
Արգենտինան հաղթեց Ավստրալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի ազգային հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց Ավստրալիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ։
Արգենտինայի ընտրանու առավելությամբ անցած խաղում հաշիվը բացվեց 35-րդ րոպեին, աչքի ընկավ Լիոնել Մեսսին, որն իր կարիերայում 1000-րդ հանդիպումն էր անցկացնում։ 57-րդ րոպեին արգենտինացիներն ամրապնդեցին իրենց առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը։ 77-րդ րոպեին ավստրալացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Ավստրալիայի հավաքականի խաղացողի հարվածից հետո գնդակը դիպավ արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին և անդրադարձով հայտնվեց դարպասում։ Հանդիպման հաշվում այլևս փոփոխություններ չեղան, և արգենտինացիներն անցան հաջորդ փուլ։
Քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Նիդերլանդների ընտրանին, որն ավելի վաղ 1/8 եզրափակչում 3։1 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։
Դեկտեմբերի 4-ին կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․ Ֆրանսիան կխաղա Լեհաստանի, իսկ Անգլիան՝ Սենեգալի հետ։
Մեկնաբանել