
«Ակնկալիք չունենք, հավայի կանգնել ենք». կաթի գինը չի բարձրացել, գյուղացիները նորից բողոքում են
Կոտայքի մարզի Աբովյանի շրջակա մի քանի գյուղերի բնակիչներ այսօր հավաքվել էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց` հայտնելու իրենց դժգոհությունը կաթի հանձնման կետերում կաթի սակագնի իջեցման վերաբերյալ:
«Անցած անգամ` ապրիլի 27-ին, վարչապետի անունով դիմում գրեցինք, խնդրեցինք, որ պահպանեն կաթի 150 դրամ սակագինը: Վարչապետից պատասխան եկավ, որ 150-ից չի իջնի, բայց ընտրություններից հետո գինը իջավ մինչև 120 դրամ»,- իրենց դժգոհությունը հիմնավորեցին գյուղացիները:
Մինչ էկոնոմիկայի նախարարություն հասնելը, նրանք եղել էին կառավարության շենքի դիմաց, բայց, իրենց խոսքով, պատկան մարմիններից ոչ ոք չէր արձագանքել: «Մեզ խաբում են, ոչ մի ակնակլիք էլ չունենք, համարյա հավայի կանգնել ենք էստեղ, երևի մենք պարապ ենք, գործ չունենք»,- ասում էին զայրացած գյուղացիները` սպասելով, թե ինչ կպատասխանեն էկոնոմիկայի նախարարությունից:
Նրանցից մի քանիսին նախարարության շենքից կանչել էին վերև «բանավոր խոսելու համար»: Ինչպես նշեցին գյուղացիները, անցած ցույցի ժամանակ իրենք դարձյալ հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, վերջինս խոստացել է, որ կաթի սակագնի տատանումներ չեն լինի:
Մինչ այժմ տրված և չպահպանված «խոստումները» բանավոր են եղել, մինչդեռ գյուղացիները կաթի սակագինը չիջեցնելու իրենց պահանջը առաջին անգամ ձևակերպել են գրավոր տարբերակով` ՀՀ նախագահին հասցեագրված 300 ստորագրություն ներառող դիմումով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել