HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն անցկացվեց Գյումրիում

Նոյեմբերի 17-21-ը Գյումրին հյուրընկալել էր Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Թբիլիսիից ու Ջավախքից եկած նկարիչների. «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն էր: 

Թբիլիսիից ժամանած Բեսո Գինտուրին, Շալվա Պաչոշվիլին և Գիորգի Ղամբարաշվիլին առաջին անգամ էին ոչ միայն Գյումրիում, այլև Հայստանում։ Նրանց մյուս գեղանկարիչ ընկերը՝ թբիլիսաբնակ հայ Թենգիզ Միկոյանցը, առիթ ունեցել էր Հայաստանում նախկինում մի քանի անգամ լինելու, այցելելու նաև Արցախ: Այս խմբից Գյումրիով ամենաշատը տպավորված էր Շալվա Փաչոշվիլին։ «Ամեն ինչ պարզապես հիանալի է»,- ասաց Շալվան։ Նրա նկարները շատ վառ գույներով էին, հիմնականում գերակշռում էին ոսկեգույնը, նարնջագույնը։ Ոգևորությունը կրկնակի էր, քանի որ վերջապես իր ամենասիրելի դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդավայրում էր։ 

«Ես նույնիսկ առավոտյան հատուկ գնացել եմ Ֆրունզիկ Մկրտչյանի հուշարձանի մոտ: Շատ տարօրինակ էր նրա հայացքը, ես կարդացել եմ նրա կյանքի մասին տեղեկություններ և շատ էի ցավում: Ինձ դուր եկավ, որ այնտեղ կար մի մակագրություն՝ «Մարդ պետք է միշտ մարդ մնա և երբեք ոչ մեկին վատություն չանի»»,- ասաց նա։

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեներն անցկացվում է 2012 թվականից։ 2 տարվա դադարից հետո միջազգային 9-րդ պլեներն անցկացնելու մրցույթում հաղթել էր «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը։ Ծրագիրն իրականացվում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ։ 

«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Երանուհի Սողոյանի խոսքով՝ 37 դիմում են ստացել, որից ընտրվել է 26-ը, սակայն մասնակցել է 25 նկարիչ։ Նախորդ տարիներին պլեներներն իրականացվել են Թորոս գյուղում՝ օգոստոս ամսին: Այս տարի օբյեկտիվ պատճառներով մրցութային փուլը ձգձգվել է, և 9-րդ պլեները կազմակերպվեց նոյեմբերին։ 

«Այս տարի պլեները մի քանի առանձնահատկություն ունի․ նախ՝ աշնանային է, հաջորդը՝ ուսանող նկարիչներն ավելի քիչ են, քանի որ քննական շրջան է նրանց համար, և թիմում գերակշռում են տարիքով ավելի ավագ գեղանկարիչները,- ասաց Երանուհի Սողոյանը և նկատեց, որ պլեների խորագրի հետ մասնակիցների տարիքը կարծես չի համապատասխանում, ապա կատակեց,-բայց քանի որ ստեղծագործողները և մշակույթի մարդիկ սովորաբար բոլորն էլ երիտասարդ են, մեզ մոտ արդարացված է»։ 

Արցախցի չորս գեղանկարիչներից ոչ մեկը նախկինում չէր մասնակցել «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեներին: Քարին Տակից Շուշան Բաղրյանն առաջին անգամ էր Գյումրիում։ «Գյումրին արվեստի քաղաք է, երբ մտնում ես այստեղ, առօրյան տեսնում ես, նկարելդ ինքնըստինքյան գալիս է»,- ասաց նա։

19-ամյա արցախցի գեղանկարչուհի Ասյա Ավագիմյանի խոսքով՝ երբ շփվում են պլեներին մասնակցող մյուս նկարիչների հետ, հնարավորություն է ստեղծվում աշխարհը տեսնել նրանց աչքերով։ 

«Օրինակ՝ մեր գույներն ավելի խամրած, հանգիստ են, իսկ վրացի նկարիչներինը՝ վառ»,- ասում է Ասյան։ Շուշանը հավելում է, թե գուցե դա պայմանավորված է Թբիլիսիի մթնոլորտով։

Արցախից էր նաև Իրա Թամրազյանը։ Նա 2020թ․ պատերազմից առաջ ապրել է Հադրութում, 2004 թվականից «Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Ասաց՝ պատերազմից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ և Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում բացել են Կենտրոնի մասնաճյուղեր, որ Հադրութից տեղահանված երեխաները և պատանիները շարունակեն հաճախել մշակութային այն խմբակները, որ Հադրութում էին հաճախում։

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեները մեկնարկել էր նոյեմբերի 17-ից։ Մասնակիցները նոյեմբերի 18-ին եղել էին Շիրակի մարզի Կամո, Հացիկ և Կարմրաքար գյուղերում, նոյեմբերի 20-ին՝ Հառիճավանքում: Հասցրել էին այցելել Գյումրու մտորումների թատրոն և դիտել «Ան-տերերը» ներկայացումը: Պլեների մասնակիցներն այցելել էին նաեւ գեղանկարչուհի Գոհար Պետրոսյանի արվեստանոց, հյուրընկալվել կավագործ Լևոն Հովհաննիսյանին:

Նոյեմբերի 21-ին տեղի էր ունեցել պլեների մասնակիցների նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին 5 օրերի ընթացքում 25 նկարչի ստեղծած 60-ից ավելի աշխատանք։ 19 գեղանկար պլեների մասնակիցները նվիրաբերել են «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամին։ Այս տարվա դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին հիմնադրամն այդ կտավների ցուցահանդես-վաճառք է կազմակերպելու, որից գոյացած հասույթն ուղղվելու է Շիրակի մարզի գյուղական փոքր համայնքներում ապագայում իրականացվելիք բարեգործական ծրագրերին։ 

«Շատ ջերմ, գունեղ ու աշնանային տաք գույներով հագեցած ցուցահանդես էր ստացվել: Մասնակիցներից ամեն մեկն իր ձեռագիրն էր բերել,- նկատեց Երանուհի Սողոյանը,- սակայն, կարող եմ փաստել, որ մինասյան գույներն առավել վառ արտահայտված էին վրացի գեղանկարիչների մոտ: Նրանք, ովքեր առաջիկայում կմասնակցեն մեր կազմակերպած ցուցահանդես-վաճառքին, կհամոզվեն դրանում»:

Պլեների գաղափարը Շիրակի մարզպետարանը վերցրել է մերձբալթյան երկրներից։ Դրա պարտադիր պայման է, որ մասնակիցները, որպես համերաշխության խորհրդանիշ, ծրագրի ավարտին միասին նկարեն մեկ մեծ կտավ։ Այդ կտավը նվիրաբերվում է ֆինանսավորողին՝ Շիրակի մարզպետարանին: Գալիք տարի «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 10-րդ պլեներին նախատեսվում է կազմակերպել նախորդ տարիներին նկարված մեծ կտավների ցուցադրություն։ 

Լուսանկարները՝ Վազգեն Ասատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter