HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Ադրբեջանը տեսնի, որ ՀՀ-ն պատրաստ է պատերազմի, երբեք չի գնա ռազմական ճանապարհով, կգերադասի բանակցել»

«Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը

-Տիկին Հայրապետյան, Ադրբեջանն ու Թուրքիան Իրանի սահմանին անցկացնում են համատեղ զորավարժություններ: Արդյոք սա պատասխան է Իրանի վերջին զորավարժություններին, եւ ո՞րն է դրա ռազմաքաղաքական նպատակը:

-Նախ նշեմ, որ զորավարժությունները կրում են «Եղբայրական բռունցք» անվանումը: Դրանց մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինժեներական զորքերը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հրթիռահրետանային զորքերը: Զորավարժությունների ընթացքում, ի թիվս այլ բաների, մշակվում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների ուղղորդումը, դեսանտի իջեցումը պայմանական հակառակորդի տարածքի խորքերը, ցուցադրված կադրերում նրանք հատում են Արաքս գետը: Զորավարժություններին մասնակցելու նպատակով Բաքու են թռել թուրքական «F-16»-երը: Նշեմ, որ նախկինում դրանք Ադրբեջան են թռել 2020 թ. հուլիսին՝ համատեղ զորավարժությունների համար, այնուհետեւ մնացել սեպտեմբերի պատերազմի ժամանակ, հետո արդեն հայտնվել են 2022 թ. սեպտեմբերի համատեղ զորավարժությունների ժամանակ՝ ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից օրեր առաջ:

Ներկայիս զորավարժություններն ուղեկցվում են հակաիրանական քարոզչական արշավով: Ադրբեջանական մամուլում  բազմաթիվ հոդվածներ ու տեսանյութեր կան, որտեղ նշվում է՝ սա պատասխան է ամիսներ առաջ Իրանի անցկացրած զորավարժություններին: Այսինքն՝ քարոզչական առումով սա ներկայացվում է որպես Իրանի դեմ գործողություն:

Բայց իմ համոզմամբ, որքան էլ արտաքուստ սա ուղղված է Իրանի դեմ, ամեն դեպքում, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այս պահին ստուգել իրանական կողմի արձագանքը ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում: Կրկին ակտիվացրել են «միջանցքային» թեման եւ նորից սպառնում են ուժով: Դրա մասին է փաստում նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությունը, որ «հույս ունենք, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մեկնված ձեռքը կսեղմի։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական ​​խաղաղություն հաստատելու անկեղծ ջանքերին»:

Իրենց անկեղծ ջանքերը արտահայտվում են «F-16» կործանիչների, զորավարժությունների եւ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման տեսքով: Այնպես որ, այս զորավարժությունները գերազանցապես մեր դեմ են ուղղված եւ միաժամանակ նպատակ ունեն ստուգելու տարածաշրջանի այլ դերակատարների, առաջին հերթին՝ Իրանի արձագանքը՝ իրենց հետագա քայլերը պլանավորելու համար:

-Օրերս գրել էիք, որ Ադրբեջանը տարածաշրջան է բերել Իսրայելին: Այդ մասին խոսում են նաեւ Իրանում: Իսկապե՞ս ակնառու է Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում, եւ ինչո՞վ է դա վտանգավոր:

-Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած եւ օկուպացված մի շարք շրջաններում ակտիվ հրեական ներդրումներ են արվում: Օրինակ՝ Կովսականում «խելացի գյուղերի» անվան տակ, վստահ եմ, ռազմական նշանակության օբյեկտներ են կառուցում: 2020 թ. պատերազմով Ադրբեջանը տարածաշրջան է բերել Իսրայելին, դա չի կարող չանհանգստացնել իրանական կողմին: Այսօր Իսրայելը Իրանի քթի տակ է հայտնվել Ալիեւի շնորհիվ: Վտանգն այն է, որ տարածաշրջանը կարող է հայտնվել շատ ավելի մեծ, վտանգավոր եւ ավերիչ պատերազմի շեմին:

-Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն է բացել, իսկ Ադրբեջանը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին: Իրան-Հայաստան եւ Իսրայել-Ադրբեջան դիվանագիտական կապերի նման սերտացումը նոր առանցքների ձեւավորման նախանշա՞ն է տարածաշրջանում:

-Ակնհայտ է, որ Իսրայելի ներկայությունը շատ է անհանգստացնում Իրանին: Եթե ուշադիր հետեւեք, վերջերս Բաքվում էր Իսրայելի ՊՆ ղեկավարը, հետո այնտեղ ժամանեց Աքարը: Ադրբեջանը մեծ դեր խաղաց Իսրայել-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները հարթելու հարցում: Բացի դրանից՝ տարածաշրջանում Պակիստանի ակտիվությունն առաջ բերեց Հնդկաստանի անհանգստությունն ու դրանից բխող ակտիվ ներգրավվածությունը: Ադրբեջանն ինտեսիվ խաղում է հակադրությունների վրա, լարում իրադրությունը, բայց իր թիրախը ՀՀ-ն ու Արցախն են միանշանակ:

Ինչ վերաբերում է առանցքների ձեւավորմանը, ապա քաղաքական քայլերը բավարար չեն, ես գիտեմ, որ կա ադրբեջանա-իսրայելական սերտ ռազմական համագործակցություն, բայց չունեմ տեղեկություն հայ-իրանական նման համագործակցության մասին: Վստահ եմ՝ Արեւմուտքի հնարավոր բացասական արձագանքը եւս ազդում է ռազմական համագործակցության խորացման վրա:

-Փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելով, մեղադրում է Հայաստանին, մինչդեռ իրականում ինքն է խախտում այն եւ հետո լայնածավալ ագրեսիա սանձազերծում: Նման պատկեր տեսնում ենք նաեւ ներկայում: Սա նոր լայնածավալ ռազմական ագրեսիայի նախերգա՞նք է:

-Հետեւելով տեղեկատվական դաշտին՝ իմ տպավորությամբ Ադրբեջանն ամեն ինչ անում է նոր ագրեսիայի գնալու համար: Սադրանքները Լաչինի միջանցքում «էկոլոգիական» պատրվակների ներքո, դրանից հետո ադրբեջանցի լրագրողների հայտնվելը միջանցքի տարածքում եւ փորձը մտնել վեճի մեջ խաղաղապահների հետ, դրան զուգահեռ ընթացող զորավարժությունները գալիս են փաստելու, որ Ադրբեջանն ունի մի քանի սցենարներ՝ «էկոլոգիականից» մինչեւ ռազմական: Բայց նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը եւ դրան զուգահեռ հասնել ՀՀ-ից նոր տարածքներ օկուպացնելուն:

Մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանը մեր դեմ պատրաստվում է պատերազմի, եւ մենք չունենք 30 տարի, ժամանակը արագացել է, Ադրբեջանը շտապում է, ուստի մենք ամեն օր պետք է աշխատենք այդ տրամաբանությամբ եւ դրան հակազդելու նպատակով: Այսօր կամ վաղը կամ մի քանի ամսից այսպես թե այնպես նրանք պատերազմի են պատրաստվում, լավ կլինի մենք էլ անհեթեթ օրակարգերով տարվելու փոխարեն մեր տնային աշխատանքն անենք ու պատրաստվենք կազմակերպված դիմադրության: Միայն դրա շնորհիվ կկարողանանք կանխել նոր ագրեսիան եւ տարածքային ու մարդկային կորուստները:

Վստահեցնում եմ, եթե Ադրբեջանը տեսնի, որ ՀՀ-ն պատրաստ է պատերազմի, երբեք չի գնա ռազմական ճանապարհով, կգերադասի բանակցել: Այսօրվա մեծագույն խնդիրը անհամաչափ ռազմական բալանսն է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որի հետեւանքով մենք շարունակ կանգնած ենք նոր ագրեսիայի վտանգի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter