HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեղական տուրքերի բարձրացումը չի՞ վատթարացնի համայնքների բնակչության սոցիալական վիճակը

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է՝

ա/ բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, 

բ/ տեղական տուրք սահմանել շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար՝ առնվազն 100 հազար դրամի չափով։

Նշենք, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածում մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար տեղական տուրքը սահմանված է մինչև 15 000 դրամ։ 

Այժմ առաջարկվում է տուն կառուցելու թույլտվության համար, չափերով պայմանավորված, տեղական տուրքը բարձրացնել 3,5-20 անգամ։ Գործող օրենքը շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար տուրք չի սահմանել, հիմա առաջարկվում է յուրաքանչյուր երկարացման դեպքում 100 հազար դրամ տուրք սահմանել։  

Նոյեմբերի 1-ից նախագիծը շրջանառության մեջ դրած Ֆինանսների նախարարությունն իբրև հիմնավորում ներկայացնում է, որ շինթույլտվության ժամկետները երկարաձգելու համար ընդգծված բարձր դրույքաչափ սահմանելը նպատակ ունի «կանխել շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները»:

«Նախագիծը մշակվել է այն նպատակադրմամբ, որպեսզի շինարարության թույլտվության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների վարքագծային դրսևորումները հնարավորին չափ սահմանափակելու միջոցով կանխվեն անավարտ շինությունների միջոցով համայնքների ճարտարապետական տեսքի խեղումները»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Նախարարին ուղղված գրությամբ խնդրել էինք հայտնել, թե ինչն է հիմք հանդիսացել սույն նախագիծը մշակելու համար։ Ունե՞ն, արդյոք, ուսումնասիրություն կամ վիճակագրական տվյալներ, թե ինչքան անավարտ շինություն կա հանրապետությունում և միջինում քանի անգամ է երկարաձգվում շինարարությունն ավարտելու ժամկետը մայրաքաղաքում և գյուղական համայնքներում, ի՞նչ ժամկետներում։

Նախարարությունը խուսափել է հարցին ուղիղ պատասխանելուց։ Հայտնել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները քննարկվել են մի քանի հարթակներում, այդ թվում՝ կառուցապատում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ։ Քննարկումների արդյունքում նախագծերով առաջակվող տեղական տուրքի դրույքաչափերում և առաջարկվող մյուս կարգավորումներում կատարվել են էական փոփոխություններ։ 

Մեր հաջորդ հարցին, թե նախագիծը կազմողները շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար առաջարկվող տուրքի դրույքաչափը սահմանելիս հաշվի առե՞լ են համայնքներում բնակվողների սոցիալական գործոնը։ 

«Նախագծերով սահմանվել է, որ շինթույլտվությունների տեղական տուրքերի մասով առաջարկվող կարգավորումները Երևան քաղաքից տարբերվող այլ համայնքներում կառուցվող անհատական բնակելի տների նկատմամբ կիրառելի չեն լինելու։ Այդ առումով առաջարկվող կարգավորումները համայնքների բնակչության սոցիալական խնդիրների վատթարացման չեն կարող հանգեցնել»,- ասվում է նախարարության պատասխանում։ 

Մինչդեռ, այսօր օրինագիծը Կառավարությանը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ փոփոխությունները չեն կիրառվի սահմանամերձ համայնքներում։ Նրան արձագանքելով՝ վարչապետն ավելի նեղացրեց շրջանակը՝ ոչ թե համայնքներին պետք է վերաբերի, այլ՝ բնակավայրերին։

Նախագծի հեղինակները «Հետք»-ին տված պատասխանով փաստում են, որ օրենսդրական փոփոխությունները կատարել են առանց վիճակագրական տվյալների ուսումնասիրության։ Օրինակ, թե համայնքներում ինչքան շինթույլտվություն  են տրամադրել վերջին 3 կամ 5 տարիներին, դրանցից քանիսին է շինարարական ավարտական ակտ տրամադրվել և շինթույլտվությունը երկարաձգելու քանի որոշում է կայացվել։

Չեն ուսումնասիրել համայնքային խնդիրները, մասնավորապես՝ բնակելի տուն չունեցողների քանակը, չամուսնացած երիտասարդների տարիքային շեմը և պատճառները, երբ չամուսնանալու հիմնական պատճառը տուն և աշխատանք չունենալն է։ Բնականաբար, այս համադրելի վիճակագրական տվյալները, որոնք արտացոլվում են յուրաքանչյուր համայնքի հնգամյա ռազմավարական ծրագրում, կփաստեին, որ գյուղական բնակավայրերում սոցիալական արտոնություններ կիրառելու անհրաժեշտություն կա՝ առնվազն երիտասարդ ընտանիքների համար  բնակարանաշինությունը խթանելու և ժողովրդագրական պատկերը փոխելու վրա ազդեցություն ունենալու համար։

Մինչդեռ, այս նախագծով մեկ անգամ ևս ընդգծվում է այն խտրական քաղաքականությունը, որ դրսևորվում է մայրաքաղաքում և մարզերում բնակվողների նկատմամբ։ Երևան քաղաքում հիպոթեքով տուն գնելը և եկամտահարկի վերադարձը լուծում է բնակարանով ապահովելու հարցը։ Գյուղական բնակավայրերում առանձնատուն կառուցելու համար հիպոթեք տրամադրող բանկերը վարկառուից պահանջում են գումարին համարժեք անշարժ գույք գրավադրել բանկում` նախապատվությունը տալով Երևան քաղաքում գտնվող գույքին։ Այսպիսի անհավասար պայմաններ ստեղծելով՝ խրախուսվում է նաև մարզերից բնակչության հոսքը մայրաքաղաք, քանի որ այստեղ այդ հարցի լուծումը համեմատաբար հեշտ է, որոշ դեպքերում միայն աշխատանք ունենալը բավարար է։ Մինչդեռ, տարածքային համաչափությունն իրականություն դարձնելու համար ավելի մեծ արտոնություններ պետք է կիրառվեին մարզերի համար, և ոչ միայն՝ սահմանամերձ բնակավայրերի։ 

Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի համար կիրառելի այս օրենսդրությունը, սոցիալական արդարության տեսանկյունից, չի կարող կիրառելի լինել հատկապես գյուղական բնակավայրերի համար։ Ազգային ժողովում գոնե սթափ մոտեցումով քննարկման առարկա պետք է դարձնեն այս հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter