HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եղել է հրաման՝ «ով ոնց կարողանում ա՝ դուրս գա», Ցորի Դ-20 հրետանավորներից 21-ը չկարողացան դուրս գալ

Արցախի Հանրապետության Դ-20 հրետանային դիվիզոնի երկու նախկին զինվոր երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկայություն էր տալիս 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում շրջափակման մեջ հատնվելու դեպքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին՝ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: Համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, մեկը անհայտ կորած է համարվում։

Նոյեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք տվեց այս գործով վկայակոչված երկու զինվոր։ Դ-20 հրետանային դիվիզոնի 1-ին մարտկոցի վարորդ Գարիկ Թամոյանը դատարանին հայտնեց, որ Դ-20 հրետանային դիվիզոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը եղել է մայոր Գևորգ Գևորգյանը։ 2020թհոկտեմբերի 12-ին հրետանային դիվիզոնը գտնվում էր Ջուվառլու կոչվող տեղամասում։ Երկու օր այնտեղ գտնվելուց հետո հակառակորդը հրետանիով խոցել է 3-րդ մարտկոցի 3 հրանոթները, որի ժամանակ զոհվել և վիրավորվել են զինծառայողներ։ Նույն օրը, հստակ չի հիշում, հոկտեմբերի 8-ին կամ 9-ին անձնակազմը գիշերով վերադարձել է Ջրաշխարհի հարակից տարածքի կրակային դիրքեր, պատրաստել և կահավորել են կրակային դիրքերն ու անցել ծառայության։ Այնտեղ 1-ին մարտկոցը կրկին զբաղեցրել է իր նախկին դիրքը, իսկ 2-րդ մարտկոցը՝ եղել է իրենցից աջ, 3-րդ մարտկոցն այլևս իրենց հետ չի եկել։

Լուսաբացին մոտ զբաղեցրել են կրակային դիրքը, այդ ժամանակ հակառակորդը բավականին ինտենսիվ հրետակոծում էր դիրքերը, իրենք պատսպարվում էին, ապա ստանալով նշանակետ՝ անցնում էին մարտի և այդպես երկու օր շարունակ։

Վկան հայտնեց, որ մայոր Գևորգ Գևորգյանը պատերազմի առաջին օրերին նշանակվել էր Դ-20 դիվիզիոնի շտաբի պետ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան, մոտավորապես ժամը 6-ին մարտկոցի սպաներից Նվեր Ավանեսյանը գոռալով ասել է, որ անցնեն շրջանաձև պաշտպանության, իսկ վարորդներին հանձնարարվել է մոտեցնել մեքենաները։ Ինքը եղել է 2-րդ հաշվարկի վարորդը և վարել է «Ուրալ» մակնիշի մեքենա։ Մեքենաները կայանել էին մարտկոցի առաջ, 300 մետր հեռավորությամբ՝ հողաթմբի նմանվող հատվածում։ Հրամանը ստանալուն պես արագ գնացել և մեքենան մոտեցրել է իրենց հաշվարկի անձնակազմին։ Մյուս վարորդները նույնպես իրենց մեքենաները մոտեցրել են, և զինվորները սկսել են հրանոթները հավաքել, որ կցեն մեքենաներին։

Սակայն մի քանի վայրկյան անց, «թողնել» հրաման է տվել։ Մեքենաները վերադարձրել են նախկին տեղերը, իսկ իրենք վերադարձել են հաշվարկի անձնակազմի մոտ։ Դրանից մոտ 5-6 րոպե անց, սպաներից Նվեր Ավանեսյանը բարձր ձայնով ասել է «Մոտենում են, արագ մեքենաները մոտեցրեք, լքում ենք կրակային դիրքը»։ Ինքը վազելով գնացել ու մեքենան մոտեցրել է հաշվարկի անձնակազմին, ապա իջել է, որ բորտը բացի անձնակազմի նստելու համար։ Անձնակազմն անմիջապես մոտեցել է մեքենային, սակայն հակառակորդն այդ ժամանակ առջևի մասից սկսել է կրակել։ Անձնակազմը թաքնվել է մեքենաների մոտ և պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ։ Այդ ժամանակ զինվորներից Գեորգի Բալայանն է ոտքից վիրավորվել։ «Նկատեցի թշնամու զինվորներին, որոնք առջևի բլրի վրա պառկած դիրքից կրակում էին մեր ուղղությամբ։ Մի քանի փամփուշտ կրակելուց հետո Գոռ Ափանոսյանն ասել է՝ խնայողաբար օգտագործեք փամփուշտները։ Հետո թիկունքից վիրավորվեց Արթուր Ասրյանը, հետո Գոռը ոտքից վիրավորվեց»,- դատարանին հայտնեց վկա Գարիկ Թամոյանը։

Վկան պատմեց, որ գնալով կրակոցները շատանում էին, կրակային տարածքն ընդլայնվում էր և մի քանի վայրկյան անց նկատել է, որ զինակից ընկերը՝ Արթուրն, անշարժ ընկած է։ Մյուսներն իր տեսադաշտում չէին և մտածել է, որ կա՛մ անցել են մեքենայի մյուս կողմը, կա՛մ հողաթմբի հետևում են պատսպարվել։ Թշնամին խոցել էր իր մեքենայի անիվները և չէր կարող իր մեքենան շարժել։ «Ես անցել եմ հրանոթների թիկունք և պառկել եմ, փամփուշտներս արդեն վերջացել էին, Գալուստ Սարգսյան ինձ փամփուշտներ է տվել։ Այդ ժամանակ լսեցի Հայկ Անտոնյանի ձայնը, որ վիրավորվել էր ոտքից, հետո ՄՈԲ-ից Վաչիկի ձայնը, որը նույնպես վիրավորվել էր»,- հայտնեց վկան։

Գ Թամոյանը պատմեց, որ մի քանի րոպե իրենց կողմից կրակոցները քչացան, բայց հակառակորդը շարունակում էր կրակել։ Ընթացքից զգացվում էր, որ մեր անձնակազմի մեծ մասը կամ զոհվել է կամ վիրավորվել։ Մեքենաներից մեկը, որի մեջ արկեր կային, հակառակորդը խոցել էր, այն պայթեց ու մի բեկոր մտավ իր ոտնաթաթի մեջ։ Հակառակորդն այդ ժամանակ իրենց դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա էր, մոտենում էին երեք կողմից՝ առջից, աջից և հետևից։ Մութն արդեն ընկել էր, բայց դեռ տեսանելիություն կար։ Նկատել են, որ նրանք կրակում են զոհված կամ վիրավորված անձանց վրա։ «Արդեն մոտենում էին ինձ ու Գալուստին, երբ մոտակայքում ընկած ռադիոկապով լսվեց՝ «60 ո՞նց եք»։ Այդ պահին հակառակորդը կանգ առավ ու հետ գնացին։ Ռադիոկապով ասված այդ մեկ նախադասությունը փրկեց մեր կյանքը»,- հայտնել է վկան իր նախաքննական ցուցմունքներում։

Գարիկ Թամոյանը պատմեց, որ ինքն ու Գալուստը մոտ 2-3 ժամ անշարժ պառկած են մնացել տեղում, այդ ընթացքում այլևս կրակոցներ չեն լսվել։ Հասկացել են, որ դուրս գալու ժամանակն է, ինքը ցածր ձայնով հարցրել է՝ սաղ մարդ կա՞։ «Գլուխս մի փոքր բարձրացրի և տեսա, որ բոլորն անշարժ պառկած են։ Մեքենան դեռևս այրվում էր, և լույսը թույլ էր տալիս տեսնել հարակից տեղանքը։ Մենք սողալով գնացինք 2-րդ մարտկոցի ուղղությամբ, որից հետո սկսեցինք վազել ճանապարհի ուղղությամբ։ Մոտ 10 րոպե քայլելուց հետո հայերեն խոսակցություն լսեցինք։ Հարցրեց՝ ո՞վ ես, ձայնից ճանաչեցի Արտյոմ Հակոբյանին, որը վիրավոր էր և թաքնվել էր ճանապարհից դուրս թփերի մեջ։ Մեր գոտիներով կապեցինք նրա վերքերը ու միասին շարունակեցինք ճանապարհը։ Մոտ 20-25 րոպե քայլելուց հետո տեսանք 2-րդ մարտկոցի վարորդ Սամվել Ղազարյանի դին, որը ծածկված էր զինվորական համազգեստով։ Ավելի ճիշտ, հետո իմացանք, որ նա է եղել»,- հայտնեց վկան։

Ճանապարհին «06» մակնիշի մի լքված մեքենա են տեսել, բանալիները գտել են, Արտյոմը մեքենան վարել է, ու գնացել են Ջրաշխարհի կողմը։ Հասել են մի գյուղի, որտեղ մարդիկ են եղել ու իրենց տեղափոխել են Կարմիր Շուկայի հոսպիտալ։ Արտյոմը մնացել է այնտեղ, իսկ ինքն ու Գալուստը տեղափոխվել են գյուղի մանկապարտեզ։ Մեկ օր հետո գնացել են Ստեփանակերտ՝ իրենց զորամաս, որտեղ արդեն հավաքվել էր շրջափակումից դուրս եկած զորամասի անձնակազմը։

Վկան հայտնեց, որ Ջուվառլու կոչվող կրակային դիրքից դիվիզիոնի կառավարման դասակից հաջողվել է դուրս գալ 5 հոգու, իսկ 1-ին մարտկոցից՝ Սերգեյ Դարագուլյանին, Արթուր Սահակյանին, Արիկ Գոքորյանին և մի քանի պահեստազորայինի։ Կառավարման դասակից Արգիշտի Բիչախչյանը և 1-ին մարտկոցից Դավիթ Ազատյանը մնացել են դիրքում։

Կառավարման դասակից 4 հոգին դուրս են եկել շտաբի պետ Գևորգ Գևորգյանի մեքենայով։ Հայտնեց, որ իր լսելով կրակային դիրքից առաջինը դուրս է եկել Գևորգ Գևորգյանը, սակայն նրան գնալուց չի տեսել։ Պատմել են, որ Ա Բիչախչյանը վազել է մեքենայի հետևից, սակայն չեն կանգնել, որ նստի։ Կառավարման դասակի «Սատկո» մակնիշի մեքենայի վարորդ Արամ Օհանյանը պատմել է, որ մեքենայի մեջ 5-6 հոգու կարող էին տեղավորել, սակայն Գ Գևորգյանը, իրեն սեռական բնույթի հայհոյանք տալով, ասել է «Քշի՛ր, թե չէ քեզ ստեղ կխփեմ գլխից»։

Գ Թամոյանը, պատասխանելով դատավարության կողմերի հարցերին, թե երկրորդ հրամանի ժամանակ թշնամին ի՞նչ հեռավորության վրա էր գտնվում իրենց դիրքերից և, արդյոք, նրանք հայկական համազգեստ էին կրում, հայտնեց, որ հարձակումը սկսելուց 2-3 րոպե հետո արդեն թշնամին տեսանելի էր։ Նրանց հագի համազգեստը նմանեցրել է իրենց համազգեստին, ռուսերեն խոսակցություն է լսել, նաև հայերեն են խոսել և ասել են, թե օգնության են եկել իրենց։

Վկային տրված մյուս հարցերով դատավարական կողմերը ցանկանում էին պարզել, թե ե՞րբ է կրակակետից դուրս եկել հրամանատար Գևորգ Գևորգյանը, նրա դուրս գալը փախո՞ւստ է որակում և, եթե նա տեղում գտնվեր՝ կարո՞ղ էր փոխել իրավիճակը։

Գ Թամոյանը հայտնեց, որ երկրորդ հրամանի ժամանակ, երբ ասացին՝  «ով ոնց կարողանում ա՝ դուրս գա», նա իր դասակից մի քանիսի հետ դուրս է եկել։ Ես մտածում եմ, որ հրամանատար Գևորգյանը պատասխանատու է եղել իր ողջ դասակի համար, այդ թվում՝ Արգիշտի Բիչախչյանի և Դավիթ Ազատյանի, որոնց ևս պետք է իր հետ հաներ։ Քանի որ նա փորձառու սպա էր, ենթադրում եմ, որ կարող էր օգնել գրագետ նահանջ կատարելու հարցում։ Երբ երկրորդ հրամանն է եղել՝ մեքենան մոտեցնել հաշվարկին, մոտեցրել ու կանգնել է, մեքենայից իջնելուն պես կրակոցները սկսվել են։ «Սկսեցինք պաշտպանվել, ով ինչպես կարող էր՝ այդպես պաշտպանվում էր, մեզ մոտ հրամանատար չի եղել այդ ժամանակ։ Գ Գևորգյանին չեմ տեսել, որը պետք է լիներ կրակայինում, եթե այնտեղ լիներ, հնարավոր է, որ ավելի գրագետ պաշտպանություն լիներ։ Հետագայում իմացել եմ, որ նա դուրս է եկել մեքենայով։ Կրակային դիրքի կառավարում պետք է լիներ, եթե հրամանատար լիներ»,- ավելացրեց վկան։

Դատավարության կողմերի և դատավորի հարցերին պատասխանելով՝ մի քանի անգամ կրկնեց, որ հրամանատարը նա էր, եթե տեղում լիներ՝ պետք է ինքը կազմակերպեր պաշտպանությունը։ Ո՞վ էր ստեղծված վիճակի մեղավորը հարցին, պատասխանեց «Նրանք են մեղավոր, ովքեր տեղում պետք է լինեին և պաշտպանություն կազմակերպեին։ Չի եղել մարդ, որ նման իրավիճակում ասեր, թե ինչ արվեր, բայց հնարավոր է, որ մեծ մասը չզոհվեր, եթե հրամանատար լիներ։ Կարող է և ավելի շատ զոհեր տայինք»,- ասաց Գ․ Թամոյանը։

Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը դատարանին հայտնեց, որ այս մասով որոշակի հակասություներ է տեսնում վկայի դատարանում և նախաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև և միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ Հրապարակելուց հետո դարձյալ մի քանի ճշգրտող հարցեր տվեցին։ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ Գևորգ Գևորգյանն ի՞նչ գործողություն կարող էր անել, եթե տեղում լիներ, պատասխանեց․«Մեկը լիներ, որ կարողանար կազմակերպել, ասեր, թե ինչ անես, որովհետև մենք այդ պահին չգիտեինք, թե ինչ անենք»։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հարցին, թե դեպքից հետո ի՞նչ մանրամասներ է հայտնի դարձել նրան, հայտնեց «21 անձ կրակային կետից դուրս չի եկել։ Տեղեկացանք, որ 2-րդ մարտկոցն առանց զոհեր տալու դուրս է եկել կրակակետից։ Լսել եմ, որ Դավիթ Ազատյանը և Արգիշտի Բիչախչյանը չեն կարողացել դուրս գալ, որովհետև մեքենան շարժվել է, և վերջինս չի հասցրել նստել»։

Հրամանատար Գևորգյանը մեզ մոտ էր և արդեն նստել էր մեքենան

Հրամանատար Գևորգ Գևորգյանի գործողությունների մասին ավելի որոշակի պատմեց հարցաքննված մյուս վկան՝ Դ-20 հրետանային կառավարման դասակի կապավոր Խաչիկ Քոչարյանը։ Դեպքի մասին նա հետևյալը պատմեց․ հոկտեմբերի 12-ին, մոտավորապես ժամը 6-ի սահմանում հրաման են ստացել՝ հավաքվել և դուրս գալ կրակային կետից։ Անձնակազմը սկսել է հավաքվել, իսկ վարորդները մեքենաները մոտեցրել են անձնակազմին, այդ ժամանակ տվել են՝ «թողնել, մերոնք են» հրամանը։ Մեքենաները վերադարձել են նախկին տեղերը, իրենք անցել են ծառայության։ Այդ ժամանակ ԳԳևորգյանը կառավարման դասակի անձնակազմին հանձնարարել է հավաքվել կիսաքանդ շինության մոտ։ Հրամանից մոտ 10 րոպե անց մեկը բղավել է՝ «Ով ոնց կարողանում ա՝ լքի կրակային դիրքը»։ Չեմ հիշում, թե ով ասաց՝ գնացեք, նստեք մեքենան։

«Գևորգյանը վարորդ Արման Օհանյանին հրամայեց «Սատկո» մեքենան մոտեցնի մեզ։ Արմանը մեքենան մոտեցրեց ճանապարհին, Գևորգյանն արդեն նստել էր մեքենան, ովքեր շենքին ավելի մոտ էին՝ նստեցին։ Այդ պահին կրակոցներ կային, մյուս մեքենաները կայանված մնացին նույն տեղում։ Ես ոտքս դրեցի, որ բարձրանամ՝ մեքենան տեղից պոկվեց, մեջը գտնվողները բռնել են իմ թևերից և օգնել են, որ բարձրանամ։ Մեքենայի հետևից վազում էր Արգիշտի Բիչախչյանը՝ մոտ 2-3 մ հեռավորության վրա և չհասցրեց նստել։ Մեքենայի թափքում գտնվող զինվորները բղավում էին, հարվածում էին կաբինկին (խցիկ), դռան ապակուն, որ կանգնի, Արգիշտին նստի։ Չեմ կարող ասել՝ մեր ձայները լսե՞լ են, թե՝ ոչ, բայց չկանգնեցին։ Մի քանի մետր վազելուց հետո Արգիշտին տեսնելով, որ մեքենան չի կանգնում, վերադարձավ շինության մոտ»,- պատմեց վկան։

Խաչիկ Քոչարյանը հայտնեց, որ իրենց մեքենան հասել է Տող գյուղի մոտ, մի քանի րոպե հետո այնտեղ են հասել նաև 2-րդ մարտկոցի մեքենաները։ 1-ին մարտկոցից որևէ մեքենա դուրս չի եկել կրակակետից։ Իրենք մնացել են այնտեղ, իսկ սպաները հետ են գնացել, բայց չեն կարողացել մտնել կրակային դիրք։ Վերադարձել են և որոշ ժամանակ հետո տեղափոխվել են Կարմիր շուկա, այնտեղ մի քանի հոգու հետ իրենց միացել է դիվիզիոնի հրամանատարը, բացի հրետանու պետից, որը մինչ օրս անհայտ կորած է։ Լույսը բացվելուց հետո տեղափոխվել են իրենց զորամաս։

Վկան հայտնեց, որ իրենց ծառայակիցներից 20 հոգու զոհվելու պատճառը՝ «թողնե՛լ, մերոնք» հրամանն էր։ Հետո ես լսեցի, որ շտաբի պետին ռացիայով ասացին՝ «ով ոնց կարող ա, դուրս գա»։ «Ես սպա չեմ, չեմ կարող ասել, թե դրանից հետո նրանք կարո՞ղ էին պաշտպանություն կազմակերպել, բայց Գևորգյանը պատասխանատու էր բոլորի համար»,- հայտնեց Խ․ Քոչարյանը։

Գևորգյանի արարքը փախուստ որակո՞ւմ եք հարցին, պատասխանեց․ «Այո, որովհետև նա էր շտաբի պետը և ոչինչ չի արել 1-ին մարտկոցի անձնակազմին օգնելու համար։ Նա կրակային դիրքում գտնվող բարձր պաշտոնյան էր»։

Զոհված զինծառայողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը վկայի նախաքննական ցուցմունքների հետ հակասություններ նկատեց և դատարանին միջնորդեց հրապարակել ցուցմուքները։ Ի պատասխան վկան հայտնեց, որ դեպքից երկու տարի է անցել, առաջ ավելի լավ էր հիշում, շատ բաներ արդեն մոռացել է կամ լավ չի հիշում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter