HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զորամասի հրամանատարի պնդմամբ՝ իրեն հրամայել են ղեկավարել միայն 2 գումարտակ

Ջրականի ուղղությամբ թշնամին մոտ 60 տանկ է կորցրել։ Եթե չլինեին հարվածային ԱԹՍ-ները, խնդիրը կկատարվեր։ Այս մասին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հայտարարեց վկա, 44-օրյա պատերազմի սկզբում Ջրականի զորամասի առաջնագծի մասով հրամանատարի տեղակալ, այնուհետև զորամասի հրամանատար նշանակված Արթուր Քարամյանը։

2020թ.-ի հոկտեմբերի 9-ին Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։ Հակառակորդը հարձակման է անցել, գումարտակը ստիպված նահանջել է։ Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ է նահանջել և զոհվել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հարությունյանի հայրը՝ Հրանտ Հարությունյանը, հարցրեց վկա Արթուր Քարամյանին, թե երբ է վերջինս տեղեկացել, որ զինծառայողները շրջափակման մեջ են մնացել Վանք գյուղում։

Քարամյանը հայտնեց՝ 1 կամ 2 օր հետո, այնուհետև հենց նույն գիշեր զեկուցել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։

Հիշեցնենք, որ Կարեն Առստամյանը վկայություն տալիս նշել էր, որ ինքը զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու մասին իմացել է օրեր անց՝ հոկտեմբերի 16-ին կամ 17-ին։ Մինչ այդ իրեն ո՛չ զորամասի, ո՛չ էլ գումարտակի հրամանատարը չի զեկուցել։

Զորամասի հրամանատարը նաև տեղեկացրեց, որ փորձել է կապ հաստատել շրջափակման մեջ գտնվող զինծառայողների հետ և նույնիսկ կարողացել է խոսել նրանցից մեկի հետ։

-Ո՞ւմ հետ ես խոսել,- հարցրեց զոհված զինծառայողի հայրը։

-Եթե չեմ սխալվում, անունն Արթուր էր,- ասաց զորամասի հրամանատարը։

-Ինքը օգնություն խնդրե՞լ է ձեզնից։

-Մենք խոսել ենք, ասել եմ՝ եթե ռիսկ անեք, դուրս գաք, ես տեղը կասեմ՝ ոնց դուրս գաք։

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել զինծառայողներին հանելու համար,- հարցրեց Արթուրի հայրը։

-Հետագայում կապը կորցրել եմ, չեմ կարողացել կապ հաստատել։

-Բայց էդ էրեխեքը մինչև հոկտեմբերի 17-ը կապի մեջ են եղել։

-Մի օր են իմ հետ կապի եղել,- հայտնեց Քարամյանը։

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել զորքին օգնելու համար։

-Ես առաջնագծում եմ եղել, ես՝ ոչ մի,- ասաց զորամասի հրամանատարը։

Ուսումնական գումարտակը պատրաստ չէր կատարել մարտական առաջադրանքը

Դատախազ Գևորգ Ավետիսյանը վկային հարցրեց, թե Հադրութի դպրոցում ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում էր ուսումնական գումարտակը, պատրա՞ստ էր հետագա մարտական առաջադրանքը կատարելուն։

Զորամասի հրամանատարը նշեց՝ վատ բարոյահոգեբանական վիճակում էր և պատրաստ չէր այդ առաջադրանքին։ Ըստ վկայի՝ Խուռհատում մարտական առաջադրանք կատարելու հրաման է տվել դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։

Քարամյանը նաև նշեց, որ Իշխան Վահանյանը նշանակվել է գումարտակի հրամանատար դիվիզիայի հրամանատարի հրամանով, քանի որ միակ հրամանատարի տեղակալն էր։ Նրա խոսքով՝ Վահանյանն ունեցել է այն հատկանիշները, որոնցով կարող էր զորքին կառավարել։

«Դպրոցում զրուցել ենք, ասել ենք՝ մենակ դու ես մնացել, կարո՞ղ ես ղեկավարել, ասել է՝ այո՛»,- ասաց վկան։

Այդ ժամանակ զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Արթուր Քարամյանը նշեց, որ դիվիզիայի հրամանատարի հրամանով՝ ինքը պետք է ղեկավարեր առաջին և չորրորդ գումարտակի գործողությունները։

-Բա այդ դեպքում ո՞րն էր ուսումնական գումարտակի հետ կապ պահելու նպատակը,- հարցրեց դատախազը։

-Իրավիճակը ներկայացնելը։

-Այսինքն՝ եթե Ձեզ են զանգել, կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք պետք է ղեկավարեիք։

-Կարող ա,- պատասխանեց վկան։

Քարամյանը հայտնեց, որ Խուռհատ սարի վրա 5-րդ գումարտակի աջ կողմում գտնվում էր 3-րդ գումարտակը։

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք Քարամյանը չի փորձել զգուշացնել ուսումնական գումարտակին նահանջել դեպի 3-րդ գումարտակ, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ նման գործողություն չի կատարել։

Փաստաբանը հարցրեց՝ արդյոք 3-րդ գումարտակին էլ չի փորձել ասել, որ նրանք կապ հաստատեին 5-րդ գումարտակի հետ և օգնեին նրանց։ Զորամասի հրամանատարն ասաց, որ այդ ժամանակ կապի բացակայության պատճառով նման գործողություն չի արել։

Չնայած վկայության սկզբում Արթուր Քարամյանը հայտնել էր, որ դիվիզիայի հրամանատարի հրամանով է միացել առաջին և չորրորդ գումարտակներին, այդ իսկ պատճառով էլ չի տեղեկացել 5-րդ գումարտակից, վկայության ընթացքում ասաց, որ այդպիսի հրաման է ստացել բանակի հրամանատարից։

Ըստ հակառակորդի ուժերի կուտակման՝ Խուռհատը կարևոր ուղղություն էր

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ բացի կենդանի ուժից ի՞նչ է ունեցել գումարտակը թշնամուն դիմակայելու համար։

-Հրետանի,- պատասխանեց զորամասի հրամանատարը։

-Բավարա՞ր էր։

-Ցույց տվեց, որ ոչ։

Գնդի հրամանատարի խոսքով՝ ըստ հակառակորդի ուժերի կուտակման՝ Խուռհատը կարևոր ուղղություն էր։

Անդրադառնալով Իշխան Վահանյանին՝ զորամասի հրամանատարն ասաց՝ եթե հրամանատարը թողնում է զինվորին, դա դավաճանություն է։

-Իսկ զորամասի հրամանատարը, որը տեղեկանում է, որ իր զորամիավորումը մարտական դիրքում է, կապ չկա հետները, և թշնամու մեծաքանակ զորքերի կուտակումն էլ դիմացն է, և չի փորձում ոչ մի ձևով ոչ օգնության հասնել, ոչ կապի միջոց ստեղծել, այդպիսի զորամասի հրամանատարն ի՞նչ է,- հարցրեց փաստաբանը։

Քարամյանը չպատասխանեց։

-Դավաճան ա,- որոշակի դադարից հետո լսվեց զոհվածի մոր ձայնը։

-Ըստ ցուցմունքների՝ Ձեր ղեկավարած ուղղություն վրա անկազմակերպ վիճակ է եղել բոլոր հատվածներում, մեղավորն ո՞վ է եղել՝ բարձրագույն հրամանատարությունը, թե՞ մնացածը։ Դիվիզիայի հրամանատարն՝ այդ ուղղության պատասխանատուն, ասում է՝ Դուք իրեն չեք զեկուցել, Ձեր ստորադասներն ասում են՝ գնդի հրամանատարից հրաման չենք ստացել, որտե՞ղ է խնդիրը եղել,- վկային հարց ուղղեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

-Բոլորի, հրամանատարներինը՝ ամեն մեկինն իր մասով։

-Խուռհատի դեպքի հետ կախված ո՞վ է խնդիր ստեղծել, ո՞վ չի կատարել խնդիրը, ո՞վ է եղել թույլ օղակ,- կրկին հարցրեց դատավորը։

-Բոլորը,- պատասխանեց Քարամյանը։

Վկա Քարամյանը՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատավածի մասին

Արթուր Քարամյանի խոսքով՝ երբ պատերազմը սկսվել է, ինքն արձակուրդում է եղել։ Այնուհետև տեղեկանալով պատերազմի մասին՝ եկել է հրամանատարական կետ, որտեղ Արտյոմ Պողոսյանը (այդ ժամանակ Ջրականի զորամասի հրանանատարը) 2-րդ գումարտակի ուղղությամբ գնալու հրաման է տվել, քանի որ հակառակորդի գլխավոր հարվածն այդ ուղղությամբ էր։

Մինչև հոկտեմբերի 3-ը գտնվել են արդեն հետ քաշված բնագծում, պաշտպանություն իրականացրել։ Հոկտեմբերի 3-4-ը լուսաբացին հրաման են ստացել 2-րդ գումարտակի զորքերը դուրս բերել դեպի 41-րդ հրետանային գունդ։

«Զորքերը դուրս ենք բերել, ցուցում ենք ստացել գնալ հրամանատարական կետ, արդեն այն տեղափոխված էր «Դյուլդուլ» կոչվող հատված։ Հոկտեմբերի 4-5-ը գիշերը կանչել են դիվիզիայի հրամանատարական կետ Նորաշենում, Ջալալ Հարությունյանը կապով բանավոր հրաման է տվել, որ հոկտեմբերի 5-ին պաշտպանական շրջանի հրամանատարությունն ընդունեմ ես: Դրանից հետո ցուցում եմ ստացել քանի որ 1-ին և 4-րդ գումարտակները գտնվում էին առաջնագծում իրենց հետ լինել։ Հոկտեմբերի 9-ին կամ 10-ին դիվիզիայի հրամանատարը կապվում է և ասում՝ Խուռատ-Սարիշեն բնագծով դպրոցում եղած զորքերին տեղափոխել պաշտպանության։

Հոկտեմբերի 10 կամ 11-ին կամ հեռախոսով, կամ ռադիոկապով Իշխան Վահանյանը կապ տվեց, որ հարձակումը սկսվել ա։

Բոլոր տեղերից հակառակորդի ճեղքում ա, որոշ տեղերում փորձում են ներխուժել, զորքերն էլ որոշ տեղեր կանգնում, որոշ տեղեր հետ են քաշվում, քանի որ շատ է հակառակորդը։

«Իրավիճակը ներկայացրեց, ասեցի՝ եթե հետ եք քաշվում, մի տեղ հավաքվեք, որ հասկանաք՝ հետագայում ինչ ենք անելու»,- պատմեց Արթուր Քարամյանը՝ նշելով, որ դիվիզիայի հրամանատարին ներկայացրել է իրավիճակը։

Ըստ վկայի՝ մեկ-երկու անգամ կարողացել է կապ հաստատել Վահանյանի հետ, այնուհետև կապ չի եղել. հակառակորդը ճնշում էր ռադիոկապը:

«Հետո իմացա, որ Հադրութն ընկել էր»,- ասաց նա։

Տուժողի իրավահաջորդ Արսեն Ղուկասյանն էլ հարցրեց Արթուր Քարամյանին՝ պատերազմի սկզբին զեկուցել է արդյոք դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, որ նման ձևով պաշտպանություն չի կարելի իրականացնել, դա կբերի զորքի կործանման։

«Զեկուցել եմ, քննարկվել ա էդ հարցն իմ ու իր մեջ, ասել է՝ ունեցած անձնակազմը սա է, էս ձև ա հնարավոր»,- հայտնեց վկան։

Տուժողի իրավահաջորդը նաև հետաքրքրվեց՝ արդյոք միայն իրեն էին առաջարկել զորամասի հրամանատարի պաշտոնը, թե նաև այլ անձանց, և միայն ինքն է ընդունել։

«Ինձ ասեցին՝ քո կարծիքը հաշվի չենք առնում»,- ասաց վկան՝ նշելով, որ այլ անձանց այդ պաշտոնն առաջարկելու մասին չի իմացել։

Այնուհետև դատախազ Գևորգ Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց վկայի նախաքննական ցուցմունքի որոշ հատվածներ հրապարակելու համար։

Դատախազը նշեց՝ վկայի նախաքննական ցուցմունքում ասվում է, որ նա, իմանալով, որ արդեն Վահանյանը հասնում է Հադրութ, վերջինիս ասել է չգնալ այդ ուղղությամբ, քանի որ այնտեղ հակառակորդն է։

-Չեմ հիշում․․

-Չհիշելով եք ասել,- նշեց դատախազը։

-Ասել եմ Հադրութի վերևի գյուղերի մասին,- ասաց Քարամյանը։

Նիստի ավարտին դատարանը որոշեց բերման ենթարկել այն վկաներին, որոնք մինչ այս հրավիրվել, սակայն չեն ներկայացել դատարան։

Գլխավոր լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter