HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանը 2 նոր վարկ կստանա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը

Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց 2 նոր վարկային համաձայնագրերի կնքմանը։ 

ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կկնքվի 100 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր։ Այն տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Հայաստանը կարող է դիմել նաև ամբողջ գումարը միանգամից ստանալու համար։ Վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով։

Մեկ այլ համաձայնագրով՝ Հայաստանը 100 մլն դոլարի վարկ կստանա Ասիական զարգացման բանկից։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշոց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 % է։

«Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է։ Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից․․․Ասում են՝ վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ։ Յոթ միլիարդ, հա՞, քանի՞ միլիարդ է դարձել ընդհանուր»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ պետական պարտքն այս տարվա վերջին 10 միլիարդից ավելի կլինի։

Նշենք, որ 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր մոտ 9 մլրդ 933 մլն դոլար՝ վեց ամսվա ընթացքում աճելով 706 մլն դոլարով կամ 7.7%-ով։

«Հա, 10 միլիարդ և այլն, էդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք՝ էսինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, վայ քու, ոնց ա լինելու, ենթադրենք՝ էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իրա համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ոչ թե աճի, այլ նվազի»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023թ.-ի վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter