HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանին, որ նա կարողանա ստանալ շինթույլտվություն Երևանում առանձնատուն կառուցելու համար:

Ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը կառուցել է եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսի 8-ին:

Սուրիկ Խաչատրյանը դեռևս 2008 թվականին 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ձեռք էր բերել «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին պատկանող հողակտորներից 2 առանձին հողակտոր՝ յուրաքանչյուրը 1000 քմ մակերեսով: Հողակտորները գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Կարապետ Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեներում: Ձեռքբերման գործարքն այդքան էլ թափանցիկ չի եղել: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի դեռևս 2011 թ-ի հուլիսի 19-ի «41/2» որոշումից տեղեկանում ենք, որ նշված ՍՊԸ-ն 2008թ-ին վաճառել է վերը նշված հողակտորները Սուրիկ Խաչատրյանին՝ 39 միլիոն 600 հազար դրամով, որից 6.6 մլն դրամը կազմել է ԱԱՀ-ն: Գործարքը կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Սակայն պարզվել է, որ գնորդ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը նշված 0.2 հա հողամասի դիմաց վճարել է 500.000 ԱՄՆ դոլար: Հարկեր թաքցնելու համար առքուվաճառքի պայմանագրում գործարքի գինը միտումնավոր փոքր են գրել:

Նույն որոշումից տեղեկանում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը, դառնալով հողակտորների սեփականատեր, դրանք գրավադրել է բանկում և ստանալով 500 հազար դոլոր գումար, այն փոխանցել է «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին:

Փաստաթղթերով առանձնատունը չկա, իսկ իրականում այն կանգուն է 

Կադաստրի պետական կոմիտեից մեր ստացած տեղեկատվության համաձայն Սուրիկ Խաչատրյանը հողակտորների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել է 2008 թ-ի հուլիսի 18-ին (տես- 1, 2): Շուրջ 10 տարի անց՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ, հողակտորների վրա գրանցված որևէ շինություն չկա, մինչդեռ արբանյակից արված լուսանկարները հակառակն են ապացուցում:

«Google Earth» ծրագրի միջոցով կարողացանք պարզել, որ Սուրիկ Խաչատրյանի հողակտորներում հողային աշխատանքները սկսվել են դեռևս 2009 թվականի հոկտեմբեր ամսից: 2011 թվականին արդեն առանձնատան հիմքերն են գցվել՝ դրանով ազդարարելով ակտիվ կառուցապատման մեկնարկը: 2 տարվա ընթացքում կառուցվել են եռահարկ առանձնատունն ու պարիսպները, իսկ 2014 թվականին՝ օժանդակ շինությունները, որոնցից մեկը ծածկած լողավազանի է նմանվում: 2016 թվականին բակն արդեն բարեկարգվել է, իսկ 2017-ին կանաչապատվել է հողամասը, ասֆալտապատվել՝ բակային ճանապարհները, ինչպես նաև առանձնատուն տանող ճանապարհը, որն անցնում է ԱԱԾ-ի ընդունելությունների տան կողքով:

Երևանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ ստացել ենք Երևան քաղաքում տրամադրված շինթույլտվությունների վերաբերյալ ընդգրկուն տեղեկատվություն: Այդ ցանկից տեղեկանում ենք, որ Կարապետ Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեներում բնակելի տուն կառուցապատելու նպատակով 2018 թ-ի հունիսի 8-ին շինթույլտվություն է տրամադրվել քաղաքացի Սուրիկ Խաչատրյանին: Այսինքն՝ շինթույլտվություն են տրամադրել արդեն կառուցված և բնակելի առանձնատան համար, որպեսզի այն «կառուցեն»:

Բացի այդ, 2018 թվականի հուլիսի 19-ին Սուրիկ Խաչատրյանի կողմից լիազորված անձ Արագած Ղևոնդյանը քաղաքապետարանից ստացել է մի որոշում, որի համաձայն Խաչատրյանին պատկանող հողակտորների միավորման արդյունքում մեկ միասնական հասցե է տրվել՝ Կարապետ Ուլնեցու փողոց 32/12:

Առանձնատան համար գույքահարկ չի վճարվում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում 2018 թ-ի օգոստոսի 23-ին նոր հավելված է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե որքան է կազմում Երևանի ցանկացած հասցեի անշարժ գույքի գույքահարկը: Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեների վերաբերյալ հարցմամբ տեղեկանում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը առանձնատան համար գույքահարկ չի վճարում: Վճարում է կատարում միայն հողի հարկի համար, որը յուրաքանչյուր հասցեի համար կազմում է տարեկան 14 հազար 646-ական դրամ: Ընդհանուր առմամբ Խաչատրյանը վճարում է 29 հազար 292 դրամ: Առանձնատան համար գույքահարկ չի վճարվում, քանի որ այն մինչ օրս գրանցում չի ստացել:

Ապօրինի կառուցապատումն ու հարկեր թաքցնելը 

Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը 2011 թվականից ապօրինի կառուցապատում է իրականացրել Երևանի այնպիսի կետում, որը տեսանելի է Հանրապետության հրապարակից, Խանջյան փողոցից, Աբովյան փողոցից և Երևանի բազմաթիվ այլ վայրերից: Քաղաքային իշխանությունը 2011 թվականից 2018 թվականները ղեկավարել է ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազմակերպության ղեկավար Տարոն Մարգարյանը, որը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 55-րդ հոդվածի 1.6 կետի համաձայն պարտավոր էր կազմակերպել ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները: Նույն օրենքի 66-րդ հոդվածի 1.3 կետի համաձայն քաղաքապետը Երևանի տարածքում ապօրինի շինարարության դեպքի կանխման և արգելման հետ կապված` կարող էր դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար: Որը, ինչպես տեսնում ենք, չի կատարել: 

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողը պարտավոր է կառուցապատումն իրականացնել շինարարության թույլտվության հիման վրա: Այնինչ Սուրիկ Խաչատրյանը շինթույլտվությունը ստացել է միայն 2018 թվականին: Բացի դա, Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը շահագործվում է, այն դեպքում, երբ կադաստրում այն գրանցված չէ: Գրանցված չլինելով էլ՝ Երևան համայնքին չի վճարվում առանձնատան գույքահարկը: Քրեական օրենսգիրքն առանձին հոդված ունի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (205-րդ հոդվածը): Հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով:

Փորձեցինք խոսել Սուրիկ Խաչատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր: Երևանի քաղաքապետարանից էլ առաջարկեցին մեզ հետաքրքրող հարցերն ուղղել գրավոր, որն արդեն հղել ենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին: 

Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, սակայն պարզվեց, որ տեսչական մարմինը դեռ չի ձևավորվել, իսկ նախկինում գործած քաղաքաշինության տեսչությունից մեր զանգերին չպատասխանեցին:

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (8)

mahmouzian
I can give you 100 reason that this guy is the worse .for 20 year I live in that area off and on .the biggest bad dude off them dont calculate take what he has because he took it from the people when he was governor. no. he stole it all from.armenia and his people l.
Your gabe Korajianame
The research work and evidence provided is a good example of exposing regulation violators such as Surik Khachaderyan. Thank you for your work. Let's Keep up the good work and demand these outlaws pay the appropriate taxes and penalties.
mahmouzian
every body knew this guy is a bimbo .but the past government let him do it serge and him belong to the same group..
GB
I know this guy is a corrupt oligarch, but we have to encourage those rich Armenians to build their dream homes in Armenia, otherwise, they will take the money and go to Russia or the US soil. Rich diaspora Armenians should start building dream homes in their ancestral homeland!
mahmouzian
this guy is a con artist . goris . belong to him every thing and people where afraid to mention his name .that was the governor. a bimbo .nail him for all that he as done wrong and don't forget his son.
Մ.Գրիգորյան
Շատ արդար կլինի,որ այդ «անտեր» տունը պետականացվի և դարձնեն ծերանոց: Բայց ժողովրդի մեջ խոսում են, որ այդ տունը որպես փրկագին է տվել (Բուդաղյանների գործով):
Մոսես
Չեմ հասկանում, մի հատ էլ ա հեղափոխություն պե՞տք, որ սրանց անհապաղ ծակը կոխեն, փողերն ու պալատներն էլ ձեռներիցն առնեն ...
Հրայր Հակոբյան
Գույքահարկը հաշվակվում է հողի և շինության կադաստրային արժեքից։ Կադաստրային արժեքը ձևավորվում է երբ շինությունը ավարտվում է այսինքն սեփականատերը ստանում է ավարտական ակտ և այլ փաստաթղթերի հետ մեկ տեղ դիմում է կադաստր սեփականության վկայական ստանալու համար, որից հետո նոր հաշվարկվում է գույքահարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter