
Փաշինյանը բաց և դրական է համարում ՀԱՊԿ-ի քննարկումը՝ չնայած փաստաթղթերը չստորագրելուն
«Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում: Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման»,- Կառավարության այսօրվա նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ կկարողանան լրամշակել դրանք և գալ ընդհանուր հայտարարի։ «Ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը, և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, էլի մեր չստորագրելու պատճառով, բայց ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը, և դրական եմ համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները»,- ասաց Փաշինյանը՝ հուսալով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականացվեն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։
«Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է նա։
Մեկնաբանել