
Այսօր աղետի ենթարկված ինքնաթիռը գրանցված էր Սլովակիայում եւ վաճառքի էր հանված (թարմացվող)
Այսօր Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ կործանված ինքնաթիռը գրանցված էր Սլովակիայում: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ):
OM-KVV սլովակական գրանցումով «Beechcraft 95-B55 Baron» տիպի օդանավը, ինչպես հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, Երեւանից թռչում էր դեպի ՌԴ Աստրախան քաղաք, սակայն 13:11-ին կապն օդանավի հետ ընդհատվել է, իսկ 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ: Զոհվել են ինքնաթիռում գտնված 2 անձինք՝ օդաչուները:
ՔԱԿ-ից հայտնել են, որ կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. օդաչուներ Ա. Պ. (ծնվ. 1979թ․) եւ Վ. Ռ. (1983 թ.):
Համացանցի բաց աղբյուրներում որոշ ինֆորմացիա կարելի է գտնել այս ինքնաթիռի մասին: Այսպես՝ համաձայն planecheck.com-ի՝ ինքնաթիռն արտադրվել է 1969-ին: Բազավորվում էր Չեխիայի Պրշիբրամ քաղաքի օդանավակայանում: Այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ օդանավը վաճառվում էր 156.800 եվրոյով (գումարած ԱԱՀ-ն՝ 189.728 եվրո):
Ըստ առկա տեղեկությունների՝ օդանավը քիչ է շահագործվել, պահվել է հանգարում, Սլովակիայի օդանավերի ռեգիստրում գրանցման վավերականությունը մինչեւ 2023 թ. հունվար էր, տարեկան վերջին տեսչական ստուգումն անցել է 2022-ի հունվարին: Մինչ այս իրականացրել է միայն մասնավոր թռիչքներ:
Նշվում է, որ OM-KVV-ն սարքավորումներով թռիչք (IFR - instrument flight rules) կատարելու հնարավորություն ուներ: «Շատ հարմար օդանավ է IFR-ով մասնավոր եւ տարանցիկ թռիչքներ կատարելու համար: Թռչում է արագ ու խնայողաբար»,- ասվում է վաճառքի հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ 8000 ֆուտ կամ 2440 մ բարձրության վրա 185 հանգույց կամ 343 կմ/ժ արագության պայմաններում վառելիքի ծախսատարությունը 80 լիտր/ժամ է:
Planecheck.com-ում առկա տվյալների համաձայն՝ OM-KVV-ն վաճառքի էր հանվել չեխական «CAMURO Consulting» բաժնետիրական ընկերության կողմից: Վերջինիս գլխամասը գտնվում է Պրահայում, սակայն գործունեության հիմնական վայրը Պրշիբրամի օդանավակայանն է, որտեղ ընկերությունը մատուցում է տեխսպասարկման եւ այլ ծառայություններ տարբեր տեսակի օդանավերի համար:
Ինչ վերաբերում է ընդհանրապես «Beechcraft 95-B55 Baron» տիպի օդանավերին, ապա սրանք ամերիկյան ինքնաթիռներ են, որոնք առաջին անգամ ներկայացվել են 1964-ին, արտադրվել մինչեւ 1982 թ.: Անձնակազմը բաղկացած է 1 օդաչուից, ուղեւորների նստատեղերը՝ 4-6: Առավելագույն թռիչքային քաշը 2313 կգ է, թռիչքի հեռավորությունը (ոչ առավելագույնը)՝ 1745 կմ:
Թարմացում - 19:03
OM-KVV-ի սեփականատերը, համաձայն Սլովակիայի օդանավերի ռեգիստրի, Վադիմ Կորոլն էր (Vadym Korol), իսկ շահագործողը՝ «Enlever Foundation»-ը, որը, ըստ համացանցի բաց աղբյուրների, գրանցված է Սլովակիայի Հլոհովեց քաղաքում:
Թռիչքներին առցանց հետեւող կայքերի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ի առավոտյան OM-KVV-ն չեխական Պրշիբրամից թռել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, այստեղից էլ՝ բուլղարական Բուրգաս: Նոյեմբերի 28-ի առավոտյան ինքնաթիռը նկատվել է Թուրքիայի երկնքում. այն Բուրգասից, ըստ էության, գալիս էր Հայաստան, որպեսզի հետո մեկնի Ռուսաստան:
Մեկնաբանել