HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիահերձարանից անհետացել է հանգուցյալի ոսկյա մատանին. ընտանիքը մինչ օրս չունի պատասխան

Այս տարվա օգոստոսի 17-ին՝ երեկոյան ժամը 21։00-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում մահացել է Ալվարդ Գասպարյանի տարեց հայրը՝ Մելսիկ Գասպարյանը։

Հանգուցյալի ընտանիքի կանչով Նոր Գեղի է ժամանել շտապօգնության բրիգադը, բժիշկները գրանցել են Մելսիկ Գասպարյանի մահը, ինչից հետո հեռացել են։

«Շտապօգնության գնալուց հետո ուղարկեցին մի վարորդի, որը մենակ էր եկել, ու պիտի հորս մարմինը տեղափոխեր դիահերձարան»,- պատմում է Ալվարդ Գասպարյանը։ Նրա խոսքով, զարմացել էին, որ ընդամենը մեկ հոգի է եկել և խնդրել է ընտանիքի անդամներին օգնել մարմինը մեքենա տեղափոխել։

«Մենք հնարավորություն ունեինք մեր հարազատներին խնդրել, որ օգնեն, իսկ ի՞նչ են անում այն դեպքում, եթե մահացողը մենակ է կամ տանը տղամարդ չկա, ո՞վ պիտի տեղափոխի հանգուցյալին»,- վրդովված պատմում է տիկին Գասպարյանը։

Ըստ նրա՝ շտապօգնության բրիգադի բժիշկները նրանց չեն զգուշացրել, որ պետք է հանեն հանգուցյալ հոր ոսկյա և թանկարժեք իրերը ու նրան դիահերձարան տեղափոխել են մատանիով։

Գիշերվա ժամը 23։00-ին դիահերձարանի դուռը փակ է եղել, ներսում դիահերձարանի աշխատող չի եղել։ Վարորդը «Աբովյան» ԲԿ ընդունարանից վերցրել է դիահերձարանի բանալին, ու Ալվարդ Գասպարյանի երկու ազգականների օգնությամբ մարմինը տեղափոխել են դիահերձարան ու հեռացել են։

«Հարազատներս մարմինը դիարան տեղափոխելիս տեսել են մի քանի կանանց մերկ դիակներ, որը հոգեբանական ծանր ազդեցություն է թողել նրանց վրա, ես զարմանում եմ, ինչպե՞ս են թողնում, որ օտար մարդը մտնի դիահերձարան ու տեսնի այլ հանգուցյալների»,- ասում է տիկին Գասպարյանը։

Հաջորդ օրը, երբ ստացել են մարմինը, նկատել են, որ հոր ոսկյա մատանին մատին չէ։ Սրա մասին հայտնել են «Աբովյան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վարդան Մանուկյանին, որը ասել է, որ դիահերձման ժամանակ Մելսիկ Գասպարյանի ձեռքին չի եղել մատանի կամ այլ թանկարժեք իր։

Գասպարյանի խոսքով՝ երբ լուրը տարածվել է բարեկամների շրջանում, բոլորը զարմացել են, որ նրանք նախապես չեն հանել հոր մատանին։

«Իմ շրջապատում պարզվեց, որ շատերի համար դիարանում դիակապտության դեպքերը նորություն չէին, մարդիկ շատ էին լսել նման պատմություններ և խիստ զարմացան մեր միամտության վրա։ Այդ մատանին հորս մատից դուրս չէր գալիս, անգամ հետազոտությունների ժամանակ չէր հանում, դա իր ամուսնական մատանին էր ու միշտ մատին էր, իսկ մահանալուց հետո մենք այն հոգեվիճակում չէինք, որ մատանու մասին մտածեինք»,- ասում է նա։

Այս դեպքից հետո տիկին Գասպարյանը նամակով դիմել է Առողջապահության նախարարություն, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և մանրամասն ներկայացրել է տեղի ունեցածը։ Սակայն նրա դիմումները, ըստ էության, որևէ հստակ արդյունք չեն տվել։

Այսպես, դիմումները Առողջապահության նախարարությունը հասցեագրել է Կոտայքի մարզպետարանին, մարզպետարանն էլ իր հերթին դրանք հասցեագրել է Նոր Հաճնի պոլիկլինիկային և «Աբովյան» ԲԿ-ին։

Պոլիկլինիկայից պատասխանել են, որ շտապօգնության բրիգադի բժիշկն ու բուժքույրը հանգուցյալի հարազատների ներկայությամբ կատարել են դիակի զննություն և արձանագրել մահը։ «Դիակների տեղափոխման ավտոմեքենայի վարորդի բացատրությամբ, հանգուցյալի հարազատները դիակը փաթաթել են, տեղադրել ավտոմեքենայի մեջ և հարազատների ուղեկցությամբ տարվել և հանձնվել է Աբովյանի դիահերձարան»,- ասված է պատասխան գրության մեջ։

Իսկ «Աբովյան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վարդան Մանուկյանը պատասխան գրության մեջ հերքել է, որ դիահերձարանը որևէ կապ ունի մատանու գողության դեպքի հետ՝ պատասխանատվությունը մասամբ գցելով շտապօգնության վրա։

«…շտապօգնության բրիգադը չի տրամադրել որևէ փաստաթուղթ-արձանագրություն՝ Մելսիկ Գասպարյանի մոտ ոսկյա կամ թանկարժեք իրերի առկայության վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ երեկոյան ուշ ժամերին Ընկերության ախտաանատոմիական բաժանմունքում դիերի տեղավորումն իրականացվում է դին ուղեկցող շտապօգնության բրիգադի կողմից: Հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին, իրականացվել է դիահերձումը։ Դիահերձման ժամանակ քաղաքացի Մելսիկ Գասպարյանի ձեռքին առկա չի եղել մատանի կամ այլ թանկարժեք իր»,- ասված է գրության մեջ։

Ավելին, Մանուկյանի խոսքով, Գասպարյանի դիմումում նշված հանգամանքները՝ ԲԿ վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, որ «Աբովյան» բժշկական կենտրոնի կողմից «…դիերի տեղափոխման, տեղավորման և դիահերձման գործընթացը իրականացվում է համապատասխան նորմերի և կարգերի պահպանմամբ։ Գտնում ենք, որ վերոնշյալ հարցի լուծումը և պարզումը կարող է իրականացվել ՀՀ ոստիկանության համապատասխան հաղորդում ներկայացնելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննություն իրականացնելու արդյունքում, ինչն էլ առաջարկվել է նաև հանգուցյալի հարազատներին»։

«Հետքը» պարզաբանում ստանալու համար դիմել էր տնօրենի պաշտոնակատար Վարդան Մանուկյանին, նա ասաց, որ գրության մեջ ներկայացված դիրքորոշումից ավելին հայտնել չի կարող։

«Պետական կառույցների պատասխանից երևում է, որ մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը ու մեր բարձրացրած խնդիրը փաստացի չի լուծվում։ Ստանդարտ պատասխան են տալիս, ասում են՝ դիմեք ոստիկանություն, բայց իրենք չեն ուզում պարզել այս գողության դեպքը»,- ասում է Գասպարյանը։

Հարկ է նշել, որ ի տարբերություն Երևանի, Հայաստանի մարզերում շտապօգնության դիակ տեղափոխող բրիգադում մեկ հոգի է՝ վարորդը, ինչը ըստ երևույթիմ, կապված է մարզային պոլիկլինիկաների և ԲԿ-ների ոչ բավարար ֆինանսավորման հետ։ Սովորաբար մարզերում հենց հանգուցյալների հարազատներն են օգնում տեղափոխել մարմինը։ Իսկ դիահերձարանները գիշերվա ժամերին փակ են լինում։

Ալվարդ Գասպարյանի համոզմամբ պետությունը պատասխանատվություն ունի փոխելու այս գործելաոճը, քանի որ այն հակասում է պատշաճ բուժսպասարկման նորմերին և նպաստում է դիակապտության դեպքերին։

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Ալվարդ Գասպարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter