
Ֆրանսիայի խորհրդարանը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 30-ին, միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝
- կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք,
- առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում,
- կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը),
- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը,
- կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 15-ին, Ֆրանսիայի Սենատն էր նմանատաիպ բանաձեւ ընդունել, ավելի վաղ էլ՝ Փարիզի քաղաքային խորհուրդը։ Սակայն բոլոր այս բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն եւ պարտադիր կատարման ենթակա չեն կառավարության համար։
Մեկնաբանել