HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տան դուռը բացելուց արդեն գիտեի, որ ինքն է, կյանքով լի էր, կգոռար՝ պա, ես եկա, կըսեի՝ գիտեմ, գիտեմ, որ դու ես»,- ասում է զոհվածի հայրը

20-ամյա գյումրեցի զինծառայող Կարեն Կարապետյանը 1 տարի և 2 ամիս էր ծառայության մեջ, երբ 2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։

Կարենի մայրը՝ Արմինե Գևորգյանը, հիշում է, որ հարձակման օրը Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչն էր, համաքաղաքացի Արթուր Ալեքսանյանը պայքարում էր չեմպիոնի տիտղոսի համար։ Իսկ Կարենը, որ ֆուտբոլիստ էր, բոլոր սպորտաձևերը սիրում էր։ «Էդ գիշեր զանգեց, թե՝ մա, ես չեմ կրնա միացնեմ նայեմ, շուտ-շուտ զանգեմ, ընձի պատմեք՝ ինչ կեղնի»,- պատմում է Արմինե Գևորգյանը։

Կարենի քույրը՝ Նունե Կարապետյանը, ասում է՝ այդ օրը վերջին երկու ժամում գրեթե 10 րոպե պարբերականությամբ բոլորին զանգել է. «Երևի մե 6 անգամ ընձի զանգեց։ Կըսեր՝ գնա նստի տելեվիզրի դեմը, ուշադիր նայե, որ սաղ պատմես»։

Վերջին անգամ Կարենը զանգել է հորը՝ Տիգրան Կարապետյանին։ Նրանք ոչ մի արտառոց խոսակցություն չեն ունեցել, հակառակը՝ շատ ուրախ խոսել են Արթուր Ալեքսանյանի հաղթանակի մասին։ «2 րոպե հետո նորից զանգեց, թե՝ հբը Չալյանն ինչ է եղե։ Ես էլ ըսեցի՝ անջատե, իմանամ՝ ինչ է եղե, քեզի հետ զանգեմ։ 23։38 էր՝ զանգեցի, ըսեցի, որ Չալյանը մեկը կրել է, մյուսը՝ կրվե, հետո բարի ծառայություն մաղթեցի ու վերջ»,-ասում է հայրը։ Ընդամենը րոպեներ հետո՝ 00։05-ին իմանում են, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։ Փորձում են Կարենի հետ կապ հաստատել, բայց այդպես էլ չի ստացվում։

Կրտսեր սերժանտ Կարեն Կարապետյանը Վերին Շորժայի 114-րդ մարտական դիրքի ավագն էր։ Հարձակումից հետո այդ դիրքի՝ ողջ մնացած զինվորները Կարենի մորը պատմել են, որ գիշերը՝ հարձակման ժամանակ, եղել է նահանջ հրաման։ Կարենը՝ որպես դիրքի ավագ կազմակերպել է զինվորների նահանջը։ Դիրքի 9 զինծառայողից 7-ը ողջ է մնացել։ Զոհվել է Կարեն Կարապետյանը, իսկ նրա մտերիմ ընկեր Ալիկ Մանուկյանը արդեն 3 ամիս է՝ անհետ կորած է համարվում։ 

Կարենի մարմինը ադրբեջանական կողմը հոկտեմբերի 17-ին է հանձնել Հայաստանին՝ զոհվելուց 35 օր անց։ «Կյանքիս ամենադաժան օրերն էին, ամեն օր կզարթնեի լավ լուրի հույսով։ Չնայած օր օրի հասկանալի կդառնար, որ էդ լուրը չենք ստանա, բայց ես կվանեի էդ մտքերը»,- ասում է մայրը։ Հիշում է՝ մի քանի անգամ էլ տնից դուրս է եկել՝ ԴՆԹ անալիզ հանձնելու այն մտքով, որ իր տղան կարող է զոհվածների շարքերում լինի, բայց վազելով վերադարձել է՝ մեղադրելով ինքն իրեն, որ մտածում է ամենավատի մասին։ «Ախր, իրա հետի ծառայողները կըսեին՝ անհնար է Կարենին ինչ-որ բան էղնի, ինքը ամենալավ քարտեզ իմացողն էր, տեղանքում հաստատ կկողմնորոշվիր»,- ասում է մայրը։

«Ես լավ գիտեի, որ ինքը փախնող տղա չէր, որ հերթը չէր հասնի տեղանքում կողմնորոշվելուն, ինքը էնքան դուխով էր, որ ես ի սկզբանե գիտեցել եմ՝ մինչև վերջ կռիվ է տվե ինքը»,- զրույցին միջամտում է Կարենի քեռակինը՝ Անի Բաղդասարյանը, որ Կարենի հետ շատ մտերիմ է եղել։ 

Քույրը պատմում է, որ իրենց ծանոթներից մեկը, որի հետ կապ են հաստատել սեպտեմբերի 15-ին, կողքի դիրքում է եղել, պատմել է, որ ծանր մարտեր են ընթացել, և Կարենն է մարտը վարել։ «Էդ տղեն ըդքանն ըսեց ու չշարունակեց, երևի գիտեր արդեն, որ․․․»,- ասում է Նունեն՝ հուզմունքից ընդհատելով խոսքը։

Lռություն է իջնում, որը մերթընդմերթ խախտվում է ֆոտոխցիկի ձայնից։ Կարենի զոհվելուց հետո Կարապետյանների տանը միշտ ծանր լռություն է։ Հոր խոսքով՝ իրենց տան հոգին ու ուրախությունն էր նա։ «Տան դուռը բացելուց արդեն գիտեի, որ ինքն է, շուխուռով, կյանքով լի էր ինքը, կգոռար՝ պա, ես եկա, կըսեի՝ գիտեմ, գիտեմ, որ դու ես»,- ասում է հայրը։ 

Հարցնում եմ, թե ինչ հետաքրքրություններ ուներ Կարենը։ Հայրը ցույց է տալիս տան պատերին գնդակի հետքերը․ «Տիա, էս էր իրա տարերքը»։ Զորակոչվելուց առաջ Կարեն Կարապետյանը խաղում էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբում՝ որպես դարպասապահ։ «Ընձնից հեչ բան չէր պահանջե, 20 տարվա ընթացքում 1 անգամ դարապասապահի ձեռնոց եմ առե։ Էդ ձեռնոցը ու քիչմ էլ դաստիարակություն եմ տվե իրան»,- ասում է հայրը ու, չկարողանալով շարունակել զրույցը, դուրս է գալիս տնից։ 

Կարենի դիրքապահ մի քանի ընկերներ դեպքից հետո այցելել են նրա ընտանիքին, պատմել են, որ Կարենը ցանկություն է հայտնել զորացրվելուց հետո Մասիս սար բարձրանալ։ Ծառայության ամբողջ ընթացքում Կարենն աչքի է ընկել կարգապահությամբ, հաճախակի է խրախուսման արժանացել, արձակուրդ եկել։ «Որ գուկար տուն, տղեքը կզանգեին, թե՝ Կարեն, ե՞րբ բդի գաս, տեղդ շատ կերևա»,- հիշում է քույրը։

Հյուրասենյակում մայրը Կարենի անկյունն է ստեղծել, տղայի նկարների մոտ զգուշորեն վառում է մոմերը, ապա ցույց տալիս մատանին, որ ծառայության մեկնելուց առաջ Կարենն ընկերուհու հետ էր փոխանակել։ Որոշել էին Կարենի զորացրվելուց հետո նշանադրվել։ «Ամեն անգամ զանգելուց կըսեր՝ մա, բեյիս մատնիքը լավ պահե, մինչև գամ։ Իրա ոչ կատակը կհասկնայի, ոչ՝ լուրջը»,- նշում է մայրը։ Նույնիսկ հարսանիքի քավոր էր ընտրել՝ համածառայակից Ալիկ Մանուկյանը, որ մինչ օրս անհետ կորած է։ 

Արմինեն շարունակում է ցույց տալ Կարենի իրերը։ Ձեռքն է վերցնում գրպանի աղոթագիրքը, որտեղ Տունդարձի աղոթքն է գրված։ Ինքն էր որդուն նվիրել ծառայության մեկնելիս։ Ասում է՝ միշտ վախեցել է, թե տղային կարող է չդիմավորել։ Կարենի նկարի կողքին նրա կնունքի խաչն է, որի թելի՝ նարոտի վրա արյան ու հողի հետքեր են։ Զոհվելու պահին Կարենի խաչը պարանոցին է եղել։

«Իմ իմանալով՝ ըդպես կենեն մենակ դուխով ու կռվող զինվորներին։ Թե չէ՝ ադրբեջանցին հայի մարմնի վրա դաջած խաչ տեսնելուց էլ քերելով կհանե, իսկ Կարենիս կնունքի խաչն անգամ հետը հանձնել էին»,- ասում է մայրը։

Կրկին լռություն է իջնում, այն ընդհատում է Կարենի մայրը․ «Օֆ, էնքան օր կապրինք, էլի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter