
Բրազիլիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Հարավային Կորեայի դեմ խաղում՝ հաղթելով 4։1 հաշվով։
Բրազիլացիներն իրենց բոլոր 4 գոլերն էլ խփել են առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացել է Վինիսիուսը։ 13-րդ րոպեին Նեյմարը 11-մետրանոցից կրկնապատկել է Բրազիլիայի առավելությունը։ 29-րդ րոպեին բրազիլացիների խաղարկած գեղեցիկ կոմբինացիան դիպուկ հարվածով եզրափակել է Ռիշարլիսոնը, 36-րդ րոպեին էլ Լուկաս Պակետան հաշիվը դարձրել է 4։0։ 76-րդ րոպեին կորեացիները կարողացան հեղինակության գնդակ խփել, աչքի ընկավ Պեկ Սին Հոն։
Քառորդ եզրափակիչ փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանին, որը 1/8 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտության էր մատնել Ճապոնիային։
Դեկտեմբերի 6-ին կկայանան 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները․ Մարոկկոն կխաղա Իսպանիայի, իսկ Պորտուգալիան՝ Շվեյցարիայի հետ։
Մեկնաբանել