HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ռուսաստանի 14 հազար քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ցանկանում ստանալ․ մեծ մասը հայեր են

Ռուսաստանի 14 հազար 661 քաղաքացի Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Դիմողների ճնշող մեծամասնությունը՝ 97 %-ը, ազգությամբ հայ է։ Այս տվյալները «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

«Հետք»-ը տվյալներ էր ստացել, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։  

Ըստ իրավապահ մարմնի տվյալների, 2022 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 27-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 19 հազար 630 դիմում։ Դիմումատուների բացարձակ մեծամասնությունը՝ 19 հազար 19-ը, ազգությամբ հայ է։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է գրանցվել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց՝ մարտ ամսին։ Եթե հունվարին և փետրվարին ՀՀ քաղաքացիության համար դիմել էր համապատասխանաբար 643 և 892 անձ, ապա մարտին՝ 1670, ապրիլին՝ 2154, մայիսին՝ 2180, հունիսին՝ 2378, հուլիսին՝ 2645, օգոստոսին՝ 2363, սեպտեմբերին՝ 2449,  հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 27-ը՝ 2256 անձ։

Այս տարի ՀՀ քաղաքացիության համար դիմած 19 հազար 630 դիմումատուների աշխարհագրությունը հետևյալ պատկերն ունի․ ՌԴ քաղաքացի՝ 14.661 անձ, Վրաստանի քաղաքացի՝ 1715 անձ, Լիբանանի քաղաքացի՝ 1045 անձ, Սիրիայի քաղաքացի՝ 528 անձ, Իրանի քաղաքացի՝ 456 անձ, ԱՄՆ քաղաքացի՝ 220, Ուկրաինայի քաղաքացի՝ 225 անձ և այլ երկրների քաղաքացիներ:

Նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու 8591 դիմում է ներկայացվել, իսկ 2020 թ.-ին՝ 7869 դիմում:

Հաջորդիվ կներկայացնենք, թե ՀՀ քաղաքացիության համար դիմած անձանցից քանիսն է ստացել ՀՀ քաղաքացիություն, ի՞նչ տարիքի և ինչ սեռի անձինք են։

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Ինֆոգրաֆիկան՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter