HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ու ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների իրագործման որոշ գործնական ասպեկտներ, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման պլանները»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Կրեմլը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել շփումների հետագա շարունակման շուրջ։

Վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նոյեմբերի 22-ին և 26-ին։ Այդ ժամանակ նրանք նաև քննարկել էին եռակողմ հայտարարությունների իրագործումը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնումը։ 

Նույն օրը Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: «Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»,- ասված էր հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը, սակայն, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման մասին ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում շուրջ 7 ժամ է փակել են ճանապարհը և վրաններ տեղադրել՝ պնդելով, որ գիշերը մնալու են այնտեղ։ 

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել։ 

Հրապարակված կադրերից երևում է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են Շուշիի հատվածում, իսկ նրանց շարքերում կան նաև ռազմաքաղաքական ակտիվիստներ, ինչպես, օրինակ, Թելման Ղասիմովը, որը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter