
Իրանահայ պատգամավոր. Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզն արժեք չունի առանց Սյունիքի ու հայ-իրանական սահմանի
Իրանում հակակառավարական ցույցերի աշխարհագրությունն ընդլայնվում է: Այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասում է, որ հիմա ցույցեր են ոչ միայն Թեհրանում, այլեւ երկրի արեւմուտքում գտնվող Քուրդիստան նահանգի քաղաքներում, Սպահանում:
Ըստ հայ գործչի՝ հակակառավարական բողոքի ցույցերը ամբողջական պատկերի մեջ պետք է դիտարկել: Նրա խոսքով՝ ավելի քան 2,5 ամիս տեւող ցույցերը մի քանի հնարավոր պատճառներ ունեն: Առաջինը երկրի տնտեսական, սոցիալական դժվարություններն են: Բեգլարյանը նշում է, թե գաղտնիք չէ, որ Իրանի ժողովուրդը դժգոհ է առկա սոցիալական վիճակից, որը հատկապես սրվել է վերջին 3 տարիներին: Այս ցույցերը, սակայն, նախորդների համեմատ ավելի երկար են տեւում, այնինչ 2017 եւ 2019 թթ. ցույցերը, Բեգլարյանի հիշեցմամբ, մեկ ամիս էլ չտեւեցին:
Իրանը, ըստ «Հետքի» զրուցակցի, մոդեռնիզիմի եւ կրոնական ընկալումների բովում է: Հակառակ որոշ իսլամական երկրների՝ Իրանում զարգացման գործընթաց եղել է, ու ժողովրդի կողմից այդ ուղղությամբ հակումը միշտ էլ կա: Ցույցերի երկրորդ ենթադրելի պատճառը երիտասարդության ազատությունն է, կանանց իրավունքները, գլխաշորի թեման, այսինքն՝ առկա սահմանափակումներին ընդդիմանալը:
Սակայն, իրանահայ գործչի համոզմամբ, ներքին դժգոհության ալիքի տակ, այնուամենայնիվ, չի կարելի անտեսել արտաքին ուժերի գործոնը: «Իրանի նման աշխարհարգրական դիրք, ռեսուրս ունեցող երկիրը ուզի-չուզի նախանձ կշարժի: Համենայն դեպս, ուզում են տեսնել ավելի թույլ Իրան: Կարծում եմ՝ սա որպես լուրջ գործոն պետք է նկատի ունենալ: Անկախ նրանից, որ Իրանում ներքին դժգոհությունը կարող է իրական հիմք ունենալ, հատկապես՝ սոցիալական վիճակը, արտաքին ուժերը կարող են օգտվել այդ հանգամանքից՝ փորձելով առաջադրել իրենց օրակարգը»,- ասում է Իրանի Մեջլիսի հայ պատգամավորը:
Նա նշում է նաեւ Իրանի հյուսիսային հարեւան Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը, ինչն Իրանի համար լուրջ սպառնալիքներից է: Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ Իրանում բացեիբաց խոսում են ներքին գործընթացների վրա արտաքին հնարավոր ազդեցության մասին:
Մյուս կողմից՝ մեր զրուցակիցս նկատում է, որ Իրանի ժողովուրդը, վերջին տարվա ընթացքում քաղաքականացված լինելով, կարողանում է քաղաքական գնահատականենր տալ ու գիտակցում է, որ երկրին կարող են լուրջ վտանգներ սպառնալ, այդ թվում՝ մասնատումը:
Հարցին, թե վերջին շրջանում Իրանն ու Ադրբեջանն իրենց հայտարարություններում միմյանց հանդեպ քննադատությունների փոխհրաձգության մեջ են եւ այդպես մինչեւ ուր կարող են հասնել, Ռոբերտ Բեգլարյանը պատասխանում է, թե Իրանում տեսակետ կա, որ Ալիեւի ռեժիմն ինքն իր կամքով չի անում այդ ամենը, այսինքն՝ գործում է այլոց թելադրանքով: Այնուհանդերձ, նկատում է, որ Իրանի քաղաքական գործիչները բավականաչափ զգոն են, որ ծուղակը չընկնեն:
Իրանը, ըստ «Հետքի» զրուցակցի, գծել է իր «կարմիր գծերը», պահանջները, ինչպես, օրինակ, Հայաստանի պարագայում, ինչը երեւում է հատկապես վերջին ամիսներին իրանական կողմի հայտարարություններից: Սակայն միեւնույն ժամանակ Թեհրանը փորձում է իր հարցերը Բաքվի հետ լուծել դիվանագիտական լծակներով: Բայց թե ապագայում ինչ կլինի, դժվար է ասել, հատկապես որ այս տարածաշրջանում ընթացող պրոցեսներն ու համաշխարհային «քաշքշոցը» շաղկապված են: Ներկա աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումները, հայ պատգամավորի համոզմամբ, անպայման ազդելու են նաեւ մեր տարածաշրջանի վրա:
«Իրանը միշտ արտահայտվել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, եւ արտաքին ուժերը բացի նրանից, որ բարդացնում են այդ հարցերը, ուրիշ դերակատարում չունեն»,- ասում է Ռոբերը Բեգլարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Իրանն այս պահին տարածաշրջանում արտաքին ուժերից Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի դերակատարությունն առավել ազդեցիկ է գնահատում, ընդ որում՝ բրիտանական գործոնը պայմանավորված է Կասպից ծովի նավթով:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մեր զրուցակցի խոսքով, որպես գերտերություն այն կփորձի իր ազդեցությունն ունենալ տարածաշրջանում կամ էլ իր ձեւով կառավարելի դարձնել տարածաշրջանի անվտանգության խնդիրները:
«Էներգետիկ հարցը ԱՄՆ-ի համար լուրջ հարցերից է: Հատկապես Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում բացատրվում է նրանով, որ դա ԱՄՆ-ի ազդեցությունը շեշտակի կդարձներ այս տարածաշրջանում: Սրան ավելացնենք ՆԱՏՕ-ի հավակնությունները դեպի արեւելք, մյուս կողմից՝ Չինաստանի հավանական հզորացումը, որին արդեն բոլորս ականատես ենք: Եվ բնական է, որ այս ամենը ԱՄՆ-ին կմղեր ցայտուն ներկայություն ունենալու տարածաշրջանում»,- մեկնաբանում է Իրանի Մեջլիսի հայ պատգամավորը:
Հարցին, թե ինչպես է գնահատում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը եւ ՀՀ հավանական պատասխան քայլը Թավրիզում, Ռոբերտ Բեգլարյանն արձագանքում է, որ այդ քայլը դեռ ուշացած կարելի է համարել, նույնը՝ Թավրիզում: Ըստ նրա՝ գլխավոր հյուպատոսության բացումը տարբեր պատգամներ կարող է ունենալ: 44-օրյա պատերազմից հետո Իրանն ավելի լուրջ ընկալեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնի, նույնն ընկալեց Հայաստանը: «Անկախ որոշ քաղաքական որակումներից, որ կարելի է ունենալ, մեկ իրականություն կա՝ Իրանի սահմանը շատ կարեւոր է Հայաստանի համար, նույնը՝ Իրանի համար: Երկար տարիներ երկու երկրներն ունեն տնտեսական հարաբերություններ, եւ փորձը ցույց է տալիս, որ հյուպատոսական հարցեր միշտ լինում են: Հետեւաբար, հյուպատոսարանի բացումը տրամաբանական է»,- նշում է իրանահայ պատգամավորը՝ ավելացնելով, որ այս պահին ամենացայտունը իրանական բեռնատարների խնդիրն է, ինչի հետ կապված երբեմն առաջանում են վարչարարական հարցեր:
Հարցին, թե արդյոք կարող է իրանական հյուպատոսությունը զսպող գործոն դառնալ ադրբեջանական ագերսիային, Բեգլարյանը պատասխանում է, որ իրեն միշտ հարցնում են, թե մինչեւ որտեղ կարող է առաջանալ Իրանը, իսկ ինքը նշում է՝ դեռ չգիտի, չի կարող ասել: Սակայն այսօր Իրանում լավ ընկալում են, ու դա նաեւ երկրի առաջնորդն է հայտարարում, որ Հայաստանի հետ սահմանը «կարմիր գիծ» է, սահմանները պետք է չփոխվեն: Իրանահայ պատգամավորը նշում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզն արժեք չունի առանց Սյունիքի ու հայ-իրանական սահմանի: Ավելացնում է՝ Իրանը գիտակցում է, որ դրանից հետո հարվածի տակ ինքն է հայտնվելու:
Իրանի սահմանադրության համաձայն՝ Մեջլիսում կրոնական փոքրամասնությունները կարող են ունենալ 5 պատգամավոր: Դրանցից երկուսը հայերինն է՝ հարավային եւ հյուսիսային իրանահայությանը: Ռոբերտ Բեգլարյանը հարավային իրանահայության (կենտրոնը՝ Սպահան) ներկայացուցիչն է խորհրդարանում: Պատգամավոր է եղել 2004-2016 թթ., կրկին ընտրվել է 2020-ին: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Նախկինում աշխատել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում:
Մեկնաբանել