HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակում քննարկվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել վարչապետի կայքում։

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Նախատեսվում է ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում հայտնեց վարչապետը՝  նշելով, որ նպատակ ունեն խոշորացնել բուհերը։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրի մշակումը՝ հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով: Վարչապետի խոսքով՝ ակադեմիական քաղաքի հիմնումը կնպաստի նաև Արագածոտնի և հարակից մարզերի զարգացմանը, կրթական, հետազոտական կլաստերների ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունների թվում է, և այն արդյունավետորեն կյանքի կոչելու համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter