HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերաքննիչ դատարանը բեկանել և նոր քննության է ուղարկել «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացված վճիռը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի օգտին կայացված վճիռը՝ գործն ուղարկելով ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վերաքննիչ բողոքը ներկայացրել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որի դեմ օրաթերթը հայց էր բերել:

Հիշեցնենք, որ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջներով։

2022թ. հուլիսի 6-ին դատարանը՝ Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումը: Դատարանը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին պարտավորեցրել էր www.factcheck.ge կայքում հրապարակել զրպարտչական բնույթի հրապարակումները հերքող գրառում, ինչպես նաև՝ օրաթերթին վճարել 544 հազար դրամ՝ որպես վնասի հատուցում և նախապես վճարված պետական տուրքի գումար: «Հրապարակը» պահանջել էր 2 մլն դրամի փոխհատուցում, որը դատարանը մասնակի էր բավարարել:

2021թ. հուլիսի 19-ին «Հրապարակը» հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն www.factcheck.ge կայքէջում «Հրապարակ օրաթերթ» ընկերությանը վերաբերող նյութ է տեղադրել, որով արատավորվում է ընկերության անունն ու գործարար համբավը:

Մասնավորապես, օրաթերթը հայցադիմումում նշել էր, որ www.factcheck.ge կայքէջի «Վճիռներ» բաժնում կարելի է հանդիպել արտաքին տեսքից դատական վճիռների նման երկու հրապարակում, որոնցում անդրադարձ է կատարվում «Հրապարակ օրաթերթ»-ի կողմից նախկինում հրապարակված լրատվական նյութերին։ Ըստ «Հրապարակի»՝ անձնական և իրավական տրամաբանությանը հակասող վերլուծությունների արդյունքում նյութի հեղինակի կողմից թերթի լրատվական նյութերը որակվել են որպես «կեղծ լուր»:

Ըստ օրաթերթի՝ նշյալ կայքում է հայտնվել իրենց հեղինակած երկու լրատվական նյութ՝ 09.06.2021թ. հրապարակված «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ». Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին» և 18.06.2021թ. հրապարակված «Սուսաննա Աբրահամյանի հեղինակային հաղորդումը» վերնագրերով:

16.06.2021թ. www.factcheck.ge կայքում տեղադրվել է «Կեղծ լուր. Ալիևն ասում է, որ պատրաստ է երկու ոչխար հանձնել Փաշինյանի որդու փոխարեն» վերնագրով «վճիռը»՝ կեղծ լուր մակնշմամբ:

Օրաթերթի դիրքորոշումն այն է, որ www.factcheck.ge կայքում հրապարակված նյութում հեղինակը վերլուծել և իր անձնական դիրքորոշումն է հայտնել նյութի կեղծ լինելու վերաբերյալ՝ միաժամանակ փաստելով, որ լրատվամիջոցը հղում է կատարում մի շարք անանուն աղբյուրների և ՌԴ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին: 

20.06.2021թ. www.factcheck.ge կայքում հրապարակվել է «Դավադրության տեսություն. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը» վերնագրով «վճիռը»՝ կեղծ լուր մակնշմամբ:

Նշյալ նյութը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, վերաբերում է լրատվամիջոցի արած հարցազրույցի շրջանակներում հյուրի հայտնած դիրքորոշմանը և մտքերին, որոնք որևէ կերպ չեն կարող վերագրվել լրատվամիջոցին: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն  ժխտել էր, թե www.factcheck.ge կայքում իրենք որևէ հոդված կամ նյութ են հրապարակել: Նշել են, որ այդ կայքը չի պատկանում իրենց: «Փաստ-մետրը» (www.factcheck.ge) «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» նորարարական մեդիա նախագիծն է Վրաստանում, որը ստեղծվել է իր հանրաճանաչ և հաջողակ միջազգային համօրինակների (www.politifact.com, www.factcheck.org) համաձայն: Նախագծի նպատակը հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններում փաստացի ճշգրտություն հաստատելն է: Բացի այդ, փաստ-մետրի նպատակն է՝ ստուգել սոցիալական ցանցերում/տարբեր լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերն ու հանրությանը ճշգրիտ տեղեկություն տրամադրել: 

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանը ապացուցման բեռի բաշխման կապակցությամբ դատավարական իրավունքի նորմերի խախտում է թույլ տվել: Օրաթերթի ներկայացրած պահանջների և ՀԿ-ի առարկությունների հիման վրա պատշաճ կերպով չի որոշվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանը, կայացված արձանագրային որոշմամբ սահմանելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, արձանագրել է, որ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ խնդրո առարկա երկու հոդվածները հրապարակվել են նշված կայքում՝ նշված օրերին և հրապարակային են: Միաժամանակ, դատարանը որոշել է, որ ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝ 

ա) կայքում հրապարակումները կատարվել են Պատասխանողի կողմից, 

բ) հրապարակումներում տեղ գտած ձևակերպումները Հայցվորի համար զրպարտչական բնույթ են կրում, և 

գ) որո՞նք են այդ արտահայտությունները: 

Նշված բոլոր փաստերի ապացուցման բեռը դրվել է օրաթերթի վրա: Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելիս չի ներառվել օրաթերթի պահանջի նկատմամբ կիրառելի նյութաիրավական նորմերով սահմանված անհրաժեշտ բոլոր վավերապայմանների ապացուցման անհրաժեշտությունը: Բացի այդ, ապացուցման բեռը բաշխելու մասին որոշմամբ որևէ փաստի ապացուցման պարտականություն չի դրվել ՀԿ-ի վրա: Մինչդեռ մի շարք փաստական հանգամանքների՝ ապացուցված չլինելու բացասական բեռը դրվել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի վրա: Սա այն դեպքում, երբ փաստի չհաստատման բացասական հետևանքը կարող է կրել միայն այն կողմը, որը կրել է նշված փաստի ապացուցման պարտականությունը:

ՀԿ-ն (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան) առարկել էր հայցապահանջի դեմ և ի հավաստումն իր առարկությունների՝ դատարանին ներկայացրել է մի շարք ապացույցներ, մինչդեռ ընդհանուր իրավասության դատարանը չի ուսումնասիրել և չի գնահատել դրանք, ինչպես նաև՝ չի ներկայացրել նշված ապացույցները այս կամ այն պատճառով ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի կամ ոչ արժանահավատ լինելու մասին հիմնավորում:

Բացի այդ, ՀԿ-ն հայտնել էր, որ հրապարակումներն ինքը չի կատարել, կայքէջում հրապարակումների հնարավորություն չի ունեցել, և իրական հրապարակողը դատավարության մասնակից չի դարձել։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավարությանը մասնակցող անձանց կազմը պարզելու առնչությամբ գործողությունները նույնպես պատշաճ չեն իրականացվել: 

Այս հանգամանքները հիմք են՝ վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու: Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:

Նկարը՝ mdi.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter