HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ թե տեղափոխել է պետք, այլ լրացուցիչ տարածքներ տրամադրել

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը Պետգույքում պաշտպանել է գիտական երկու ինստիտուտների առարկությունները

Նոյեմբերի 7-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ստացել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի գրությունը, որով առաջարկվում էր քննարկել և իրենց դիրքորոշումը ներկայացնել՝ անհատույց օգտագործման իրավունքով ինստիտուտի զբաղեցրած Երևան քաղաքի, Չարենցի 15 հասցեում գտնվող շենքը Հաշվեքննիչ պալատին հանձնելու վերաբերյալ։ Նույն գրությամբ ինստիտուտին առաջարկվում է տեղափոխվել Երևան քաղաքի Ներսիսյան 25 հասցեում գտնվող շենք, որտեղ տեղակայված է ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը:  

Պետգույքի կոմիտեն Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) առաջարկը ներկայացրել է՝ հղում կատարելով Կառավարության 2021-26թթ․ ծրագրի 6․7 կետին, որը պետական գույքն արդյունավետ կառավարելու նպատակով պլանավորված միջոցառումների մասին է․ «Առկա գույքային միավորները նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում՝ միջազգային արժեշղթաներում ինտեգրվող, ինստիտուցիոնալ գիտելիքներ ձևավորող ներդրումային ծրագրերի իրականացումը խթանելու համար»։

Պետական գույքի  կառավարման կոմիտեի գրությունը քննարկելու նպատակով Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նոյեմբերի 11-ին գիտական խորհրդի ընդլայնված նիստ և աշխատակազմի ժողով էր հրավիրել։ Մասնակիցները միաձայն և կտրականապես դեմ են արտահայտվել Պետգույքի կոմիտեի առաջարկին և գիտխորհրդի անունից առարկություն են ուղարկել ԳԱԱ-ին՝ կոմիտեին փոխանցելու նպատակով։

«Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ միայն գերարդյունավետ է օգտագործում իր պահանջները հազիվ բավարարող տարածքը, այլև տալիս է լուրջ արտադրանք, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում իրականացվող հրապարակումներով, հասարակական կարծիքի ձևավորման իր ունեցած դերակատարությամբ, ինչպես նաև՝ ներդրումային մեծ հնարավորություններով։ ՀԱԻ-ն իրականացնում է Եվրամիության և այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, արտասահմանյան խոշոր բյուջեով արշավախմբեր է ներմուծում երկիր, բացառիկ՝ որոշ դեպքերում միակ աղբյուրն է տուրիզմի զարգացման համար Հայաստանում»,- առարկությունն այսպես են հիմնավորել գիտնականները:

Հավելել են նաև, որ հակասություն չեն տեսնում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված դրույթներից պետական գույքի արդյունավետ օգտագործման և ներդրումներ ապահովելու վերաբերյալ ծրագրի բովանդակության և ինստիտուտի գործունեության միջև։

ԳԱԱ-ից «Հետք»-ին հայտնում են, որ ստացել են և՛ Հնագիտության և ազգագրության, և՛ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտների բացասական դիրքորոշումը:

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը «Հետք»-ին գրավոր հայտնել է, որ Հնագիտության և ազգագրության և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտների վերաբերյալ առաջարկված փոփոխությունների կապակցությամբ ԳԱԱ-ն ներկայացրել է իր բացասական դիրքորոշումը և պաշտպանել է երկու ինստիտուտների ներկայացրած առարկությունները:

Պետական գույքի կառավարման վարչությունում, որպես Հայաստանի վարչապետի հանձնարարականի կատարում, քննարկվել է ԳԱԱ համակարգի ինստիտուտների տարածքների առկա վիճակը: Ակադեմիայի նախագահը հայտնում է, որ քննարկման ժամանակ բարձրացրել է միջազգային մեծ հեղինակություն ունեցող Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տարածքի ընդլայնման հարցը։

«ՀԱԻ-ը տարածքի խիստ կարիք ունի, ես առաջարկել եմ տարբերակներ գտնել լրացուցիչ տարածքներ տալու և ոչ թե ինստիտուտը տեղափոխելու ուրիշ կազմակերպության մասնաշենք»,- տեղեկացնում է պրն Սաղյանը:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենը նույնպես ԳԱԱ-ին ներկայացրել է գիտխորհրդում քննարկված՝ ինստիտուտի զարգացման հեռանկարային ծրագրերը և հիմնավորված առարկություն մասնաշենքի տարածքը այլ կազմակերպության տրամադրելու վերաբերյալ: 

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխելու հարցի վերաբերյալ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նույնպես բացասական կարծիք հայտնեց։ «Կարծում եմ՝ նրանք պետք է տեղում մնան»,- ասաց նախարարը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Չարենցի 15 հասցեի շենքում գործում է 1974թ․-ից։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշեց, որ ինստիտուտը տարիների ավանդույթներ ունեցող և այսօր մեր երկրի ակադեմիական համակարգի ամենակենսունակ ու արդյունավետ հիմնարկներից է։

ՀԱԻ-ն իրականացնում է բազմաթիվ ներպետական ու միջազգային ծրագրեր, ունի կիրառական մեծ նշանակություն՝ նպաստելով Հայաստանի մշակութային ենթակառույցների, թանգարանների և զբոսաշրջության զարգացմանը:

Ինստիտուտի գիտական հետազոտությունների զգալի մասն իրականացվում է միջազգային կապերի միջոցով: Ավելի քան 10 երկրների հետ (ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Անգլիա, Իսրայել, Ճապոնիա, Ավստրալիա և այլն) արվում են մեծածավալ համատեղ ծրագրեր և առանձին հետազոտություններ։ Դրանք հնարավորություն են ստեղծում մշտապես արդիականացնելու գիտական համապատասխան բնագավառների զարգացման մակարդակը: Միայն անցյալ տարի 25-ից ավել արշավախումբ է գործել, որի կեսից ավելին միջազգային են։ Ես անձամբ երկու արշավախումբ եմ ղեկավարում՝ հայ-իտալական և հայ-գերմանական։ Այդ ծրագրերի շնորհիվ ներդրումներ են կատարվում մեր երկրում: Հարյուրավոր բանվորներ ժամանակավոր աշխատանք են ունենում, բացի այդ՝ լուրջ հենք է ստեղծվում տուրիզմի զարգացման համար։  

Պրն Բոբոխյանը շեշտում է, որ ինստիտուտի ներկայիս տեղադրությունը նպատակահարմար է՝ պետական, հասարակական ու գիտական այլ հիմնարկների հետ կապերի պահպանման և զարգացման տեսանկյունից: Ինստիտուտի գիտական ծրագրերն ու հետազոտություններն առաջին հերթին ծառայում են հայոց մշակութային ժառանգության համակողմանի ուսումնասիրությանն ու ներկայացմանը։ Մշակութային ժառանգության օբյեկտների և արխիվային նյութերի մեծ մասը, անհրաժեշտ լաբորատորիաները գտնվում են ինստիտուտի հարևանությամբ՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պատմության, գրականության և արվեստի թանգարաններում, Մատենադարանում և այլն, ինչը հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով հետազոտական աշխատանքներ կազմակերպել նաև նշված հաստատություններում: Ինստիտուտի գիտաշխատողներից շատերը հանրային դասախոսություններով, ռադիո և հեռուստատեսային ելույթներով նպաստում են Հայաստանի ու հայ ժողովրդի հասարակական և մշակութային այլ արժեքների շուրջ գիտելիքի տարածմանը:

Գրությունը ստանալուց հետո ՀԱԻ-ի տնօրինությունն այցելել է առաջարկվող Ներսիսյան 25 հասցեում գտնվող ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ: Այնտեղ հայտնել են, որ Պետգույքի կոմիտեի առաջարկն իրենց համար էլ անակնկալ էր, իրենք որևէ մեկին տարածք տրամադրելու մտադրություն չունեն։ Այցելության ժամանակ պարզել են, որ շենքը չի համապատասխանում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեության պահանջներին։

«Ինստիտուտի շենքային պայմանները տարիների ընթացքում հնարավորինս հարմարեցվել են հաստատությունում իրականացվող հետազոտական աշխատանքների և անձնակազմի պահանջներին: Այլ նպատակներով կառուցված և կահավորած շինությունները ինստիտուտի բնականոն աշխատանքներին նախապատրաստելու համար երկար ժամանակ և առնվազն մի քանի միլիոն դոլար արժողությամբ հավելյալ ծախսեր են պահանջելու պետությունից»,- ասաց պրն Բոբոխյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ այդ փաստաթղթի տակ կստորագրեր մի դեպքում, եթե առաջարկեին ավելի լավ պայմաններով և ժամանակակից ոճի շինություն։ Կոմիտեի առաջարկածը 1980-ական թվականներին կառուցված մի գործարանային շինություն է՝ երկար միջանցքներ, քանդված մանրահատակ և այլ անհարմարություններ։

«Եթե հարցը հասնի նրան, որ պայքարենք, բայց ոչինչ չստացվի ու ստիպված լինենք տեղափոխվել, այդ որոշումը պետք է կայացնի ինստիտուտի ընդհանուր ժողովը և ոչ երբեք տնօրենը»,- ասաց ինստիտուտի ղեկավարը։

Մեր հարցին, թե իր կարծիքով ո՞րն է բուհերը և ակադեմիական ինստիտուտները տեղահանելու Կառավարության նպատակը, Արսեն Բոբոխյանը պատասխանեց․ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բայց ցանկալի է, որ հատկապես հումանիտար գիտությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Մեր ինստիտուտը այդ բնագավառի ամենաարդյունավետ օղակներից է, որի աշխատանքը չափելի է. այն հումանիտար լինելով՝ բնագետներին հավասար արդյունավետություն ունի»,- ասաց ՀԱԻ-ի տնօրենը։

Նշեց, որ ինստիտուտի հետազոտությունների արդյունքում հարյուրավոր ֆունդամենտալ աշխատանքներ են հրատարակվել ու շարունակվում են հրատարակվել, որոնք պատիվ են բերում մեր երկրին ու պետությանը։ Միայն 20  հատորից ավելի հայկական հեքիաթներ են հրատարակվել։ Հեքիաթները ժողովրդին բնորոշող հասկացություններ, արքետիպեր են, որոնք դարերով են ձևավորվում, և այդ ժողովրդին հասկանալով՝ նրա հոգեբանությունը կարող ես հասկանալ։ Այս ինստիտուտը խորհրդանիշներ է ստեղծում ժողովրդի համար, որոնք մարդու համար հոգևոր ուղենիշներ են։ Դրանցով ես առաջ գնում, եթե այս ուղենիշը չունես՝ չես կարող վերադառնալ ինքնությանդ։

Ինստիտուտի տեղափոխության հարցի քննարկումը գիտխորհրդում շատ բուռն է եղել, և աշխատակիցները նույնպես իրենց տեսակետները հրապարակավ ներկայացնելու ցանկություն ունեն։

Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ, ՀԱ ինստիտուտի Ազգաբանության, Հայ ազգագրության բաժնի գիտաշխատող

Այս առաջարկը հիմնավորում չունի։ Երեք տարի է, ինչ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսվում է, բայց հիշում եմ, որ դրանից երեք տարի առաջ էլ խոսվում էր բուհերը միավորելու մասին։ Այն ժամանակ էլ այդ հարցը կարծես օդից ծագած լիներ, քննարկված չէր, ուղղակի մեխանիկորեն ասում էին՝ ակադեմիայի ինստիտուտները միանան համալսարանին, որպեսզի եվրոպականի նման դառնան հետազոտական համալսարաններ։ Բայց դրա մեջ չկա գնահատում, թե այս պահի դրությամբ համալսարանական կրթությունն ինչ վիճակում է, ինչ պոտենցիալ, հասարակական ինչ դիրք ունի։ Ակադեմիան ինչ վիճակում է, իսկ միացման գործընթացն արդյոք փոշիացում չի ենթադրում։ Վրաստանում մի քանի տարի առաջ դա արել են՝ ինստիտուտները տարրալուծել են համալսարանների մեջ, որի արդյունքում դրանք փոշիացել են, նրանց գտնել չի լինում։ Բոլորս էլ գիտենք, որ հետազոտական համալսարաններն են լավագույնը, բայց մեր երկրի գիտական համակարգը տարբեր կերպ է ձևավորվել։ Հիմա մենք դիրքավորվում ենք իբրև համայնքային ինքնություն, տեսանելի ենք դառնում որպես համայնք, եթե  տարրալուծվենք համալսարանի մեջ՝ դրանից պետությունն ի՞նչ է շահում։

Գիտական համայնքներին ուզում են ռեֆորմի ենթարկել առանց քննարկման։ Ռեֆորմների մեջ պարտադիր է հաղորդակցման ռազմավարությունը, եթե դա բաց թողեցիր, ամենալավ ռեֆորմն էլ տապալվելու է։

Գայանե Շագոյան, ազգագրագետ Արդիականության ազգաբանության բաժնի գիտաշխատող

Ակնհայտ է, որ մայրաքաղաքի կենտրոնական բուհական շենքեր զբաղեցնողներն են առաջին հերթին վերամիավորում՝ առանց դրան նախապատրաստող քննարկումների, ուսումնասիրությունների, հիմնավորումների. սա բավականին լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Կարծես թե կենտրոնական տարածքում գտնվող շենքերի վերաբաշխում է կատարվում և գործառույթների փոփոխություն։ Չենք կարող բացառել, որ այդ շենքերը վաղը մյուս օրը կդնեն աճուրդի և ընդհանրապես կրթական ոլորտից դուրս կգան։

Այն տրամաբանությունը, որ անընդհատ հնչեցվում է, իբրև թե շատ ավելի նպատակահարմար է կրթական համակարգը և հետազոտական ինստիտուտները միավորել մեկ հաստատության ներքո, իմ կարծիքով` մեր ունեցած կրթական համակարգի, համալսարանական համակարգի և աշխատաշուկայի պարագայում այնքան էլ հիմնավորված և հաշվարկված չէ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ կառավարման ծրագրերի մեջ այդ հեռանկարն է, ապա ՀԱԻ-ը այն լավագույն օրինակն է, երբ հետազոտական հաստատությունն իր գործառույթներով, մասամբ նաև իր գտնվելու վայրի շնորհիվ լավագույնս ինտեգրված է կրթական համակարգի մեջ, որովհետև աշխատողները միաժամանակ և՛  հետազոտողներ են, և՛ դասավանդողներ։

2012թ․-ից ի վեր ինստիտուտը պարբերաբար անցկացնում է գիտական սեմինարներ, որոնք բաց են ոչ միայն գիտնականների համար, դրանց մեծամասամբ մասնակցում են կողքի բուհերի ուսանողները։ Այն, ինչ ենթադրվում է Աշտարակում՝ ակադեմիական քաղաք անվամբ, արդեն կա՝ Երևանի կենտրոնում բուհական փոքր քաղաք է գործում։ Դա հնարավորություն է տալիս, որ ուսանողները միաժամանակ դասերի մի մասն անցկացնեն ինստիտուտում, լաբորատորիաներում, ծրագրերի, սեմիանարների, գիտաժողովների մասնակցեն, որովհետև ինստիտուտի գտնվելու վայրն այդ հնարավորությունը տալիս է։ Եթե հիմա ՀԱԻ-ը տեղափոխվի Զեյթուն, այդ կապն ուղղակի կընդհատվի։ ՀԱԻ-ի այդտեղ գտնվելը այդ գործառույթն իրականացնելու համար պարտադիր պայմաններից մեկն է։

Եթե այս առաջարկից ենթադրենք, որ ինստիտուտը լուծարման վտանգի առաջ է կանգնած, ապա հարց է առաջանում, թե ինչպես կարելի է պատկերացնել Հայաստանի զարգացումն առանց մշակութային հիմնարար բովանդակություն հաղորդող այս գիտական հաստատության։ Մինչ օրս հասկանալի չէ, թե ինչ ծրագրի ներքո է տեսանելի Աշտարակ ակադեմիական քաղաքի ստեղծումը. այն չի քննարկվել, դրա վերաբերյալ չկա որևէ հիմնավոր հաշվարկ, բայց ծրագիրը գեներացվում և հանրայնացվում է։ Տարբեր ոլորտներում բազմիցս համոզվեցինք, որ «քանդենք, հետո գուցե կառուցենք» տրամաբանությունը չի աշխատում։ Մինչև մի բան քանդելը, պետք է հասկանալ, թե ինչն է, որ աշխատում է։ 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Լալայան
Եթե չեն տրամադրում ավելի լավ պայմաններ, ուրեմն սխալ են ու չարաշահում են պաշտոնեական դիրքը, նման որոշում տալիս։ Չի կարելի նման կառույցների դեմ գործել։ Պետք է տալ զարգանալու հնարավորություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter