
Իլհամ Ալիև. «Զանգեզուրի միջանցքի հարցը մենք քննարկել ենք ռուսաստանցի պաշտոնյաների հետ»
«Զանգեզուրի միջանցքի հարցը մենք քննարկել ենք ռուսաստանցի պաշտոնյաների հետ իմ վերջին հանդիպման ժամանակ»։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։
«Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքի հարցը ռուսաստանցի պաշտոնյաների հետ իմ վերջին հանդիպման ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանը ունակ է արգելափակել այդ միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա ևս դա չի անի՝ հաշվի առնելով նրա հետաքրքրվածությունը տարածաշրջանային հաղորդակցային նախագծերում։ Այդ նախագծերը ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ, հակառակը՝ միայն ի շահ շահագրգիռ բոլոր կողմերի»,- նշել է Ալիևը։
Ալիևը խոսել է նաև Եվրամիության հետ հարաբերությունների մասին։ «Հիմա մենք գտնվում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի խորհրդակցությունների եզրափակիչ փուլում։ Այն պատրաստ է ավելի քան 90 %-ով։ Մենք ԵՄ-ի հետ չենք ստորագրել ասոցացման համաձայնագիր։ Դրա փոխարեն մենք նախընտրել ենք երկկողմ համագործակցության ձևաչափը»,- հավելել է Ալիևը։
Խոսելով Արևելյան գործընկերության մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ադրբեջանն այդ գործընկերությունը համարում է Եվրամիության հետ համագործակցության կարևոր տարրերից մեկը, այլ ոչ ԵՄ երկրների հետ համագործակցության հարթակ։
Լուսանկարը՝ Azertac-ի
Մեկնաբանել