
Կասեցվել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կայլիի լիազորությունները
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան որոշում է ընդունել կասեցնելու փոխնախագահ Էվա Կայլիի լիազորությունները։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով Եվրոպական խորհրդարանի նախագահին։
«Բելգիական իշխանությունների շարունակվող հետաքննության պատճառով՝ (Եվրոպական խորհրդարանի) նախագահ Մեթսոլան որոշում է ընդունել կասեցնելու Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ Էվա Կայլիի բոլոր լիազորություններն ու իրավասությունները, որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- գործակալությունը մեջբերում է Եվրոպական խորհրդարանի նախագահի խոսքերը։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Ավելի վաղ, Le soir թերթը հայտնել էր, որ Կայլին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։
Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Ընդ որում՝ հետաքննությունն ընթանում է 2022 թվականի հուլիսից։
Պարբերականի տվյալներով՝ կասկածյալները մեղադրվում են կատարական կողմից կաշառք ստանալու և Եվրոպական միության քաղաքականության վրա ազդեցության փորձերի մեջ, մասնավորապես, ազդելու Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորների դիրքորոշման վրա։ Ըստ Le Soir-ի՝ ձերբակալված անձինք Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորներին տվել են խոշոր չափերի գումար և թանկարժեք նվերներ։
Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։ Վերջինիս անունը չի նշվում։
Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ Էվա Կայլին հեռացվել է կուսակցության շարքերից։
Լուսանկարը՝ AP Photo/Petros Giannakouris
Մեկնաբանել