HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Թուլացրե՛ք տրտմության եռանկյունին»․ Կաննի կինոփառատոնի այս տարվա հաղթող ֆիլմը Երևանում

«Թուլացրու տրտմությանդ եռանկյունին՝ հոնքերի միջև տարածությունը»,- ասում է գովազդային գործակալը մոդել Կառլին ֆիլմի սկզբում։ 

Կինոդիտման ամբողջ ընթացքում հանդիսատեսի տրտմության եռանկյունին ամբողջովին թուլացած էր, ֆիլմում սարկազմի բարձր չափաբաժինը ուղեկցվում էր հանդիսատեսի  բարձր ծիծաղով, երբեմն նաև ծափերով։

Ֆիլմի դիտումից առաջ Ոսկե ծիրան փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը մի քանի բառով ուրվագծեց Ռուբեն Էստլունդի ռեժիսորական ֆենոմենը:

«Տարօրինակ մտածողությամբ, սատիրիկ, որը հակադրվում է սկանդինավյան, հյուսիսային փոքր-ինչ սառնասիրտ բողոքական փիլիսոփայությանը, այդ ուրիշ հյուսիսի վառ ներկայացուցիչն էր ավագ սերնդի ռեժիսոր Ռոյ Անդերսոնը, իսկ հիմա իր շառավիղներից  Ռուբեն Էստլունդը, որի ֆիլմերը վերելք ապրեցին ամբողջ եվրոպական կինոփառատոնների քարտեզով մեկ։ 2022թ․-ի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»  դափնեկիր՝ «Տրտմության եռանկյունի» Ռուբեն Էսլունդ։ Բարի դիտում»,- ասում է Կարեն Ավետիսյանը:

Ֆիլմը սկսվում է  քասթինգային միջավայրում, որտեղ մոդելներին պատկերավոր բացատրում են գովազդային աշխարհի նրբությունները․ «Կան թանկ և շքեղ բրենդներ, օրինակ՝ Balenciaga, որի համար ընդունում ենք խորհրդավոր, խոժոռ դեմքեր և կան էժանագին, ուրախ բրենդներ, օրինակ՝ H&M, որի համար պետք է հիմարի պես ժպտալ»։

Երիտասարդ մոդելներ Կառլ և Յայա զույգը ռեստորանում սկսում են վիճել հաշիվը փակելու շուրջ, Կառլին թվում է, որ միշտ ինքն է վճարում, մինչդեռ Յայան ավելի շատ է վաստակում, այդտեղից էլ բացվում է ժամանակակից հարաբերությունների առանձնահատկությունները։ 

Ռուբեն Էսլունդը հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ ֆիլմում շատ դրվագներ իր կյանքից է վերցրել:

«Ես վերցնում եմ իմ կյանքի ամենաանհարմար պահերը և բերում եմ ֆիլմ, այդպիսի դրվագներից է, օրինակ, զույգերի վեճը հաշիվ փակելու շուրջ։ Օրինակ՝ ընկերուհու արհամարհական տված 50 եվրոն, որը ֆիլմի հերոսը գցում է վերելակի անցքի մեջ, իմ երիտասարդ կյանքից է, եթե նույնիսկ փնտրեք, կարող եք գտնել իմ 50 եվրոն, հյուրանոցի վերելակներից մեկում»:

Ռեժիսորը ֆիմը բաժանել է երեք մասի, երկրորդ մասում Կառլ և Յայա զույգը հայտնվում է շքեղ նավի վրա, որտեղ մեծահարուստները իրենց շվայտ հանգիստն են վայելում։ Գործող կերպարներն են ռուս օլիգարխն իր կնոջ և սիրուհու հետ, որոնց համար ուղղաթիռով Nutella են բերում, բրիտանացի տարեց զույգը, որոնք բարի ժպիտով պատմում են, թե ինչպես են ձեռքի նռնակների վաճառքով զբաղվում, շվեդ մեծահարուստ ծրագրավորողը, որը բոլորին պատմում իր կոդերից, որոնք ոչ ոքի չի հետաքրքրում և միշտ հարբած մարքսիստ նավապետը։ Նավի վրայի կենտրոնական դիսկուրսը նավապետի (գլխավոր դերում հոլիվուդյան աստղ Վուդի Հառելսոն) և ռուս օլիգարխի զրույցն է, սոցալիզմի և կապիտալիզմի շուրջ, ճաշկերույթի ժամանակ, որտեղ բոլորի մոտ սկսվում է սրտխառնոց ծովային հիվանդությունից։ 

Ֆիլմի ռեժիսորի խոսքով՝ նավապետի և օլիգարխի զրույցը նույնպես ասոցիատիվ է: 

«Մայրս սոցիալիստ է, իսկ եղբայրս համոզված «կոնսերվանտ», ֆիլմում տեղ գտած դիսկուրսը մեր ընտանիքում անվերջ քննարկվող թեմաներն են»,- ասում է ռեժիսորը։ 

Շքեղ նավարկությունն ընդհատվում է նավի վրա ծովահենների հարձակումով։

Ֆիլմի երրորդ մասում նավի ողջ մնացած անձնակազմը հայտնվում է անմարդաբնակ կղզում, որտեղ սոցիալական աստիճանակարգումը գլխիվայր շուռ է գալիս։ Պարզվում է, որ միակ մարդը, ով կարող է ձուկ որսալ և կրակ վառել նավի սպասարկող անձնակազմից է՝  զուգարանի մենեջեր ֆիլիպինցի Էբիգեյլն է։ Իր իշխանությունը միանգամից հասկանալով՝ զուգարանի նախկին մենեջերն իրեն հռչակում է «կապիտան», իսկ մնացածը հոժարակամ ընդունում են գերիշխանությունը։

Կապիտալիզմի ջատագով օլիգարխը արտասանում է մարքսիստական «Յուրաքանչյուրից` ըստ իր կարողությունների» կարգախոսը։

Ամբողջ ֆիլմի սարկաստիկ ընթացքն ընդհատվում է վերջին կադրում, շունչը պահած հանդիսատեսը, արտաշնչում է միայն անակնկալ հայտնված լուսագրերի ժամանակ։ Իսկ թե ինչով է ավարտվում ֆիլմը, և ինչպես է անցնում ամբողջ ընթացքը, կիմանաք նայելով ֆիլմը՝ 2 ժամ 20 րոպե տևողությամբ, որ արժե ծախսել այս «ատրակցիոնի» համար։

«Այս ֆիլմը եվրոպական և ամերիկյան կինոավանդույթների համադրություն է, այն ԱՏՐԱԿՑԻՈՆ է մեծահասակների համար»,- այսպես էր բնորոշել իր «Տրտմության եռանկյունի»-ն Կաննի դափնեկիրը։

Նոյեմբերի 26-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ֆիլմի ԱՊՀ երկրների տարածքում իրավատեր CLUB TROPICANA ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ տարվա գլխավոր ֆիլմերից մեկի՝ Ռուբեն Էստլունդի «Տրտմության եռանկյունի» ֆիլմի հատուկ ցուցադրությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter