HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սուրիկ Խաչատրյանի 3 քրեական գործերից մնացել է 2-ը

Քննչական մարմիններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող 2 քրեական գործ կա, մեկը նախորդ տարի կարճվել է։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Կարճվել է Խաչատրյանի՝ Երևանում կառուցած առանձնատանը վերաբերող քրեական գործը։ Մեր հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով 1.5 տարվա ընթացքում իրավապահները եկել են այն եզրահանգման, որ Սուրիկ Խաչատրյանն այնպիսի ծավալի հարկ չի թաքցրել, որի համար քրեական պատասխանատվության ենթարկվի։ Հաշվարկվել է չվճարված 3.2 միլիոն դրամի գույքահարկ, որը Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկը նախաքննության ժամանակ վճարել է։ Իրավապահներն այնպես են հաշվել, որ չվճարած գույքահարկը չի գերազանցել 4 միլիոն դրամը։ Գերազանցելու դեպքում Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու հարց կառաջանար։

Ըստ դատախազության՝ շինարարության նկատամբ քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնելու օրինական լիազորություն չեն ունեցել, քանի որ բացառություն կա օրենքում։ Սեփական հողում առանց թույլտվության բնակելի տուն կառուցելու դեպքում կառուցապատողին պատասխանատվության կանչելու գործիք չկա։

Հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացած Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և հետախուզվում է իր ղեկավարած մարզի Ակներ և Նորավան համայնքների գույքերն օտարելու գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործերով։ ԱԱԾ-ում հարուցված և ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրեական գործի նյութերով, Նորավան համայնքին պատկանած 5 միլիոն դրամը գերազանցող խողովակները նախկին մարզպետի դրդմամբ, օրենքի խախտմամբ, տրվել է նրա եղբորը։

Ըստ մեղադրանքի՝ Ակներ համայնքի 0.43 հա հողակտորն էլ կեղծ աճուրդով 70 հազար դրամ գումարով, օտարվել է մի քաղաքացու, որը նույնպես մեղադրյալ է ներգրավված։ Այս հողը, ըստ ԱԱԾ–ի, դիտմամբ վաճառել են, որ հարևանությամբ հյուրանոց կառուցելու ներդրումային ծրագրի համար խոչընդոտ ստեղծեն։

Երրորդ քերական գործը, որը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, բայց նա որևէ կարգավիճակ չունի, առնչվում է իր ունեցվածքի մասին մամուլում 2013 թ.-ին հրապարկված նյութին։ Հոդվածը դատախազությանն է տրամադրել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա դիմումով՝  նշված հոդվածի հիման վրա Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կցվել է արդեն ՀՔԾ-ում քննվող Նորավան և Ակներ համայնքների քրեական գործին։

Հանրագումարով Սյունիքի նախկին մարզպետը 3 քրեական գործի փոխարեն արդեն անցնում է 2 գործով։ Նա շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Սուրիկ Խաչատրյանի խոսքով` Հայաստան կգա միայն բուժումն ավարտելուց հետո։

Հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում ընկերություն է հիմնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter