
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակմանը
Ազգային ժողովում պատգամավոր Արման Եղոյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շրջափակումը, որն ադրբեջանցիներն իրականացրել էին «բնապահպանական» նպատակներով: Պատգամավորն այն սադրանք անվանեց, որով փաստացի շրջափակվել էր Արցախը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ այստեղ երկու մեկնաբանություն լինել չի կարող: Իրադարձությունները բավականին միանշանակ են և Լաչինի միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարության կոպտագույն խախտում կլիներ:
«Պետք է արձանագրեմ, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է: Եվ ընդհանրապես, կարծում եմ կողմերն իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ, պահանջներ կարող են ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված, ընդունված են բոլոր կողմերից և հանրահայտ են»,-ասում է Արարատ Միրզոյանը, հավելելով, որ նոր պահանջների դուրս բերումն ու ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը:
Պատգամավորը արտգործնախարարին հիշեցրեց ադրբեջանցի իր գործըկերոջ օրեր առաջ արված մեկնաբանությունները, որ նոյեմբերի 9-ի հայտարարություններն ամբողջությամբ չեն կատարվում: Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ մեղադրելով հայկական կողմին: Խոսել է Լաչինի միջանցքի «ոչ նպատակային» օգտագործման մասին և Ղարաբաղի տարածքում Հայաստանի զինված ուժերի առկայության մասին:
Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում չունի որևէ զինված կազմավորում և պաշտպանության բանակ ունի Արցախը:
«Անվանումը՝ «պաշտպանության» հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունը: Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է»,-հավելեց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ երբ վերանան Լեռնային Ղարաբաղի բնակչության գոյաբանական վտանգները, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը կարող է քննարկել այլ տարբերակներ:
Միրզոյանը հաստատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերում ամրագրված դրություները չեն պահպանվում՝ սկսած ռազմագերիների վերադարձից:
Մեկնաբանել