HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են Թունիսում Փաշինյան-Մակրոն հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին Թունիսում Ֆրանկոֆոնիայի XVIII գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնում է RFI-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։

Համաձայն հաղորդագրության՝ Մակրոնը հանդիպում կունենա Թունիսի նախագահ Կաիս Սայիդի հետ, որից հետո պլանավորված է զրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ենթադրվում, որ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում Սոչիի հանդիպումն ու դրանից հետո Փաշինյան-Ալիև միմյանց ուղղված մեղադրանքները։

Մակրոնը շաբաթ առավոտյան արդեն իսկ հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի երիտասարդ ներկայացուցիչների հետ։ Քննարկման ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հյուսիսարևմտյան Աֆրիկայի երկրներում ֆրանսերենով խոսում են ավելի քիչ, քան 20-30 տարի առաջ։ Նրա խոսքով՝ դա կապված է անգլերենի խիստ տարածման հետ, ինչպես նաև «ընդունելի գներով ֆրանսիական գրքերի ստացման բարդության հետ»։ «Մեզ պետք է ֆրանսերենի դիրքերի վերականգնման նախագիծ։ Պետք է ցույց տալ, որ ֆրանսերենով խոսում են ոչ միայն ակադեմիական մակարդակում, այլև բիզնեսի ոլորտում»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։ 

Հիշեցնենք, որ այս օրերին Թունիսի Ջերբա կղզում ընթանում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Նախորդ գագաթնաժողովը կայացել էր 2018 թվականին Երևանում։ Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի գագաթնաժողովը չեղարկվել էր։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ստեղծվել է 1970 թվականին։ Ներկայումս այնտեղ ներկայացված է 88 պետություն։ Թունիսը Ֆրանկոֆոնիայի կազմում է հիմնադրման պահից, իսկ Հայաստանը կազմակերպությանը միացել է 2004 թվականից։

Ելույթ ունենալով գագաթնաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ «Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։ Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- Թունիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս գագաթնաժողովի շրջանակներում արդեն իսկ հասցրել է հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Լուսանկարը՝ Ելիսեյան պալատի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter