HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Թարգմանական խոյանքով քաղաքակրթվել. «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գիրքը՝ հայերեն

«Ամերիկան գերտերություն է և ջանք ու եռանդ չի խնայել իր համար ցանկալի պատկերը աշխարհով մեկ տարածելու համար։ Հաճախ մենք Ամերիկան ճանաչում ենք իր ստեղծած պատկերներով։ Բայց որն է նրան տեսնելու մեր եղանակը, ինչպիսի՞ պատկեր է ձեռք բերել Ամերիկան մեզանում։ Հնարավոր չէ ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց Ամերիկայի, նույնպես հնարավոր չէ ժամանակակից արվեստը ըստ արժանվույն հասկանալ առանց ամերիկյան արվեստի զարգացումները իմանալու։ Ինձ համար կարևոր է, որ գոնե մտավոր, ինքն իրենով ճանաչենք արևմտյան քաղաքակրթությունը՝ Ամերիկան,  այդ ճանապարհին կարևոր քայլ է այս գիրքը»։

Հատված՝ Վարդան Ազատյանի «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը» բանախոսությունից։

Դեկտեմբերի 3-ին՝ Հովհաննիսյան ինստիտուտում տեղի ունեցավ «Էյվա» արվեստների հիմնադրամի հրատարակած Էրիկա Դոսսի «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես-բանախոսությունը։

Այս հրատարակությամբ հայ ընթերցողն առաջին անգամ հնարավորություն ունի ոչ միայն համակարգված ծանոթանալու արևմտյան արդի և ժամանակակից արվեստի, այլև հարաբերելու այն Հայաստանի ու հայ արվեստի հետ։ Գիրքը հայերեն թարգմանել, ծանոթագրել և վերջադիր ուսումնասիրությամբ համալրել է արվեստաբան, տեսական և փիլիսոփայական գրականության թարգմանիչ Վարդան Ազատյանը, որը հանդես եկավ «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը» բանախոսությամբ։

Մինչ արվեստից և բուն գրքից խոսելը, Վարդան Ազատյանը նախ անցկացրեց պատմական համառոտ էքսկուրս, Ամերիկայի, Արևմուտքի մասին Հայաստանում ձևավորված  ընկալումների մասին։

«Ամերիկան մեզանում արևմտասիրության պատկեր է, ուշխորհրդային հակասովետականության շրջանում ձևավորված ազատության խոստման խորհրդանիշ, այդ Ամերիկան զերծ է ներքին հակասություններից, մաքրված է խնդիրներից և մեր բաղձանքների ու վախերի Ամերիկան է։ Սա մեզ թույլ չի տալիս, որ մենք հասկանանք, ճանաչենք Ամերիկան։ Այս մտայնությունը հաղթահարելու կարիք կա, դրա համար է, որ թարգմանությունից բացի, գիրքը համալրել եմ ուսումնասիրությամբ։ Առաջին անգամ ունենք քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և մշակույթի ներքին պատմությունը ճանաչելու հնարավորություն, ուշխորհրդահայ հակասովետականության ժառանգությունից անդին, Ամերիկան ինքն իրենով ճանաչելու հնարավորություն»,- սա է այս գրքի ամենակարևոր արժանիքը՝ ըստ Վարդան Ազատյանի։

Գրքի բնօրինակի հեղինակը՝ էրիկա Դոսսը ամերիկյան համլսարանական դասախոս է, որը ոչ միայն արվեստաբան, այլև ամերիկագետ է, ամերիկյան մշակույթը, լայն իմաստով հանրային ոլորտը ուսումնասիրող և գիտակ։ Վարդան Ազատյանի խոսքով՝ Դոսսը իր գրքում ցույց է տալիս ամերիկյան արվեստը պատմական իրողությունների, մշակութային  զարգացումների մեջ և դրանով լայն հնարավորություն տալիս հասկանալու Ամերիկայի ոչ միայն արտաքին այլև մեզ համար ամենակարևորը՝ ներքին խնդիրները և տեսնել այնտեղ արտադրված արվեստը իր պատմական «սոուսի» մեջ։

Բանախոսը, խոսելով թարգմանությամբ մեր և արևմտյան բարձր քաղաքակրթության հաղորդակցվելու պատմական ավանդույթի մասին, համեմատականներ տարավ այսօրվա հետ և կես կատակ-կես լուրջ նշեց, որ իրենք էլ շարունակում են նյութականը հոգևորով լրացնելու «սուրբ գործ»-ը։

«Մեր պատմական քաղաքակրթական գլխավոր ծրագրային ուղղվածությունը թարգմանական խոյանքով քաղաքակրթվելն է եղել․ թարգմանես ամենաբարձր քաղաքակրթություններից և դա համարես քո քաղաքակրթվելու չափանիշ։ Սա մեր եկեղեցու քաղաքականությունն է եղել Սահակ-Մաշտոցից սկսած, որի վրա այն ժամանակվանից թևածել է Արևմուտքի պատկերը։ Բռնացրել եմ ինձ այն զգացումի վրա, որ թարգմանությունը՝ նյութականը, իրականում գոյություն չունեցողը մտքով, հոգևոր ջանքով լրացնելու փորձ է։ Ըստ էության զգում ես, որ հոգևոր գործ ես անում, համարյա մոտեցել ես կրոնական, եկեղեցական գործչի։ «Սուրբ գործ» ես անում էլի, ես մի քիչ հեգնանքով եմ ասում, բայց սա պատմական իրական հենք ունի։ Ինձ թվում է՝ մեր և մեր նման երկրներին շատ բնորոշ է, փորձել համապատասխանել կամ հաղորդակցության մեջ մտնել արդիական ամենազարգացած խոսույթների հետ այն դեպքում, երբ ուժերդ դրան օբյեկտիվորեն չեն հերիքում»։

«Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը» գիրքը թարգմանչի խոսքով հայաստանյան գեղարվեստական կյանքում իրադարձություն է, քանի որ մինչ օրս քսաներորդ դարի ամերիկյան ու նույնիսկ արևմտյան արվեստի պատմությունն ամբողջական ու համակարգված ներկայացնող ոչ մի հայերեն գիրք գոյություն չուներ, կամ եթե կար, ապա ոչ լիարժեք էին։ Այսօր հայ ընթերցողը հնարավորություն ունի քսաներորդ դարի ամերիկյան արվեստը ճանաչելու հայերեն, չմիջնորդված կերպով։ Հետաքրքիր և գրավիչ այս գիրքը, սակայն, հայ ընթերցողից պահանջելու է ոչ այնքան գրավիչ, կենտրոնացած, եթե ոչ լարված ընթերցանություն, որպես «փոխհատուցում»՝ գրքի գրեթե բոլոր էջերում կան պատկերներ։ Գրքի վերջադիր ուսումնասիրությունում, համատեքստում քննարկվում են նաև հայ արվեստագետների աշխատանքները՝ Արման Գրիգորյանի «I Love American Painting» կտավը և Վեհանուշ Թոփչյանի «Որբաքաղաք» վիդեոպրոեկցիան։

Վարդան Ազատյանը խոսեց նաև գրքի թարգմանության բարդութուններից, իր խոսքերով՝ այն նախ և առաջ կապված է նրա հետ, որ քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և դրա մասին խոսելու ժամանակակից լեզուն ձևավորվել է Հայաստանից ու հայերենից շատ հեռու, և սրանք դեպի մեզ շրջելը, հայկական լեզվամտածողություն բերելը ինքնին խնդրահարույց և անխուսափելիորեն արհեստական նախաձեռնություն է, որը հարուցում է տարատեսակ իմացական խնդիրներ։ Գրքում ընթերցողին օգնության է գալիս եզրերի բառարանը, որը կազմել է Նարե Սահակյանը, ով նաև գիրքը սրբագրողն է։ Տեքստը բնագրի հետ համեմատել է Լուսին Շաբոյանը։

Բանախոսության վերջում Վարդան Ազատյանը պատասխանեց գրքի վերաբերյալ երևի ամենատեսանելի հարցերից մեկին՝ գրքի շապիկի պատկերի ընտրությունը, ինչու՞ հենց «կովի գանգ»։

Վարդան Ազատյանը բացատրեց, որ գրքի հայերեն թարգմանության շապիկի պատկերը պետք է տարբեր լիներ գրքի բնօրինակի շապիկից ( Էնդի Ուորհոլի «Մերիլին Մոնրոն» է պատկերված)։ Հայերեն թարգմանության շապիկի համար ընտրվեց Ջորջիա Օ’Քիֆի «Կովի գանգ, կարմիր, սպիտակ, կապույտ» 1931թ․ աշխատանքը։ Թարգմանչի կարծիքով այն շատ ավելի խորհրդանշական է, ամերիկյան արվեստը ավելի լավ ճանաչելու, նաև այսօրվա Ամերիկան հասկանալու համար․ Օ’Քիֆը պատկերել է Ամերիկան՝ վտանգի, ուժի, պարզության, խաղաղության, մահվան իմաստներով։

Իսկ ամենավերջում «կենացները ավելի քաղցրացան» և Վարդան Ազատյանը ցույց տվեց Ջորջիա Օ’քիֆի լուսանկարը կովի գանգի բնօրինակի հետ, լուսանկարիչը Օ’քիֆի ամուսինն է՝ Ալֆրեդ Ստիգլիցը․ քսաներորդ դարի ամերիկյան արվեստի առանցքային կերպարներից մեկը։ Այս լուսանկարում, Ազատյանի կարծիքով, գանգը որպես դիմակ է պատկերվում, որը իր վրայից հանել է հեղինակը, և հետո արված կտավը, իր կարծիքով, ինչ-որ առումով ինքնադիմանկար է:

Ստիգլիցի լուսանկարով Ազատյանը ազդարարեց բանախոսության ավարտը։

«Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գիրքը առկա է վաճառքի հետևյալ խանութների ցանցերում՝

➡️Զանգակ
➡️Բուկինիստ
➡️Էպիգրաֆ

Գլխավոր նկարը՝  Տաթև Խաչատրյանի

Մնացած լուսանկարները՝ «Էյվա» արվեստների հիմնադրամի էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter