
ՔՊ-ն չի մասնակցի Ադրբեջանի հայտարարության դեմ ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության նախագծի քվեարկությանը: Պատգամավորն ասաց, որ այդ նախագիծը ռիսկեր ունի և առաջարկեց զրոյից, համատեղ հայտարարության տեքստ մշակել։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագի ընդունման օրակարգով:
Քննարկման ժամանակ արդեն պարզ էր, որ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տարաձայնություններ կան: Նախագիծը ներկայացնող Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իշխանությունը դեմ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումներին:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է այդ ձևակերպմանը, և իրենք ջնջել են «Հանրապետություն» ձևակերպումը: Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին գրել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ հարձակում, որը նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն: Այս տերմինը, ձևակերպումը մեզ համար ընդունելի չէ»,-նշել էր Թևանյանը:
Լուսանկարում՝ ձախից Հայկ Կոնջորյանը
Մեկնաբանել