HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության կապակցությամբ

Ազգային ժողովն այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մեկ հարց է՝ «Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»:

Նիստին գրանցվել է 81 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են հարցի քննարկմանը, ավելին՝ նույնիսկ առաջարկներ են ներկայացրել, որպեսզի այն դառնա ընդհանուր հայտարարություն, այլ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը՝ խորհրդարանը, ընդունել է հայտարարություն 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Այդ հայտարարությունում, ըստ պատգամավորի, նենգափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով: Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ: Կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է՝ «Արևելյան Զանգեզուր», որն իրենց տեսանկյունից ենթաադրում է, որ կա «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ ունեն ծավալապաշտական նկրտումներ: Հայտարարության մեջ կրկին խոսվել է միջանցքի մասին և «Խաղաղության համաձայնագրի» հիմքում դրել են այն միտքը, որ Ղարաբաղի հակամարտությունն արդեն  կարգավորված է, փակված է, Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս և ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակներում:

«Այս ամենը մեզ համար անընդունելի է: Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով և համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից: Լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախի նշան, իսկ վատագույն դեպքում՝ համաձայնության նշան»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:

Պատգամավորը նշեց, որ վատ ավանդույթ է ձևավորվել, որ Ադրբեջանի, թե՛ տեղեկատվական-քարոզչական, թե՛ ռազմական ագրեսիային համարժեք արձագանք չի տրվում: Դա միջազգային հանրության մոտ այնպիսի տպավորության է ստեղծում, որ Հայաստանը համակերպվել է այդ վիճակի հետ, Հայաստաը Ադրբեջանին ասելիք չունի և համամիտ է այն ձևակերպումների հետ, որ սպառնալիք են Հայաստանի և Արցախի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Պատգամավոր Թևանյանը նշեց, որ Հայաստանից համարժեք արձագանքները համարժեք չեն եղել, իսկ որոշ դեպքերում իշխանությունների հայտարարությունները համահունչ են եղել Ադրբեջանի հայտարարություններին:

«Եթե դա այդպես չէ, ապա սա հարմար առիթ է մեր հանրությանը, թշնամիներին, մեր ռազմավարական գործընկեր-բարեկամներին և ընդհանրապես միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր մեր անվտանգային համակարգի հետ կապված, ունենք հանձնառություններ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերում, և մեր մոտեցումները պետք է հասկանալի ձևով ներկայացնել միջազգային հանրությանը: Կոնկրետ Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի համակերպվում այն մտքի հետ, որ պետք է բավարարել նրանց բոլոր նախապայմանները»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:

Թևանյանն ասաց, որ այս հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետեր են ընդգծում:

Առաջինն այն է, որ հստակ արձանագրվում է՝ Ադրբեջանը, իր դաշնակից Թուրքիայի, մյուս երկրների վարձկան ահաբեկիչների միջոցով 2020թ. սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Այդ հարձակումով խախտվել է ղարաբաղյան հակամարտության միջնորդական առաքելություն ունեցող Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից առաջարկված սկզբունքը, որը վերաբերում է ուժի չկիրառմանը, խախտվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից մեկը, որը դարձյալ վերաբերում է ուժի չկիրառմանը: Խախտվել է այն համաձայնությունը, որը 1990-ականներին ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայնություն, ըստ որի բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Երկրորդն այն է, որ Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները և իր նպատակադրումները Արցախի և Հայաստանի մասով ամրագրել է մեզ համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ:

«Մենք Շուշիի հռչակագրի հետ կապված ժամանակին ներկայացրել էինք բանաձև, որը, ցավոք սրտի, չընդունվեց Հայաստանի խորհրդարանի կողմից: 2021թ. ամռանը Շուշիում Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված համաձայնագրով կրկին անընդունելի պահանջներ են ներկայացվել Հայաստանին, խոսվել է «Զանգեզուրի» միջանցքի մասին»,- նշեց Անդրանիկ Թևանյանը՝ թվարկելով նաև այլ անընդունելի պահանջները:

Պատգամավորն ասաց, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարություն ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, ունեցել ենք բազմաթիվ զոհեր և տարածքային կորուստներ:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հայտարարության ձևակերպումներով կողմ ենք խաղաղության պայմանագրին, կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցքի միջոցով, շանտաժի, ուլտիմատումների, ուժի կիրառման միջոցով: Բացի այդ, կարևոր շեշտադրում կա Արցախի ինքնորոշման վերաբերյալ: Նշվել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Այստեղ մենք ունենք կոնցեպտուալ հակասություն իշխանության այն մոտեցման հետ, որ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից, որովհետև մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և իրավունքի իրացումն այն կարևոր երաշխիքներից են, որոնք ապահովելու են արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ և ապահովելու են նաև Հայաստանի անվտանգությունը»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:

Պատգամավորն ասաց, որ չեն ընդոնում այն հայտարարությունները, որ Հայաստանի ու Արցախի շահերը պետք է տարանջատել: Ինչպես նաև չեն ընդունում այն քննադատությունները, որ Արցախը մեզ համար բեռ է, և չի կարելի այդ բեռը պահել:

«Արցախի հանձնման գնով, մենք համոզված ենք, որ հնարավոր չէ ապահովել խաղաղություն և ճիշտ հակառակը՝ բերելու է պատերազմի ու պարտության՝ այս անգամ Հայաստանի կապիտուլյացիայի: Մենք համոզված ենք, որ արցախահայության իրավունքների պաշտպանությամբ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլև՝ Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը, Իջևանը, Գյումրին և մեր մյուս քաղաքներն ու գյուղերը»,- հավելեց Թևանյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter