բայցևայնպես կենաց ջրերը Աբուլի փեշերին չէին հասել: Նույնը և մեր Շնող գյուղում՝ անցյալ դարի երեսունական թվականներին նույն տուննն էր, նույն բարքերն ու կենցաղը... Էս տեղերով ժամանակն ասես չէր անցել... «Զատո»՝ Պետնանց Գիքոն էր անցել: Շնողի կիզակետը մեյդանն էր: Մեյդանը մեր գյուղի պարապ մարդկանց հավաքատեղին էր: Մի ոտը մյուսից լոթի, լոթ առաջ էին գցում, ճիպոտը շեղակի բռնում, ջեբի խնջլարթին հանում ու էտ փետը լոթի ամբարտավանությամբ տաշտշում: Ջիգիթն էլ ո՞նց ա լինում... Ձեռների փայտը խուճուճ, խուճուճ տաշեղներով տաշվում, տաշտշվում հատնում էր, բայց դրանց «աշխատասիրությանը» հատնում չկար: Մեյդանը ավելի շատ էդտեսակ մարդու համար էր, դրա համար էլ ասում էին՝ իշակմեյդան: Պետնանց Գիքոն  իշակմեյդանի անխափան այցելուն էր՝ ով մարդ էր բայց չգիտես ինչու՝ էշի տեղ էին դնում. Ձեռից ոչինչ չէր գալիս, միշտ աղքատ էր ու անբան և անընդհատ քաղցած՝ ում փոս ընկած փորի մեջ աղիները ճլվսում էին ու շարունակ նույն երգը երգում ՝ ուտյել եմ ուզում, ուտյել եմ ուզում... Բայց ինքը իր հալքում չէր մնում, որ իրեն մնար՝ գեղի ամենակերած, խմած տղամարդն էր. հնար չուներ, բայց գոռոզ էր ու հմբարտ, որ ինչ էլ անեիր՝ մեջքը գետնով չէր տա, իրեն աղա էր կարծում: Աղեն աղա, բայց ապացույց էր պետք: Դրա ճարն էլ  գիտեր. որդեն որդի մի էծ էին մորթել: Հարսներին կարգադրել էր էդ էծի ճրաքուն ղրաղ դնել: Ամեն մեյդան գնալիս մատը գցում էր ճրաքուին, էդ եղով բեղերը մի սղալում ու գալիս հմբարտ ու գոռոզ մարդամիջում կանդնում, յուղոտված բեղերը մեկ էլ սղալում, աջ ձեռը դհոլի պես դատարկ փորին զարկում ու ասում.

-Համա կերանք, հա՜...

Ինքն էր էդ խելքին, բայց հո սաղ գեղը էդ խելքի՞ն չէր... Մարդ էլ կար ասում էր՝ ավելի լավ ա փորս կուշտ լինի, թեկուզ ետևիցս սոված շուն կանչեն...

Էդպես ու էսպես, որ Պետնանց Գիքոն հայտնի ուտող-խմող էր՝ բոլորը գիտեին, բայց գյուղում նա առավելապես հայտնի դարձավ մի այլ դիպվածով:

Էդ ամառ տղերքը խոպան էին գնացել: Մեծ հարսը գլուխը հակած կովի կրծքին՝ կիթ անելիս է լինում: Գիքոն հայացքը գցում է հարսի ծոծրակին, սև սաթի նման երկար, ոլորվող մազերին, հյուսքամիջում պեծկլտացող ծոծրակի սպիտակ մաշկին, նրա տակ գլգլան առվի պես երկարող հոսհոսուն ողնաշարին ու իզը բռնած շարունակում մտովի խորանալ թաքնաթաքուն տեղերը: Մինչև միտքը կգնար՝ ձեռքն արդեն գնացել էր՝ հայտնվելով  հետույքի գնդլամսերի վրա: Հարսը ցնցվում է ու տեղից վեր թռչում: Կաթը ցալքուն է տալիս՝ ողողելով հարսի ու սկեսրայրի երեսը: Բայց դա ամենևին Գիքոյի տնգլին չէր: Ծեր մարմինը ջահելություն էր ուզում, թարմություն  փափագում, ջհանդամը թե՝ իր որսը կխտարի պես խրտնեց, բայց էս տունն էլ հո ծմա՞կ չի, իր ձեռից ու՞ր էր փախչելու,- ծառս էր եղել, դեպի լույսն էր վազում Գիքոյի երազը: Մեծ հարսը քիչ էր՝ փոքրին էլ էր վրա քշում՝ որը ձեռն ընկավ, ընկավ. «նաղդ օլսուն, սողան օլսուն»,- թուրքի պես մտմտում, թուրքավարի դատում էր Գիքոն...  Էս գործն էլ ուներ իր փիլիսոփայությունը. «Անասունը որ անասուն ա,- խորհում էր մտքի մեջ,- իրեն բեջարել ա պետք՝ կթել, ալափ տալ, տակը մաքրել, մի-մին էլ վզատակը քորել, գուրգուրել... Սրանց մարդիք հլա ե՞րբ են գալու, հա՜... Բա սրանց բեջարե՞լ չի պետք...  Գիքոյին էլ կանգ առնել չկար,  վարար սիրտը գարնան ախպրի պես կարկաչում էր... Որ ղզղնած դես ա թռչում, դեն ա թռչում ու հարսներին շատ զզվացնում, սրանք եղեղությունն իրար պատմում են ու որոշում «սիրելի» սկեսրայրի գլխին մի օյին բերել:

Մի անգամ էլ, գլխատանը, երբ պուճուր հարսը կովը կթում ու հորթի կապերը քանդելիս է լինում, ( կրծքի մնացած կաթն էլ հորթին պիտի բաժին հաներ) սկեսրայրը առաջը կտրում է: Ըստ պայմանավորվածության՝ պուճուր հարսը ձեն է տալիս մեծ հարսին: Էստեղ է, որ տեղի է ունենում բուն եղելությունը: Հարսներով հարձակվում են սկեսրայրի վրա,  մեջքը դեմ տալիս գլխատան հաստաբուն սյունին ու  պարանով ամուր գամում սյունին: Մեծ հարսը քանդում է սկեսրայրի գոտին, շալվարը իջեցնում:

-Շան աղջիկ, ամոթ ա, ամոթ ա...,-.աղաղակում էր գերեվարված սկեսրայրը: Մինչդեռ հարսները կարծում էին, թե էդ մարդը բոլորովին ամոթ չունի:

-Կաթը բեր,- ասել էր մեծ հարսը:

Գիքոյին էլ թվում էր, թե մեղքերը լվանալու համար իրեն կաթով լողացնելու են: Համեստորեն չեմ ու չեմ էր անում: Դեռ չէր հասկանում գլխի գալիքը: Էդ գործում օճառ պէտք չէր: Պուճուր հարսը կաթով լի դույլը զգուշությամբ թեքել էր սկեսրայրի գլխին: Ճերմակ կաթը ողողել էր Գիքոյի մարմինը, իջել կոնքերին,  հոսել  փորատակով, ապա ելք գտած հունի պես ծիկլակին տվել էն բանից, ոնց որ կովի մինուճար պտուկ...

-Դե, հորթը բաց թող,- հիմա էլ ասելու հերթը պուճուր հարսինն էր:

Առավոտից օրքած, քաղցած հորթ...  Դունչը մեկնած առաջ էր նետվել: Գլուխը խրել էր շեքամեջն ու ծծել, լափլփում, ուտում էր՝ ո՞նց էր ուտում...  Կար ժամանակ բերանը միաժամանակ վեց-յոթ պտուկ էր ընկնում, հիմա էդ  մի հատիկ պտուկով ո՞նց  կշտանար: Անլիզու հայվանն ինչ իմանար՝ ինչն ինչոց է, բերանը պտուկ էր ընկել՝ ծծում էր: Իբր թե դա էլ քիչ էր՝ պուճուր հարսը կաթը բարակացրել էր: Թվում էր, թե  առատացնելու հնարը հորթը գիտեր. դնչիկով  մունցի էր տալիս, փորատակին, պլորախառն՝ էնպես ինչպես մունցի էր տալիս իր մոր կրծքամիջում: Մի մուշտին էլ բավարար էր, որ կաթը զսպող  արգելանքները քանդվեին և սպիտակ հեղուկն անարգել վազեր  դեպի փրփրկալած բերանը: Եվս մի մունցի: Դիմանալն այլևս անկարելի էր. առջևը սպիտակ աստղեր էին ցոլում:

-Շան տղու աղջկերք,-մղկտացել էր սկեսրայրը,- կամ ֆորթը ետ քաշեք, կամ էլ կաթը վարարացրեք...

Պապս կասեր. «Իլլաջ յոխտու, խարաշո»...

Կաթի վարարացնելը մնում էր հարսների խղճին...

 Հ.Գ. Անբարոն միշտ պատժվել է. այդպես եղել է մինչև Քսենեֆոնը, եղել է և Քսենեֆոնից հետո....

18. 11. 22թ.

Մեկնաբանություններ (1)

Սուրեն Սաքանյան
Չարի վերջը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter