HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողեք, միեւնույն է՝ խաղաղությունը բերում են արծիվները»

Սեպտեմբերի 28-ին ազատամարտիկ Յուրա Հարությունյանը պատրաստվում էր 100 հոգի կամավորական տանել Արցախ, երբ կինը զանգել ու ասել էր, որ թոռը՝ Նարեկը, զոհվել է:

Այդ օրը տատը՝ տիկին Վերան, թոռան անուն-ազգանունը կարդացել էր զոհվածների ցուցակում: Գույժի մասին հայտնել էին Նարեկի հորն ու մորը, ովքեր բնակվում էին Մոսկվայում: Նարեկը 3-րդ դասարան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Հայաստան գալուց եւ բանակ զորակոչվելուց առաջ տնեցիներին ասել էր. «Գնում եմ պարտքս տամ, հետ գամ»:

77-ամյա Յուրա Հարությունյանի ձեռքերը չափազանց սառն են, աչքերն արագ լցվում են թոռան անունը լսելիս: Սենյակում վառարանը մարել է, ցուրտ է:

Արմավիրի մարզի Թաիրով գյուղի նախկին կենցաղի տանն են ապրում ազատամարտիկ Յուրա Հարությունյանն ու կինը: Նրանց գրեթե ողջ թաղամասը գազիֆիկացված է, բայց իրենց տանը գազ չկա:

Տան հետեւում՝ ճանապարհի մոտ, Նարեկի հիշատակի ցայտաղբյուրն է, կողքին՝ եռագույնը: Ցայտաղբյուրի վրա գրված են Նարեկի խոսքերը՝ «Հիշեք անունս ու գրեք մեծատառով»:

Հյուրասենյակի պատին պապը թոռան հուշանկյունն է պատրաստել: Ամանորյա վառվռուն լույսերը նկարների շուրջ են, ու հիմա հենց այս կետում են խտացված հարազատների ցավն ու կարոտը:

Մենք լուռ տեղավորվում ենք սենյակում եւ ուշադիր դիտում նկարները: Պապը մերթընդմերթ մաքրում է աչքերը: Պատերազմն այս մարդուց ժամանակին խլել է հորը, տարիներ անց՝ թոռանը:

Յուրա Հարությունյանն արմատներով Կապանի Շիշկերտ գյուղից է: Փոքր էր, երբ ընտանիքով տեղափոխվել են ներկայիս Արմավիրի մարզ: Պատմում է, որ 1990-ականների պատերազմին մի ընտանիքից կամավորագրվել էին երեքով՝ ինքը, հայրն ու որդին՝ Վոլոդյան՝ Նարեկի հայրը: Ասում է՝ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավագ է եղել Թամանյան դիվիզիայում ու թիկունքից վիրավորում ստացել:  

1991 թ. կամավորական Յուրա Հարությունյանն ու հայրը ռմբակոծության տակ են ընկել, հայրը զոհվել է, ինքը՝ վիրավորվել ու կորցրել մի աչքի տեսողությունը, մյուսն էլ 30 տոկոսով է տեսնում:

«Հորս մահից հետո վրեժով լցվեցի»,- նշում է զրուցակիցս ու լռում: Մինչեւ 1994 թ. մայիսիյան հրադադարը եղել է մարտի դաշտում: Իր պատմելով՝ մասնակցել է մարտական գործողությունների տարբեր ուղղություններում՝ Կապան, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան, Մարտակերտ: 1993-ին բազմաբեկորային երկրորդ վիրավորումն է ստացել Բերձորի մոտ, սակայն վիրահատության գնացել է մոտ 10 տարի անց:

Առաջին պատերազմի մասնակիցը մինչ օրս որեւէ կարգավիճակ չունի, ասում է՝ անգամ արխիվում չկան նյութերը, որպեսզի կարողանա զինվորական թոշակ ստանա:

Յուրա Հարությունյանը 4 երեխա ունի՝ երկու որդի եւ երկու աղջիկ, ավելացնում է՝ ու 7 թոռ: «Բայց Նարեկս չկա… Իր նման երեխա էս հասակիս չեմ հանդիպել, ի՜նչ տեսակի հասկացողություն ուներ»,- ասում է պապը, բայց նրա բառերը, կարծես, մորմոքի պես են: Ու այդ կսկիծը, ասես, անշեջ կրակի պես վառվում է նրա դեմքին, նայում ես ու չգիտես՝ ինչ պատասխան գտնել:

Նարեկը երկու եղբայրներից կրտսերն էր: 2001-ին էր ծնվել: Պապն ասում է՝ երբ թոռը ծնվեց, բժիշկներն ասացին՝ Սասունցի Դավիթն է ծնվել՝ 5 կգ-ից ավելի քաշով:

6-7 տարեկանում սկսել է զբաղվել ձյուդոյով: Տնեցիներին գուցե թվար, թե մանկական զվարճանք է, բայց Նարեկը լուրջ էր տրամադրված: Ռուսաստան տեղափոխվելուց հետո շարունակել է զբաղվել ձյուդոյով, մասնակցել տարբեր մրցաշարերի: «Մեր հայկական դրոշը 10 տարի բարձր ա պահել Ռուսաստանում, աշխարհի չեմպիոն էլ ա եղել»,- նկատում է պապն ու հայացքը կախում:

Մեր զրույցի ժամանակ ներս է մտնում Նարեկի հայրը՝ Վոլոդյան, լուռ նստում է: Առհասարակ զրույցի ժամանակ գրեթե չի խոսում, մտքերի մեջ է, ու դժվար է հասկանալ հոր ապրումները: Երբեմն սենյակից դուրս է գալիս ու նորից մտնում: Ծանր լռություն է, իսկ մեր հարցերը՝ անհեթեթ թվացող:

Նարեկի ավագ եղբոր՝ Յուրայի զինծառայության օրերին էլ տեղի էր ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմը: Յուրան եւս Ռուսաստանից ինքնակամ էր եկել Հայաստան՝ բանակ զորակոչվելու:

Հայաստան գալուց հետո՝ նախքան զորակոչվելը, Նարեկն ընդունվել էր ուսումնարան բանկային գործ մասնագիտությամբ: Հասցրել էր սովորել մի քանի ամիս: 2020 թ. հուլիսի 12-ին զորակոչվել էր: Ծառայության էր անցել Մարտակերտում: Չնայած մայրն ու հայրը Ռուսաստանից չէին կարողացել գալ՝ բանակ ճանապարհելու, ամբողջ բարեկամությունը հավաքվել էր:

Տատը հեռախոսով ցույց է տալիս զորակոչի նախորդ գիշերվա տեսանյութը: Նարեկի մազերն են կտրում: Ծիծաղի եւ բարձր տրամադրության մեջ լսվում է նրա ուրախ ձայնը: «Մեռնեի, չիմանայի, որ իմ թառլեն բալեն կորավ»,- ասում է տիկին Վերան:

Տատն ու պապը, Ռուսաստանում գտնվող ծնողները հաճախ էին խոսում Նարեկի հետ: Ծառայությունը լավ էր անցնում:

Յուրա պապի ասելով՝ Նարեկին չպետք է տանեին բանակ, քանի որ երիկամի խնդիր ուներ, երբեմն ուժեղ ցավեր էր ունենում սրտին խփող: Վնասվածքը ստացել էր ձյուդոյի մրցաշարերի ժամանակ, ինչից հետո նրան հակացուցված էր ֆիզիկական ծանր աշխատանք կատարել:

Պապն ասում է՝ Նարեկը 6 անգամ հանձնաժողով է անցել ու որեւէ մեկին թույլ չի տվել միջամտել: Զորակոչվելու ծանուցագիրը ստանալուց հետո գնացել փաթաթվել էր պապին, իսկ երբ վերջինս ակնարկել էր, որ կարող է միջամտել՝ առողջական այդ վիճակով չզորակոչելու համար, թոռն արձագանքել էր. «Պապ ջան, մեռնեմ քեզ, եթե դու ինձ շատ ես սիրում, չգնաս»:

2020 թ. սեպտեմբերի 12-ին պապի 75-ամյակի առիթով հարազատները հավաքվել էին: Նարեկը զանգել, շնորհավորել էր, տրամադրությունն էլ բարձր էր:

Պատերազմի նախօրեին, ըստ պապի, Նարեկը բուժկետում էր, քանի որ ոտքերն ուռել էին զինվորական ճտքավոր կոշիկներում: Սեպտեմբերի 27-ին էլ Նարեկը բուժկետում էր: Պապի խոսքով՝ հրամանատար չի եղել, թշնամու հրետակոծության ժամանակ զինվորներն աջուձախ փախել են անտառները:

«Մի ծանոթ գնդապետ կար Մարտակերտում, հետս անընդհատ կապվում էր: Իր քրոջ տղայի անունն էլ էր Նարեկ: Երեք Նարեկ փախել էին անտառ, ասում էր՝ Յուրա ջան, անհոգ մնա, Նարեկդ անտառում ա, չենք կարում մոտենանք, մոտ օրերս կմոտենանք: Մի 4-5 օրից մոտեցել են, տեսել են՝ Նարեկը չկա, զանգում ա՝ Յուրա ջան, կներես, ցավդ տանեմ, քու Նարեկդ զոհվել ա, ստեղ չկա»,- ասում է 77-ամյա պապն ու հայացքը շրջում դեպի թոռան հուշանկյունը:

Պատերազմի օրերին Վոլոդյան Արցախ էր գնացել՝ որդու մարմինը գտնելու: Նրան սկսել էին փնտրել Հայաստանի գրեթե բոլոր դիահերձարաններում: Այդպես՝ 2 ամսից ավելի:

Վերա տատը պատմում է, որ դիահերձարանում Նարեկի մարմինը ճանաչել է եղբայրը՝ Յուրան: Ու չնայած ԴՆԹ անալիզի պատասխանը բացասական է եղել, հարազատները վերցրել են իրենց հանձնված փակ դագաղը: Այդեւհանդերձ, հուղարկավորությունից հետո էլ նրանք շարունակում են հավատալ, որ Նարեկը ողջ է, գուցե Իրանի սահմանն է հատել, գուցե Բաքվում է՝ գերիների շարքում:

«Մտածում եմ, որ հրաշք կլինի»,- շշուկով ասում է Վոլոդյան ու լռում: Թե այդ դեպքում ինչու է համաձայնել վերցնել մարմինը, պատասխան չունի: Պապն ասում է՝ առաջիկայում պատրաստվում է Կապան գնալ ու նորից սկսել փնտրել թոռանը սահմանային գյուղերում:

-Կարո՞ղ ա իմանաք՝ իմ բալեն սա՞ղ ա,- հարցնում է տատն ու ուժգին լացում:

-Երանի իմանայինք,- հազիվ լսելի պատասխանում ենք նրան:

Վոլոդյայի հեռախոսի մեջ որդու մարզական նկարներին փոխարինել է Եռաբլուրը: Նարեկը հիմա այնտեղ է: Նրա շիրմաքարի վրա գրված է. «Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողեք, միեւնույն է՝ խաղաղությունը բերում են արծիվները»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter