
Սեռ, ընտրություն, ֆաշիզմ և ազգ
Վահան Բուրնազյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դասախոս
(Բոլոր կարծիքներն ու դիրքորոշումները հեղինակինն են)
Ո՞վ է ընտրում անհատի տղամարդ կամ կին լինելը: Արդյո՞ք հետերոսեքսուալ լինելը ընտրության հետևանք է: Մեր բնությունը պայմանավորված չէ մեր ընտրությամբ:
1999 թվականին կարող էի ամուսնանալ. Ճանաչում էի մի բարեկիրթ և հիանալի անձնավորության, որը, կարծում եմ, կհամաձայներ ամուսնանալ ինձ հետ, բայց ես չառաջարկեցի, որովհետև կեղծ կլիներ իմ կողմից: Ինչպե՞ս կարող ես ստել ընկերոջդ: Անկեղծ կյանք ապրելու համար անհրաժեշտ է նախ և առաջ խիզախորեն ճանաչել ինքդ քո ճշմարիտ բնությունը և ամենայն խիզախությամբ ապրել այն բաց:
Միասեռական լինելը բնավ ընտրություն չէ: Ո՞վ կընտրեր ատված լինելու ճակատագիրը: Ո՞ր հասարակությունը, մշակույթը, եկեղեցին կամ հաստատությունը կընտրեր սուտը և փոխադարձ խաբեության վրա հիմնված հարաբերությունները: Ո՛չ սեռը, ո՛չ սեռական կողմնորոշումը ընտրություն չեն:
Ավելին, սեռը չպետք է նույնականացնել սեռական կողմնորոշման հետ: Սեռական կողմնորոշումը մի սպեկտր է, որի ամբողջ երկայնքով՝ երկու կետերի արանքում, իրենց գոյությունն ունեն անհատները: Աշխարհի մեկնաբանման մի շարք միջնադարյան տեսություններ այժմ հերքվում են, իսկ գիտությունը ապացուցում է, որ Երկիրը մի ոլորտ է, որտեղ անհատների 240-ից ավելի տեսակ ցուցաբերում է միասեռական վարքագիծ:
Պատճառն այն է, որ սեռական հարաբերությունները վերարտադրման համար չեն միայն: Ամուսնացած զույգերը սեռական կյանքով չեն ապրում լոկ վերարտադրման նպատակով: Ոչ ոք չի ապրում սեռական կյանքով գեթ բազմանալու նպատակով: Եթե բազմանալը լիներ սեքսի նպատակը, ապա բոլոր հակաբեղմնավորիչ միջոցները արգելված կլինեին և՛ օրենքով, և՛ բարոյապես, քանզի հակաբեղմնավորումը խաթարում է բազմացումն ու վերարտադրումը:
Սեքսը գերազանցություն է: Մեր անհատականությունը մեկուսացնում է ինքներս մեզ՝ դարձնելով մեզ մի հարսնյակ, որը պարուրված է բոժոժում՝ մեր մարմնում: Մենք փորձում ենք գերազանցել այս մեկուսացումը, կոտրել միայնությունը՝ միաձուլվելով մեկ այլ էակի հետ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Այս ընդհանրությունն այլ էակի հետ կատարվում է տարբեր մակարդակներում, և երբեմն այն կոչվում է սեր: Այնուամենայնիվ, ճշմարիտ գերազանցումը՝ ճշմարիտ սերը, հազվադեպ է, և եթե այն պատահում է քեզ հետ, ընդունի՛ր այն, որպես աստվածային պարգև:
Կյանքում քանի՞ անգամ է պատահել, երբ ընտրության հնարավորությունդ մերժվել է, երբ, օրինակ, ծնողդ է որոշում՝ որտեղ և ինչ սովորես, երբ ընտանիքդ է որոշում՝ ում հետ պետք է շփվես, ում հետ՝ ոչ, կամ երբ քո մասնագիտությամբ չես կարողանում աշխատել, որովհետև այդ աշխատանքը տրվել է ինչ-որ մեկին, ով ավելի ազդեցիկ է և սակավ ընդունակ, կամ էլ նույնիսկ երբ քեզ ստիպում են ամուսնանալ ինչ-որ մեկի հետ: Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող ստիպել քեզ սիրել ինչ-որ մեկին:
Ի՞նչ ես զգում, երբ ընտրության հնարավորություն չունես կյանքում: Ի՞նչ ես զգում, երբ որոշումներդ թելադրվում են քեզ: Ի՞նչ կլինի, երբ հասարակությունը պահանջի քեզնից լինել քո եսի ճիշտ հակառակը՝ այն, ինչը դու չես:
Ֆաշիզմի համար ընտրությունը նողկալի է, որովհետև ֆաշիզմը ժխտում է անհատականությունը: Ֆաշիզմը գնահատում է ազգը, բայց այն աստիճանի ծայրահեղականությամբ, որ անհատի արժեքը միանգամայն մերժվում է: Ֆաշիզմը չի գնահատում անհատին՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ:
Ֆաշիզմն ամբողջատիրական է՝ հասարակության յուրաքանչյուր շերտի ձևավորումը և վերածումը աստիճանակարգային կառուցվածքի, որտեղ բոլոր որոշումները կայացվում են վերևից, և դու պետք է ենթարկվես դրանց: Այն կյանքի յուրաքանչյուր բնագավառի ռազմականացումն է, և միակ խնդիրը, որը անհատին հուզում է այդ աստիճանակարգում, իր տեղը գտնելն է` անկախ նրանից, թե ում կտրորես, և ով կտրորի քեզ: Անխոս, բանակի ռազմականացումն ու աստիճանակարգի կազմակերպումը անհրաժեշտ է, բայց ոչ ոք չի ուզում իր կյանքն ապրել զինվորի պես՝ ենթարկվելով տարատեսակ հրահանգների: Ավելին, ֆաշիզմը պետք է այսպես թե այնպես կիրառի բռնություն և ատելություն, քանզի բոլորի համար տհաճ և անընդունելի է անհատի այս ծայրահեղականության հասած արժեզրկման գործընթացը:
Ֆաշիզմը տարերային է հայ ազգի համար այն պատճառով, որ այն սպանում է անհատականությունը, ժխտում ընտրության հնարավորությունը և զրկում անհատին զարգանալ իր ամբողջ ներուժին համապատասխան: Հայաստանն աղքատ է բնական ռեսուրսների տեսանկյունից, և միակ հարստությունն իր ժողովուրդն է թերևս: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ անհատ հայտնաբերի և զարգացնի իր բնատուր տաղանդը: Ընտրություն կատարած ուսանողը ջերմեռանդորեն կիրականացնի իր բոլոր մասնագիտական նկրտումները, ընտրություն կատարած աշխատակիցն ավելի լավ կանի իր նախընտրած գործը, սիրով ամուսնացած զույգն անպայման անեղծ և սիրով լի միջավայր կստեղծի երեխաների համար, ընտրության ուժը կիրառած անհատը կգերազանցի ինքն իրեն իր իսկ ընտրած գործում:
Անհատի համար բարին բարի է նաև ազգի համար: Ընտրություն կատարած ուսանողներով լի ֆակուլտետը դատապարտված է լինելու ավելի լավը, քանզի ուսանողների համար սովորելը ցանկություն պետք է լինի: Դասախոսը ոչ մի կերպ չի կարող ստիպել ուսանողին սովորել ճնշամիջոցների կիրառմամբ: Այն ուսանողը, որը ինքն է ընտրել իր համար հետաքրքիր ուսումնասիրության դաշտը կձգտի սովորել ավելին, իսկ ֆակուլտետը, որն ուղղակի լի է այդպիսի ուսանողներով, հաջողության կհասնի միասին՝ որպես համայնք:Այլ է հետաքրքրություն չունեցող ուսանողներով լի ֆակուլտետը: Կազմակերպություններում կամ նախարարություններում ևս եթե աշխատեն ունակ անձինք, որոնք ժամանակին ընտրել են իրենց մասնագիտությունը, կաշխատեն ավելի բարեխղճորեն և կհասնեն ավելիի, քան այն կազմակերպությունը կամ նախարարությունը, որտեղ չհետաքրքրված և ոչ ունակ աշխատակիցներ են, ովքեր պարզապես ուզում են մի աշխատանք, և գիտեմ այն մեկին, ով կտեղավորի իրենց: Պարտականությունը քիչ նշանակություն ունի չհետաքրքրված անձի համար կամ մեկի համար, ով ունակ չէ կատարել աշխատանքը: Ընտրության հնարավորության ուժը զարկ է տալիս անհատի զարգացմանը և հետևաբար նաև ազգի զարգացմանը:
Իսկ ընտանիքնե՞րը: Ընտանիքները երեխաների համար են, և յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ներդաշնակ ու սիրող ընտանիք: Յուրաքանչյուր ոք սիրում է իր երեխային, բայց տրամաբանությունը թելադրում է՝ ընտանիքի ազատ ընտրություն կատարած ծնողները միայն կարող են ստեղծել անեղծ և սիրով լի միջավայր երեխաների համար: Ես ի վիճակի չեմ փոխել իմ բնությունը: Ի՞նչ, պետք է հասարակությունը բռնությամբ և կեղեքելով ինձ դարձնի հետերոսեքսուա՞լ: Պարտքն ու պարտավորվածությունը երբեք չեն գա փոխարինելու հոգու գերազանցությանը: Միայնակ և չկայացած, կյանքիս դատարկ հորձանուտում շարունակ թափառելով՝ երբեք ոչ ոքի չէի կարող երջանկացնել, և առաջին հերթին՝ ընտանիքիս: Պարտքն ու պարտավորվածությունը լոկ ճղճիմ փոխարինողն են ընտրության:
Իսկ հասարակությունը պահանջում է, որ անհատը հրաժարվի գերազանցությունից, ժխտի ճշմարիտ սիրո հնարավորությունը, փոխարենը զբաղվի խաբեությամբ, ստով, որը ոչ միայն հակասում է անհատի ներքին բնույթին, այլ նաև զանցանք է Աստծո առջև: Իմ սեռն ու սեռական կողմնորոշումը ընտրություն չեն, իսկ եթե մեկ օր սիրահարվեմ, ապա այն հիմնված կլինի միմիայն իմ ճշմարիտ սեռական կողմնորոշման վրա և կլինի աստվածապարգև:
Մենք փոքրիկ ազգ ենք փոքրիկ մի երկրում: Հարկավոր է միմյանց հարգելու և տարածք տրամադրելու եղանակներ գտնենք: Նրանք, ովքեր բռնությանն ու ատելությանն են դիմում իրենց հայրենակիցների նկատմամբ, ովքեր ուղղակի տարբեր են, կեղեքում են իրենց եղբայրներին և ցուցաբերում հենց այն նույն անհանդուրժողականությունը, ինչն ընկած էր հայոց ցեղասպանության ակունքներում: Հայերին այս կամ այն եղանակով Հայաստանից վտարելը միայն այն պատճառով, որ տարբեր են՝ նշանակում է մեր թշնամիների գործը մեր ձեռքն առնել: Ճշմարիտ ազգայնականը հարգում է անհատականությունը, ճշմարիտը և ընտրությունը, քանզի սրանք են այն արժեքները, որոնք ծաղկեցնում են ազգը:
Մեկնաբանություններ (330)
Մեկնաբանել