
ԵՄ անդամ երկրները սկսել են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Բրյուսելում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր կլինի թվով 9-րդը։ Այդ մասին գրում է Politico-ն։
Ինչպես նշում է պարբերականը, հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 3-4-ը, Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների հետ այս հարցով խորհրդակցություններ է անցկացրել։ Նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել տեխնոլոգիայի, ֆինանսների և մեդիայի ոլորտներում մինչև 180 անձ և ընկերություն։
Մի քանի դիվանագետներ ամերիկյան պարբերականին հայտնել են, որ պատժամիջոցների շուրջ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն համեմատաբար արագ՝ արդեն ԵՄ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը Եվրամիությունն ընդունել էր այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Այնտեղ, մասնավորապես, ներառված էր նավթի գների առաստաղը, ինչպես նաև կրիպտոդրամապանակների արգելքը և Ռուսաստանից գրեթե յոթ միլիարդ եվրոյի ներմուծման սահմանափակումները։
Լուսանկարը՝ abreuadvogados.com-ից
Մեկնաբանել