HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսլամական պետությունը հայտարարել է իր առաջնորդի ոչնչացման մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է իր առաջնորդ Աբու ալ-Հասան ալ-Քուրաշիի մահվան մասին։ BBC-ի փոխանցմամբ՝ խմբավորման ներկայացուցիչը տելեգրամյան իր ալիքում աուդիոհաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ ալ-Քուրաշին սպանվել է նրանց դեմ մարտում, ում նա անվանում է «Աստծո թշնամիներ»։ Այլ մանրամասներ չեն նշվել։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարը 45 տարկան էր։

Խմբավորումը արդեն իսկ հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրեշին։ Նրա մասին դեռևս քիչ բան է հայտնի։ 

ԱՄՆ-ն հաստատել է, որ ահաբեկչական կազմակերպության առաջնորդն սպանվել է Սիրիայի հարավ-արևմտյան Դերաա մարզում՝ Սիրիայի ազատ բանակի գործողության ժամանակ։ Պենտագոնի հայտարարության համաձայն՝ ամերիկյան զորքերն այդ գործողությանը չեն մասնակցել։

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ողջունել է «Իսլամական պետության» առաջնորդի սպանության լուրը։ 

Աբու ալ-Հասան ալ-Քուրեշին ահաբեկչական խմբավորումը գլխավորում էր այս տարվա մարտից, այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիս-արևելքում սպանվել էր խմբավորման նախկին առաջնորդը։ 

Մի քանի տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ էր գտնվում 88 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը ձգվում էր Իրաքի արևելքից մինչև Սիրիայի արևմուտք, որտեղ բնակվում էր շուրջ 8 միլիոն մարդ։ 2017 և 2018 թվականներին խմբավորումը սկսեց պարտություն կրել սկզբում Իրաքում, իսկ այնուհետ նաև Սիրիայում և գրեթե ամբողջությամբ կորցրեց իր ազդեցությունն ու վերահսկողությունն այս տարածքների նկատմամբ։ Չնայած դրան, այն շարունակում է տարբեր երկրների տարածքներում իրականացնել ահաբեկչական հարձակումներ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter