ՏՏ ոլորտին տրամադրված 10 մլրդ դրամ աջակցության հետքերով
Տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտին Հայաստանի կառավարության տրամադրած 10 մլրդ դրամ աջակցության առնչությամբ օրեր առաջ «Հետքը» հրապարակեց «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի տեսակետը։ Այդ հրապարակումը լայնորեն քննարկվեց սոցիալական հարթակներում՝ ոչ միայն ՏՏ ոլորտում ներգրավված մարդկանց, այլեւ տնտեսության տարբեր դերակատարների շրջանում։ «Հետքը» նաեւ գրավոր արձագանքներ ստացավ։ Ստորեւ ներկայացնում ենք «Լեգես» փաստաբանական գրասենյակի ղեկավար, Իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Ֆարմանյանի իրավական վերլուծությունը թեմայի վերաբերյալ։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ N 399-Լ որոշմամբ սահմանվում է, որ պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակաերպություններին։
Որոշման ընդունման հիմնավորումների մեջ նշվում է, որ քննարկվող պետական աջակցությամբ պետությունը նպատակ ունի՝
- Մեղմացնել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերը,
- Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորություն պահպանել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող որոշմամբ գործ ունենք պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսման, ինչպես նաև՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների արտոնություն տալու հարցի հետ, կարծում ենք, որ այս ուղղությամբ պետք է իրականացվեն՝
- Հաշվեքննություն՝ պետական բյուջեի միջոցների արդյունավետությունը բացահայտելու տեսանկյունից։
- Ստուգումներ՝ պետական մարմինների կողմից հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի բացահայտման տեսանկյունից։
Հաշվեքննություն՝ պետական բյուջեի միջոցների արդյունավետությունը բացահայտելու տեսանկյունից
Վերոհիշյալ որոշմամբ նախատեսված պետական միջոցների օգտագործման արդյունավետության բացահայտման համար, կարծում ենք, պետք է ներկայացվեն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ուսումնասիրության հետևյալ հիմնավորումները․
- Որոշմամբ նախատեսված պետական աջակցությունը փաստացի ո՞ր ընկերություններն են ստանալու (քանի՞սն են, ի՞նչ վնասներ են կրել, հիմնադիրները ռեզիդե՞նտ են, թե ոչ ռեզիդենտ, երբվանից են գործունեություն ծավալում Հայաստանում և այլն)։ Օրինակ՝ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սրանով մեղմացվելու է ԱՄՆ դոլարի տատանման արդյունքում արտահանող ՏՏ կազմակերպությունների վնասը։ Սակայն, բացի ԱՄՆ դոլարով արտահանում իրականացնող ՏՏ կազմակերպություններից, ՏՏ ոլորտում գործունեություն են ծավալում նաև այլ արտարժույթներով գործունեություն ծավալող կազմակերպություններ, որոնք ևս փաստացի օգտվելու են քննարկվող աջակցության ծրագրից, նույն ծավալով։
Կամ հնարավոր է իրավիճակ, որ համապատասխան աջակցություն ստացող ՏՏ կազմակերպությունը ԱՄՆ դոլարով գործունեություն իրականացնող լինի, սակայն իր արտասահմանյան գործընկերների հետ ինդեքսացիա կամ այլ համանման գործիք կիրառելու միջոցով ԱՄՆ դոլարի տատանմամբ պայմանավորված վնաս կրած չլինի։
Ավելին՝ 2020թ․-ից սկսած ՏՏ ոլորտի որոշ կազմակերպություններ բավականին խնայողություններ են կատարել սկզբում COVID19-ով պայմանավորված (շատերը անցել էին հեռահար աշխատանքի՝ էականորեն նվազեցնելով գրասենյակային ծախսերը), իսկ այնուհետև նույն տրամաբանությամբ ԱՄՆ դոլարի արժևորմամբ պայմանավորված շուրջ երկու տարի ապահովել են նախատեսվածից շատ շահույթ․ արդյունքում հնարավոր է ստացվի, որ աջակցությունից օգտվող ՏՏ կազմակերպությունը 2020թ․-ից առ այսօր ԱՄՆ դոլարի տատանումից ոչ թե վնաս է կրել, ինչպես ներկայացվում է որոշման մեջ, այլ հակառակը՝ շահույթով է դուրս եկել։
- Ի՞նչ երաշխիքներ կան, որ պետական աջակցություն ստացած կազմակերպությունները նպաստելու են ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հայաստան են տեղափոխվել ռուսական և բելառուսական բազմաթիվ ՏՏ կազմակերպություններ։ Քննարկվող պետական աջակցությունից տեսականորեն կարող են օգտվել նաև վերջիններս, ովքեր կիրառված սանկցիաները վերացվելուց հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն Հայաստանից․ առնվազն որոշմամբ չկա որևէ պայման աջակցություն ստացողի համար որոշակի ժամանակ Հայաստանում գործելու վերաբերյալ․ արդյունքում կստացվի, որ պետական աջակցությունը չի ծառայի իր նպատակներին։
Մյուս կողմից՝ հասկանալի չէ՝ արդյոք կան ուսումնասիրություններ, թե որ տեսակի ՏՏ կազմակերպություններն են Հայաստանում զբաղվում արտահանմամբ՝ վերջնական արտադրանք արտահանողները, թե օտարերկրյա արտադրողների համար էժան աշխատուժ համարվող անձինք, ովքեր, չունենալով վերջնական արտադրանք, չտիրապետելով վերջնական արտադրանք ստեղծելու հնարավորություններին, չեն կարող հավակնել համաշխարհային շուկայում ունենալ իրենց դիրքը՝ նպաստելով ՀՀ-ում ՏՏ ոլորտի էական առաջընթացին, քանի որ նրանց հիմնական նպատակը իրենց աշխատաժամանակի վաճառքն է և ոչ թե ՏՏ ոլորտում ստեղծած արտադրանքի վաճառքը։
- Ի՞նչ առավելություն ունեն պետական աջակցությունից օգտվող ՏՏ կազմակերպությունները տնտեսության մյուս ճյուղերում գործունեություն ծավալող այլ արտահանող կազմակերպությունների նկատմամբ։
Պետական աջակցության նպատակը պետք է լինի որոշակի տնտեսվարողների ոչ իրենց մեղքով կրած վնասների փոխհատուցումը, պայմանով, որ այդպիսի փոխհատուցումն անուղղակիորեն դրական ազդեցություն ունենա նաև տնտեսության մյուս ճյուղերի վրա, ում վճարած հարկերի միջոցով էլ իրագործվում է պետական աջակցությունը։ Տվյալ պարագայում անհասկանալի է, օրինակ՝ ի՞նչ արդարացված շահով է պայմանավորված, որ ենթադրենք գյուղատնտեսական մթերքներ արտահանող կազմակերպությունները կամ պատերազմի և համավարակի հետևանքով դժվարությունները նոր-նոր հաղթահարող կազմակերպությունները պետք է կրեն ՏՏ ոլորտի վնասների ռիսկը, այն պարագայում, երբ օրինակ ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը եռակի, քառակի անգամ բարձր է այլ ոլորտների միջին աշխատավարձերից, ովքեր որևէ պետական աջակցության ծրագրերից ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանմամբ պայմանավորված չեն օգտվել։ Պետք է հասկանալ Որոշման ընդունման համար, բացի ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումից, որ ցուցանիշներն են հիմք ընդունվել ՏՏ ոլորտի վնասները այլ կազմակերպությունների հաշվին փակելու համար։
Ստուգումներ՝ պետական մարմինների կողմից հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի բացահայտման տեսանկյունից
Կարծում ենք, որ Կառավարության թիվ N 399-Լ որոշումը խնդրահարույց է նաև ճիշտ հակամրցակցային քաղաքականության տեսանկյունից։
Այսպես՝ օրինակ, հայաստանյան շուկայի համար գործող ՏՏ կազմակերպությունների և արտասահմանյան շուկա արտահանում իրականացնող կազմակերպությունների մասով ցուցաբերվում է տարբերակված մոտեցում։ ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ․ մայիսի 4-ի թիվ ՍԴՈ-881 որոշմամբ սահմանվել է, որ խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից: Տվյալ պարագայում առնվազն անհասկանալի է, թե օրինակ ինչ օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով է պայմանավորված ԱՄՆ դոլարի գնի նվազեցմամբ միայն արտահանող ՏՏ կազմակերպություններին պատճաված վնասի մեղմման պետության ցանկությունը, իսկ ԱՄՆ դոլարի գնի բարձրացմամբ պայմանավորված՝ տեղական շուկայի համար գործող ՏՏ կազմակերպությունների համար համանման մոտեցում չի եղել նախկինում, երբ ԱՄՆ դոլարի գինը բարձրացել է, օրինակ, 2021 թվականին, կամ անհասկանալի է ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները որ ժամանակահատվածի հետ են համեմատում և ինչ հիմնավորմամբ են համեմատելի ժամանակահատված ընտրել, եթե այդպիսին իրականում ընտրել են։
Կարծում ենք, որ նման տարբերակված մոտեցում ցուցաբերելը Կառավարության կողմից կարող է հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հակամրցակցային գործողություն, երբ պետական մարմինը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ խտրական պայմաններ է սահմանում և (կամ) կիրառում։
Ելնելով վերը նշված մտահոգություններից՝ կարծում ենք, որ Կառավարությունը դրանք փարատելու համար պետք է ներկայացնի վերևում նշված խնդիրները բացառող ուսումնասիրությունները։ Արդյո՞ք Որոշման հիմնավորման մեջ նշված երկրների փորձը՝ ՌԴ, Լեհաստան և այլ, համեմատական է Հայաստանի հետ, արդյո՞ք նշված երկրներում ՏՏ ոլորտի կազմակերպությունները նույն բիզնես կառուցակարգերով են գործում, ինչ Հայաստանում․ առնվազն այս մասով պետք է վերհանվեն հայաստանյան, ՌԴ և Լեհաստանի ՏՏ կազմակերպությունների բիզնես գործունեության կառուցակարգերը, կրած վնասների բնույթը և չափերը, փաստացի պետական աջակցության էֆեկտը զգացող կազմակերպությունների համեմատականները՝ ըստ երկրների։
Մեկնաբանել