HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆրանսիական դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի գլխավոր դատախազությունում ստացվել է գրություն այն մասին, որ ֆրանսիական դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ: Այդ մասին «Հետքին» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Գլխավոր դատախազությունը պատասխանը ստացել է հոկտեմբերի 28-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով: Սակայն Ֆրանսիայի դատարանները չարտահանձնելու մասին որոշումը կայացրել են հունիսի 29-ին:

Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը Հայաստանին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված է վերապահում, ինչը թույլ չի տալիս Խաչատրյանին արտահանձնել:

«Հետքն» ավելի վաղ գրել էր, որ Քննչական մարմիններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող 2 քրեական գործ կա, մեկը կարճվել էր դեռ 2009թ.: Կարճված գործը վերաբերում էր Երևանում կառուցած առանձնատանը:

Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019թ. նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու,  պաշտոնական կեղծիքի և յուրացման դրդման հատկանիշներով: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում: 

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա Գլխավոր դատախազության կողմից միջնորդության էր ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պարզվել էր, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ: 

Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Խաչատրյանների դեմ ներկայացվել է 19 մլրդ դրամ բռնագանձման պահանջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter