HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թե ինչպես շրջափակումից դուրս եկան չորս զինվորներն ու նրանց հրամանատարը, իսկ մյուսներին՝ չհաջողվեց

Երևանի առաջին ատյանի դատարանում քննվող ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով դեկտեմբերի 5-ի դատական նիստում վկայություն տվեց հիշյալ զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի զինվորներից Սամվել Ամիրյանը։ Վկան պատմում էր 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու դեպքի մասին և թե ինչպես շրջափակումից դուրս եկան իրենք՝ չորս զինվորներով և հրամանատար Գևորգ Գևորգյանը, իսկ մյուսներին չհաջողվեց։

Սամվել Ամիրյանը հայտնեց, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ին «Ջուվառլու» կոչվող տեղամասում գտնվելու ժամանակ, կեսօրից հետո իրենց հրաման են տվել անցնել շրջանաձև պաշտպանության։ Մեկ-երկու րոպե հետո հրամայել են թողնել պաշտպանությունը։ Մոտ 6-7 րոպե հետո կրկին շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման է տրվել, այնուհետև՝ հրամայել են լքել կրակակետը, դրանից հետո էլ հրաման է եղել՝ «ով ոնց կարողանում է, թող դուրս գա»։

«Ես այդ ժամանակ կրակակետում եմ եղել, 1-ին հաշվարկի հետ, այնտեղից մայոր Գևորգյանին տեսա վազելուց և բնազդաբար վազեցի իր մոտ։ Նա հրաման տվեց, որ վարորդները մոտեցնեն մեքենաները, որպեսզի անձնակազմը դուրս գա կրակային տարածքից։ «ՍԱԴԿՈ» մեքենան մոտեցավ մեզ և դեռ թափք չէինք բարձրացել, տեսա որ դիմացի սարից շատ մեծ թվով զորք է գալիս մեր ուղղությամբ և կրակում են մեզ վրա»,- հայտնեց Սամվել Ամիրյանը։  

Վկան դատարանին հայտնեց, որ երբ բարձրացել են մեքենան, այդ ժամանակ իրենց հրամանատարը՝ մայոր Գևորգ Գևորգյանը, որը պատերազմի ժամանակ դիվիզիոնի շտաբի պետ էր նշանակվել, արդեն մեքենայում նստած էր։ Թափքում 4 հոգի են եղել՝ ինքը, Յուրան, հետո Գրիգորն է բարձրացել, հետո՝ Խաչիկը, որին օգնել են բարձրանա մեքենայի մեջ, և այդ պահին մեքենան շարժվել է։ Դավիթ Ազատյանն ու Արգիշտի Բիչախչյանն իրենց հետ պետք է լինեին, բայց մեքենայի շարժվելուց նրանք չեն եղել։ Ինքը չի նկատել, որ Արգիշտին վազել է մեքենայի հետևից, բայց իր հետ թափքում գտնվողները գոռացել էին՝ «մարդ կա, մարդ կա», որպեսզի մեքենան կանգնի, բայց չի կանգնել։ 

Բավականին հեռանալուց հետո լցակայանի մոտ իրենց մեքենան կանգնել է, այնտեղ սպասել են մինչև տեսնեն, թե հետո ինչ պետք է լինի։ Ճանապարհի կեսից հասկացել են, որ իրենց մարտկոցի մեքենաները չեն իրենց հետևից գալիս։ Հրամանատարները հավաքվել են լցակայանի մոտ ու հետ են գնացել՝ ինչ-որ բան պարզելու համար, իրենք սպասել են այդտեղ։

Հետո հավաքվել են Կարմիր շուկա գյուղի մոտ։ «Ովքեր կրակային տարածքից դուրս էին եկել՝ մեզ մոտ բերեցին։ Պրն Գևորգյանը մինչ այդ հավաքեց մեզ և ստուգեց, թե անձնակազմից ով կա։ Սպասեցինք մինչև լուսադեմ, հետո մեզ տարան զորամաս, որտեղ մնացինք 3 օր։ Այդ ժամանակ դեռևս տեղյակ չէինք՝ մերոնցից ով է զոհվել, ով է վիրավորվել։ Ասկերանում իմացանք, որ վիրավորներ ենք ունեցել։ Զոհերի քանակը չգիտեինք, դեռ ճշգրիտ չէր, թե քանի զոհ ենք ունեցել և ովքեր են»,- պատմեց վկան։

Գործով մեղադրող, զինվորական դատախազության ավագ դատախազ Էդգար Մանասյանի հարցերին պատասխանելու ժամանակ, այդ պահի իրավիճակն այսպես նկարագրեց․ «Հրամանները շատ արագ էին փոփոխվում, չէինք հասցնում մի հրամանի կատարումն ավարտել, անցնում էինք մյուսին։ Այդ պահին լսեցի վերջին հրամանը՝ «ով ոնց կարողանում է, թող դուրս գա»։ Արդեն խուճապ էր, խառնաշփոթ, վարորդները վազեցին, որ մեքենաները մոտեցնեն, մյուսները զենքերն էին հավաքում, որպեսզի արագ նստեն մեքենան։ Խաչիկ Քոչարյանը երկրորդ փլված շենքի մոտ էր և վերջում բարձրացավ, նա կիսով կախված էր և մեքենան շարժվեց, մենք նրան օգնեցինք, որ բարձրանա թափք»։

Դատախազի հարցին, թե ինչո՞ւ նստեց հենց «ՍԱԴԿՈ» մեքենան, որին հաջողվել է դուրս գալ տարածքից, հայտնեց «Ես գիտեի, որ այդ դասակի զինվորն եմ և վազեցի «ՍԱԴԿՈ» մեքենայի մոտ։ Այդտեղ էին մեր դասակից Գրիգորը, Յուրան, Խաչիկը։ Մեզ հետ պետք է լինեին Դավիթ Ազատյանը և Արգիշտի Բիչախչյանը, որոնք այդ պահին մեզ հետ չէին։ Նրանք մեզ հետ նույն մեքենայով էին տեղաշարժվում։ Ես 1-ին մարտկոցում եմ եղել, Արգիշտին էլ է մեզ հետ եղել։ «ՍԱԴԿՈ» մեքենան մի քիչ առանձին էր կանգնած, ճանապարհին ավելի մոտ։ Ես վերցրի իրերս և վազեցի 1-ին հաշվարկի հետ։ Մայոր Գևորգյանին տեսել եմ վազելուց, իր հետից վազել եմ։ Մեզնից 1-2 րոպե հետո Գրիգորն ու Յուրան եկան։ Ես խուճապի մեջ էի, նաև ճանապարհը շատ փոշոտ էր, Արգիշտիին վազելուց չեմ տեսել, բայց Գրիգորն ու Յուրան գոռում էին՝ «կանգնիր, մարդ կա»։ 

Դատախազ ԷՄանասյանի հաջորդ հարցին, թե որքա՞ն մարդ կտեղավորվեր այդ մեքենայում, և եթե մեքենան մեկ րոպեի չափ սպասեր՝ հնարավո՞ր է, որ այդքան մարդ տեղավորվեր։ Վկա Սամվել Ամիրյանը հայտնեց, որ մի հաշվարկ կարող էր տեղավորվել մեքենայում, բայց, հավանաբար, ամեն մեկն իր մեքենային էր սպասում։ Դատախազ Էդգար Մանասյանը վկային հիշեցրեց՝ «փաստացի մեքենայի ետևից վազող կար»։ 

Տուժողների իրավունքները դատարանում պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ ձեզ հրամանատար պե՞տք էր, որ կարգավորեր այդ վիճակը, վկան պատասխանեց․ «Հրամանատար պետք էր, բայց քաոսային վիճակ էր»։ 

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հարցրեց՝ վկայի կարծիքով, այդ իրավիճակում Գևորգյանը կարո՞ղ էր անել գործողություն, որպեսզի հետևանքներն այդպիսին չլինեին։ 

«Այդ ուղղությամբ երկար եմ մտածել և այսպիսի եզրակացության եմ եկել՝ այդ պահին մեր անձնակազմը ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես, ո՛չ նյութապես պատրաստ չի եղել նման մասշտաբի հարձակման։ Հրամանն էլ որ հնչեցրել են՝ «ով ոնց կարող է, թող դուրս գա», արդեն հոգեբանորեն ազդում է մարդու վրա։ Թշնամին սարի բարձունքից է մեզ վրա կրակել, չեմ կարծում, թե ինքը կկարողանար կազմակերպել, որ դիմակայեինք նման հարձակման։ Հատկապես, որ խրամատ էլ չի եղել, զինվորները փոսերի մեջ են եղել, որտեղ նորմալ չէին կարողանում տեղավորվել»,- հայտնեց ՍԱմիրյանը։ Վկայի կարծիքով՝ շրջանաձև պաշտպանության անցնելու առաջին հրամանի ժամանակ, որին հաջորդել է՝ «թողնե՛լ, մերոնք են» հրամանը, անձնակազմը կհասցներ առանց հրետանին տեղափոխելու, անվտանգ դուրս գալ տարածքից։ 

Զոհված զինվորներից Դավիթ Ազատյանի հոր՝ Լևոն Ազատյանի հարցին՝ եթե ամեն ինչ կազմակերպված լիներ, հնարավո՞ր էր հրետանու փողն ուղղել թշնամու ուղղությամբ և կանգնեցնել հրետանու կրակոցով։ «Մենք խուճապի էինք մատնվել, բայց եթե կազմակերպված լիներ՝ հնարավոր է կրակեինք և կարողանայինք կանգնեցնել հրետանու կրակոցով»,- ասաց վկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter