
Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը, որի առաջին խաղում Խորվաթիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթանակ տարավ առաջնության գլխավոր ֆավորիտներից համարվող Բրազիլիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։
Թեպետ հանդիպումից առաջ դիմակայության ֆավորիտը համարվում էր Բրազիլիան, սակայն խորվաթները կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին և ի վերջո հաղթել։ Չնայած որ թիմերից և ոչ մեկը տարածքային մեծ առավելություն չուներ, բայց բրազիլացիներն ավելի ակտիվ էին գրոհում և ավելի մոտ էին հաջողությանը։
Հանդիպման հիմնական ժամանակում, սակայն, Բրազիլիայի ընտրանին այդպես էլ չկարողացավ կոտրել խորվաթների պաշտպանական պատը, հատկապես դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին։
Լրացուցիչ առաջին կեսի ավարտին Նեյմարը խաղն իր վրա վերցրեց և երկու անգամ պատ խաղալով թիմակիցների հետ՝ դուրս եկավ հարվածային դիրք, շրջանցեց Խորվաթիայի դարպասապահին և գրավեց դատարկ դարպասը։ Ի դեպ, Նեյմարը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում խփեց իր 77-րդ գոլը և այդ ցուցանիշով հավասարվեց հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու լեգենդար Պելեին։ Բրազիլիայի գոլից հետո Խորվաթիան չհանձնվեց և 117-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը, աչքի ընկավ Բրունո Պետկովիչը։
Ի վերջո, դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց խորվաթներին։
Խորվաթիայի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Նիդերլանդներ-Արգենտինա զույգի հաղթողը։ Այդ խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Մեկնաբանել