HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Իրավունք ունեի՞ք նահանջել առանց զորքի մեծամասնության»․ փաստաբանը՝ նորակոչիկների գումարտակի գործով վկային

2020թ.-ի հոկտեմբերի 9-ին Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։ Հակառակորդը հարձակման է անցել, գումարտակը ստիպված նահանջել է։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Նոյեմբերի 21-ի հերթական դատական նիստին հարցաքննվեց ևս 2 վկա։

Դասակի հրամանատար, գործով վկա Ղարիբ Ջավադյանը նշեց, որ Խուռհատ սարի վրա տալով շատ զոհեր և վիրավորներ՝ որոշել են նահանջել և Թաղասեռ գյուղով գնացել են դեպի Ազոխ։

«Վահանյանը հրամայել է դիրքավորվել Խուռհատի վրա։ Երբ հարձակումն եղավ, էդ վախտ Վահանյանի ձենը լսել եմ, որ խոսում էր անձնակազմի հետ, հետո անձնակազմից հարցրել եմ, ասել են, որ Վահանյանը սկոռիով գնացել ա»,- ասաց վկան։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հարցրեց, թե ինչ էր ասում Վահանյանը։

«Ես իրանից մի քիչ ներքև էի, ձայնը լսում էի, ասում էր՝ հա, սենց լավ ա, սենց պահեք, ես հասկացա, որ ինչ-որ կամ վիրավոր ա, կամ վիրավորի ա օգնում»,- հայտնեց Ջավադյանը՝ նշելով, թե չի տեսել Վահանյանին, սակայն ձայնը լսում էր։

Վկայի խոսքով՝ չի նկատել, որ մարտերի ժամանակ Վահանյանը վիրավորում է ստացել․ «Ես իրան մի 3 օր առաջ տեսել եմ Հադրութի դպրոցում, ասում էր՝ հետևից վիրավոր ա»։

Ջավադյանն ասաց, որ այն հատվածում, որտեղ իրենք էին դիրքավորված, հրետանի չի աշխատել, և գումարտակի հրամանատարը չէր կարող բեկորային վիրավորում ստանալ։

Երբ Վահանյանը հեռացել է, գումարտակի հրամանատարի պարտականությունները ոչ մեկի չի փոխանցել, և գումարտակը մնացել է առանց հրամանատարի։

Վաշտի հրամանատարներից Վազգեն Վարդանյանը հեռախոսով կապ է հաստատել մի զինվորականի հետ, և քանի որ Ղարիբը հադրութցի է, լավ ծանոթ տեղանքին, Վազգենը հեռախոսը նրան է տվել։ Ղարիբին զգուշացրել են Հադրութ չմտնել և բացատրել են, թե ինչպես դուրս գան այդ տարածքից։

Ղարիբը դժվարացավ ասել, թե ում հետ է խոսել։

«Որ Հադրութ չմտնեինք, մտել ենք Թաղասեռ։ Դեպի Թաղասեռ գնացել ենք բոլորով, բայց դրանից հետո արդեն չեմ հիշում»,- ասաց նա։

Դատախազը հարցրեց՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը իրենց հետ եկե՞լ է Թաղասեռ։

Վկան նշեց, որ մինչև Թաղասեռ հասնելը Մուրադյանին տեսել է իրենց հետ քայլելիս, սակայն թե երբ է խումբն առանձնացել, տեղյակ չէ։

Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը մի խումբ զինծառայողների հետ, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել է դեպի Վանք գյուղ և զոհվել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե Խուռհատից իջնելիս քանի՞ զինվոր է վկայի հետ եղել։

-Չեմ կարող ասել,- պատասխանեց Ջավադյանը։

-Երբ հասաք Ձեր նշած գյուղը (Թաղասեռ,- հեղ․), Ձեզ հետ քանի՞ զինվոր կար։

-50-60 զինվոր,- նշեց վկան, հետո ճշտեց՝ 40-50։

Ջավադյանն ասաց, որ սպաներից միայն Հովհաննես Մուրադյանը չկար, մյուս բոլոր սպաներն իր հետ էին։

Վկան դժվարացավ պատասխանել հարցին, թե քանի՞ զինվոր էր պակասում։

-Դասակի հրամանատար եք եղել, քանի՞ հոգի կար Ձեր դասակում- հարցրեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

Վկան չկարողացավ նշել՝ քանի հոգի է եղել իր դասակում։

-Վիրավորվե՞լ եք պատերազմի ժամանակ,- հարցրեց դատավորը։

Ջավադյանն ասաց, որ չի վիրավորվել։

-Հիմա ամենապարզունակ հարցն եմ տալիս, Ձեր դասակում քանի՞ հոգի էր։

-Եղել ա մի 22-23 հոգի։

-Չե՞ք ճանաչել,- հարցրեց դատավորը։

-Ճանաչել եմ։ Չեմ հաշվել, բայց արդեն իմացել եմ՝ ով չկա։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ Խուռհատ բարձրանալիս քանի՞ հոգով են եղել։

Ղարիբ Ջավադյանը պատասխանեց՝ 2 վաշտով, մոտ 140 հոգի։

Այնուհետև փաստաբանը հարցրեց՝ զինվորական կանոնակարգով վկան իրավունք ունե՞ր մնացած սպաների հետ նահանջելու, երբ զորքի մեծամասնությունը նահանջի ժամանակ գնացել է այլ ուղղությամբ։

-Ոչ, իրավունք չունեինք, բայց․․

-Այսինքն, որ միասին 4 հոգով իջել, գնացել եք, խախտե՞լ եք զինվորական կանոնակարգը,- հարցրեց փաստաբանը։

Դատավորը հիշեցրեց, որ վկան իրավունք ունի իր դեմ հարցերին չպատասխանել, որից հետո վկան լռեց։

-Վերջիվերջո, Դուք խախտում թույլ տվե՞լ եք, երբ նահանջել եք՝ մյուս անձնակազմը թողնելով,- հարցրեց դատավորը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ վկան կարող է չպատասխանել հարցին։

-Սաղ օրը միասին էինք, էդ ընթացքում արդեն չեմ էլ պատկերացրել․․․,- անհասկանալի պատասխան տվեց վկա Ղարիբ Ջավադյանը։

Ռադիոկապի հաճախականությունը փոխելու դեպքում անձնակազմը կարող էր կապ հաստատել հրամանատարության հետ՝ կախված հեռավորությունից

Հաջորդ վկան Ջրականի զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանն էր։ Նա ապահովել է զորամասի բոլոր ստորաբաժանումների հետ կապը։ 

Ըստ վկայի՝ ռադիոկապով չի կարողացել լսել, թե ինչ է տեղի ունեցել Խուռհատ սարում, քանի որ գումարտակի հրամանատարի ցանցով են աշխատել, որը գնդին հասանելի չի եղել։ 

Ծատրյանը հայտնեց՝ գումարտակների հրամանատարների և զորամասի հրամանատարի միջև մշտապես գործել է 2 ռադիոցանց։

Նրա խոսքով՝ գումարտակն ունեցել է 3 տիպի ռադիոկապ, որից երկուսը գումարտակի հրամանատարի մոտ է եղել, մյուսը՝ շտաբի պետի մոտ։ Բացի այդ՝ բոլոր վաշտերն ունեցել են ռադիոկապ։ Վաշտի հրամանատարները միմյանց հետ կապվելու միջոց ունեցել են, եթե չունենային, իրեն կզեկուցեին, եւ պակասը կլրացվեր։

Ծատրյանը հայտնեց, որ գումարտակի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ կապի մեջ է եղել մինչև հոկտեմբերի 9-ը կամ 10-ը։ Հոկտեմբերի 10-ին փորձել է կապվել Մուրադյանի հետ, բայց չի ստացվել։

Դատախազը հարցրեց, թե ինչ կարգով է իրականացվում գումարտակի հրամանատարի փոխարինման դեպքում կապի միջոցների փոխանցումը։

Վկան ասաց, որ փոխվող գումարտակի հրամանատարը կապի միջոցը փոխանցում է  գումարտակի նոր նշանակված հրամանատարին։

Դատավոր Ջոն Հայրապետյանը նշեց, որ մինչ այս դատարան կանչված վկաները հայտնել են, որ ռադիոկապով չեն կարողացել կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ եւ խնդրեց պարզաբանել այդ հանգամանքը։

Ծատրյանն ասաց, որ ընդամենը պետք էր հաճախականությունը փոխել և գումարտակի կամ գնդի հրամանատարի հետ կարող էին խոսել՝ կախված հեռավորությունից։

Սակայն, վկայի խոսքով, հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարից անձնակազմը չէր կարող կապվել զորամասի հրամանատարի հետ՝ հեռավորության պատճառով։

Լուսանկարում՝ Ղարիբ Ջավադյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter